ԿարևորՏնտեսական

Մոտ ապագայում ԵԱՏՄ–ում միասնական արժույթ չի լինի․ հնարավորություններից բացի, կան ռիսկեր

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին հայտարարությունից հետո ակտիվացան քննարկումները ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու շուրջ։ Տնտեսագետները, սակայն, նկատում են՝ «միասնական արժույթի անցումը մոտ ապագայի հարց չէ»։ Պետք են մանրակրկիտ հաշվարկներ՝ ռիսկերից խուսափելու համար։

ԵԱՏՄ ինտեգրման վերջնական փուլը անցումն է միասնական արժույթի, այժմ ԵԱՏՄ երկրները դեռ երկրորդ՝  մաքսային ինտեգրման հարցերի փուլում են, ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։ Վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որշում կայացրեց մաքսային վճարումների դեպքում փուլային անցում կատարել  ազգային արժույթներով հաշվարկներին։

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին հայտարարությունից հետո քննարկվում են միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ու ռիսկերը։ Նշվում է, որ միասնական արժույթի անցնելու դեպքում կապահովվի կանխատեսելիություն, երրորդ երկրի արժույթի փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա       ՝ դոլարի տատանումներից  ռիսկերը կչեզոքացվեն։ Լիլյա Ամիրխանյան․

«Միասնական արժույթի ներդրումով կրճատվում են որոշակի գործառնական ծախսեր, ինչը տնտեսվարողների համար կարող է ավելի լայն հնարավորություններ ստեղծել եւ գործելու տեսանկյունից ավելի լայն հորիզոններ բացել։ Դրամավարկային քաղաքականության միասնականացում է ենթադրվում։ Եթե առանձին երկրների պարագայում ԿԲ-ն է որոշում դրամավարկային քաղաքականությունը եւ կրում դրա հնարավոր բոլոր ռիսկերը, միասնական արժույթի դեպքում գործում է միասնական համակարգ, եւ ռիսկի բաշխում երկրների միջեւ»։

Ռիսկեր ու մարտահրավերներ եւս կան․ փորձագետը, որպես օրինակ, բերում է ԵՄ-ի մոդելը։ Մանրակրկիտ  հաշվարկներ չանելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել Հունաստանի վիճակում։ Միասնական արժույթի անցնելու դեպքում պետք է հաշվի առնել երկրի տնտեսական զարգացվածության մակարդակը, հարաբերությունները երկրների միջև․   

«Հունաստանի ճգնաժամը ինչո՞վ էր պայմանավորված։ Հունաստանի ՀՆԱ–ն բավական տարբերվում էր ԵՄ-ի միջին ցուցանիշից, եւ Հունաստանում առաջացավ ճգնաժամային իրավիճակ։ Էս իմաստով Հայաստանը եւս ռիսկային է, քանի որ ԵԱՏՄ երկրների թվում Հայաստանը վերջինից երկրորդն է ՀՆԱ–ի ցուցանիշով։ Այսինքն, Հայաստանին զիջում է միայն Ղրղզստանը։ Էս իմաստով մեր տնտեսությունը կարող է խոցելի լինել»։

Փորձագետ Լիլյա Ամիրխանյանի գնահատմամբ՝ առանց հաշվարկների մեխանիզմի գործընթացի մեջ մտնելը արկածախնդրություն կլինի։ Նույն կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Ասում է՝ ամենեւին պարտադիր չէ, որ ԵԱՏՄ հինգ երկրներից որեւէ մեկի ազգային արժույթը  դառնա միասնական արժույթ։ Ժամանակին խոսվում էր միասնական արժույթը  «եվրազ» անվանելու մասին։  

«Բոլորովին պարտադիր չէ, որ լինի ռուբլին, եւ պետք էլ չէ որ լինի ռուբլին։ Եվրոպական եւ ոչ մի արժույթ 1979 թվականից հետո ԵՄ–ում գերակա չդարձավ, այլ ստեղծեցին եվրոն։ Ճիշտ այդպես լատինաամերիկյան երկրներն ու ՄՆ–ը փորձում են ամերոն ձեւավորել, աֆրիկյան երկրները՝ աֆրոն են ուզում ձեւավորել»։

Միասնական արժույթի անցնելու դեպքում երկրները իրենք կարող են որոշել, թե ինչ արժույթով առեւտուր անեն,- ասում է Թաթուլ Մանասերյանը։

Կարևոր է ռիսկերի մեղմումը, և միասնական արժույթի անցնելու հարցը պետք է դիտարկել ռիսկերը մեղմելու տեսանկյունից,-ասում է տնտեսագետը։ Նա, սակայն, չի բացառում սխալ հաշվարկների պարագայում լուրջ ռիսկերի բախվելու հավանականությունը։ Հիշեցնում է Գերմանիայի դժգոհությունը, երբ նրանց ամենակայուն արժույթը փոխարինվեց եվրոյով։ Գերմանական մարկը 1979 թվականին ավելի բարձր արժեք ուներ, քան իտալական լիրան, որն անընդհատ արժեզրկվում էր՝ առաջ բերելով գերմանացիների դժգոհությունը։  

Ճիշտ հաշվարկների դեպքում, մինչև տասը տարում, կարող ենք անցնել միասնական արժույթի՝ ասում է տնտեսագետը։

Back to top button