ԿարևորՔաղաքական

Մինչ ընդդիմությունը պնդում է, որ Արցախը հանձնելու գործընթաց է սկսվել, Փաշինյանը պնդում է հակառակը

Երկու օր է՝ Հայաստանի ԱԺ–ում թեժ քննարկում է, բայց առանց ընդդիմության մասնակցության։ Օրակարգը թելադրել է վարչապետը՝ իր հայտարարություններով։ Ընդդիմությունն արձագանքել է, բայց ոչ խորհրդարանից։ Արձագանքներ կան նաև միջազգային կառույցներից և Արցախից։ Խոսքը հենց Արցախի և խաղաղության ճակատագրի մասին է։

Վարչապետ Փաշինյանի վերջին ելույթը խորհրդարանում իշխանությունը գնահատում է որպես հանրության հետ ազնիվ խոսելու և ճշմարտությունը ներկայացնելու պետական-քաղաքական գործչի քայլ։ Մինչ Հայաստանի ներսում հասարակության մի հատված սուր է արձագանքում նախօրեին հնչած մտքերին և քննադատում, միջազգային հանրությունը գոհ է։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի վարչապետի` ԱԺ–ի ելույթը` այն որակելով «կարևոր և հեռատես»։ Twitter-յան իր միկրոբլոգում Կլաարը գրել է.

«Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվելը։ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին արդար խաղաղության որոնման գործում»։

Հայաստանի ներսից հնչող քննադատությունները և ճիշտ հասկացված լինելու ցանկությունը Փաշինյանին ստիպեցին նախորդ ելույթը մեկնաբանել հաջորդով։ Ասում է՝ գիտակցված արեց մի քայլ, որը լուրջ քննարկում բացեց հասարակության մեջ։ Համոզված է՝ ծանր քննարկումով քաղաքական–դիվանագիտական «տարածք» է բացում Հայաստանի ու Արցախի համար․

«1998–ից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել է տարածությունից։ Ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչու է եղել։ Մենք չենք որոշել՝ լինի՞ պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնին կանգնած ասում եմ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է «բան» որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք ախոռ չենք, մենք պետություն ենք, մենք քաղաքացի ենք՝ մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն։ Ի վերջո՝ մենք պետք է օրակարգ բերենք հարցեր, մենք պետք է լցնենք բովանդակությամբ տարածաշրջանային օրակարգը, դա էլ է պրոցեսի մաս։ Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն»։  

Մինչ Փաշինյանի ընդդիմախոսները պնդում են, որ Արցախը հանձնելու գործընթաց է սկսվել, ինքը՝ Փաշինյանը, պնդում է հակառակը․

«Այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, հարգելի գործընկերներ։ Ուշադիր եղեք, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր–կտոր։ Հերիք է խաբենք իրար։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»։  

Տասնամյակներ շարունակ բանակցություններում փուլային և փաթեթային ինչ տարբերակներ են քննարկվել, Շուշին եղե՞լ է, թե՞ չի եղել բանակցությունների սեղանին, և արդյո՞ք հենց Շուշին էր պատերազմի իրական պատճառը, ինչպես պնդում է Փաշինյանը․ հարցեր են, որ կրկին ստիպել են նախկին նախագահներից Սերժ Սարգսյանի գրասենյակին հրապարակել բանակցային գործընթացում շրջանառվող փաստաթղթերից հերթականը, որը մինչ այժմ չէր հրապարակվել։ Դա արվել է՝ հերքելու Փաշինյանին և հայտարարելու, որ պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու՝ ասում են գրասենյակից։

Իսկ բանակցությունների առնվազն տասնամյակի համար պատասխանատու քաղաքական ուժում՝ «Հանրապետական» կուսակցությունում, պնդում են՝ Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյատիվ են և ուղղված են ներքին լսարանին։ Եթե գործող իշխանությունը մեղադրում է նախկին իշխանություններին՝ իրավիճակը պատերազմի բերելու համար, ապա ՀՀԿ խորհրդի անդամ Նարինե Մեհրաբյանը ցանկանում է հանրային քննարկման թեմա դարձնել մեկ այլ հարց և գտնել դրանց պատասխանները․  

«Ինչո՞ւ բանակցային գործընթացը տեղի չի ունենում շատ հավասարակշռված, դանդաղ, ինչո՞ւ է այսչափ շտապողական։ Չէ՞ որ բանակցային գործընթացների հապաղելը, սառեցումը ևս ինքնին բանակցային տակտիկական քայլի իրականացում է, որը հնարավորություն է տալիս ժամանակին զուգընթաց որոշակի փոփոխությունների հասնել։ Ինչո՞ւ չենք կիրառում այդ դիվանագիտական հնարքը ևս՝ որոշակի ժամանակ շահել բանակցային գործընթացը ձգձգելով»։  

Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հայտարարում է՝ Փաշինյանի հետ ստանձնում է «խաղաղության դարաշրջան» բացելու ողջ պատասխանատվությունը՝ ամբիոնից հայտարարում է խմբակցության ղեկավարը։ Նույն խմբակցության այն պատգամավորները, որոնք այլ քաղաքական միավորների ղեկավարներ են և ԱԺ «հնաբնակներ», հիմնավորում են, թե ինչու են կայացրել Փաշինյանի հետ պատասխանատվություն կրելու իրենց որոշումը։

Հայաստանի տարբեր գումարման խորհրդարաններում Վիգեն Խաչատրյանը աշխատել է 10 տարի, Խաչատուր Սուքիասյանը՝ 11 տարի, Գուրգեն Արսենյանը՝ 13 տարի։

Վիգեն Խաչատրյան․ «Դեռևս առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա թերևս ճիշտ չի եղել իմ կարծիքով։ Մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի դեպքերի մեջ, հետո՝ Կիրովաբադի, հետո չվերլուծեցինք, թե ինչպես եղավ, երբ 24 գյուղեր հայաթափվեցին։ 88 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ 400 կամ 500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքն իրենց պատմական հայրենիքում։ Վերջապես բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ–ի մի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր այլևս չեն ապրում։ Որտե՞ղ մենք պետք է կանգ առնենք»։

Գուրգեն Արսենյան․ «Մենք պետք է առերեսվենք իրականության հետ։ Մենք պետք է հասարակությանը կարողանանք բացատրել, թե ինչ միջավայրում ենք մենք ապրել, ինչպիսի հասարակական գիտակցություն ենք ձևավորել։ Ցավով եմ նշում, սակայն, հասարակությանը մենք գցել ենք մոլորության մեջ մոտավորապես մի 25 տարի»։

Խաչատուր Սուքիասյան․ «Դուք ինքներդ լավ գիտեք 1997 թվականի ԱԱԽ նիստի արդյունքները, որից հետո ՀՀ–ն շեղվեց և գնաց այլ ճանապարհով»։

Հայաստանի ԱԺ–ում երկու օր տևող քննարկումները սուր են ընկալում նաև Արցախում։ ԱԺ–ի արտահերթ նիստի որոշում են կայացրել՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։ Բովանդակությունը թերևս կարելի է  կանխատեսել՝ Արցախի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը։

Back to top button