ԿարևորՀասարակություն

Ճշգրիտ չափել հողի ծարավն ու ոռոգել ըստ անհրաժեշտության․ հայկական նոր սարքերը շուտով շուկա կմտնեն

Հաջորդ ամիս շուկայում իր տեսակի մեջ եզակի ու հայկական արտադրության խոնավաչափեր կլինեն։ Սարքերը կօգնեն ոչ միայն խնայել ջուրը, կստուգեն հողի խոնավությունը, այլև գուցե ոռոգման համակարգում կառավարման որակի փոփոխություն մտցնեն։ Հայ երիտասարդները մոտ մեկ տարի է՝  խոնավաչափ ստեղծելու գործով են զբաղված։ Եվ ահա, արտադրությունից մինչև ծրագրային լուծում ու ապահովում,հայկական է։ Սարքի արդյունավետությունը ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարաման ամբիոնի գիտական կենտրոնում են փորձարկում։

Միտքը ծագեց, երբ հաճախորդը դիմեց այգու ավտոմատ կառավարման համակարգ ձեռք բերելու համար, բայց իրենք չունեին այդպիսին։ 8 ամիս տեւեց, մինչեւ գաղափարը շոշափելի դարձավ։ Հայ երիտասարդների բացառիկ առաջարկն առաջիկայում արդեն շուկայում կլինի։ Հասկանալ հողի խոնավությունը, ոռոգել հողը, իսկ երբ հողն էլ ջրի կարիք չունի՝ ավտոմատ անջատվել՝ բջջային հավելվածն այսպես է գործում։ Հարություն Բոյաջյանը գաղափարի հեղինակներից է՝ «Տանիք Վայք» ընկերության ջրամատակարարման մոնտաժային աշխատանքների ղեկավարը․  

«Մեզ մոտ ութ ամիս առաջ  եկել էր հաճախորդ, որն այգու ոռոգման համար ավտոմատ կառավարման համակարգ էր ուզում։ Մենք դա չունեինք, բայց ես այդ պահին մտածեցի, որ պետք է այնպես անենք, որ հաճախորդը գոհ մնա»։

Եվ ահա փնտրեցին ու  պարզեցին, որ չինական  արտադրության որոշ նման սարքեր կան, բայց դրանք ավտոմատ կառավարմամբ չեն, այլ՝ ժամանակային սխեմայով․ ըստ անհրաժեշտության դրվում էր ժամանակը՝ օրինակ վեց ժամ, ու  սարքն աշխատում էր հենց վեց ժամ։

«Հայաստանում նման սարք կա, սակայն այն օնլայն չի աշխատում։ Աշխատում է զուտ ժամանակային գրաֆիկով։ Հրաման են տալիս, որ բույսը պետք է ջրվի վեցից մինչև տասը, ինքն այդքան ժամանակում ջրում է բույսը»։

Նոր գաղափարի հիմքով ատադրվող խոնավաչափի  հնարավորություններն այլ են՝ ծրագրային լուծումներով ու ապահովմամբ, բջջային հավելվածով հետևելու հնարավորությամբ։ Սարքերը հնարավոր է տեղադրել բոլոր այգիներում, ջերմոցներում ու ոչ միայն․

«Խոնավաչափը տեղադրվում է արմատի մոտ։ Հավաքվում է  կաթիլային ոռոգման  համակարգի վրա։ Մնացած սարքերը տեղադրվում են գլխավոր հատվածում, որպեսզի ջուրն ավտոմատ  միացվի ու անջատվի։ Մնացած սարքերը կարելի է ցանկացած վայրում ՝ 10 կմ ՝ ուղիղ գծով։  Եթե բույսն ունի մեկ ժամում 80 լիտր ջրի անհրաժեշտություն, խոնավաչափը ջրելուց հետո ստուգում է՝ արդյո՞ք խոնավությունը բավարար է, որից հետո արդեն բույսն ավելի ճիշտ է մշակվում։ Եթե  հասկանում է, որ ավել քանակի ջուր է գնացել, ավտոմատ անջատվում է այն քան ժամանակ , մինչև անհրաժեշտ քանակը չստացվի»։

Հայկական արտադրության ու  տեսակով եզակի խոնավաչափերն առաջիկա 1-2 ամսում կհայտնվեն շուկայում։ Երիտասարդներն այս պահին դեռ շատ փակագծեր չեն բացում, բայց ասում են՝ երկար են աշխատել։  Սարքի աշխատանքի տրամաբանությունն էր դժվար՝ ասում է Հարությունը։ Ծրագրային ապահովմամբ Երևանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Սուրեն Պողոսյանն է զբաղվում․

«Մոտավորապես ութ ամսում եմ ստեղծել, լիքը խնդիրներ են եղել, բայց հաղթահարել ենք։ Ամբողջությամբ ես եմ ստեղծել, բայց սարքի վրա բոլորս ենք աշխատել։ Կան ծրագրային հատվածներ, որոնք բարդ էին, քիչ տարածված էին, դրանք պետք է լավ ուսումնասիրել, որ հասկանաս՝ ինչպես են աշխատում։ Դրա վրա է երկար ժամանակ գնում»։

Ջրի օպտիմալ հոսքը չափող ու հողի անհրաժեշտ խոնավությունն արձանագրող սարքերի տեղադրումը 1 հա-ի համար մոտ 500 հազար դրամ կարժենա։ Մեկ տարի ծրագրային ապահովումն անվճար կլինի։ Ընկերությունը սահմանամերձ համայնքների համար գնային այլ առաջարկներ ունի։ Մեկ սարքն արտադրելու համար 4–5 օր կպահանջվի։ Սարքի արդյունավետությունն ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի գիտական կենտրոնում են փորձարկում։ Ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյան․   

«Այս սարքն ամբողջությամբ հայկական արտադրության է, հեղինակները շատ հետաքրքիր երիտասարդներ են։ Համադրելով միջազգային այլ չափիչ ստանդարտ սարքերի հետ՝ մենք կուսումնասիրենք, թե այս սարքերն որքանով ճշգրիտ են չափում հողի խոնավությունը ։ Նման գործիքները դրսում շատ թանկ են, սակայն եթե կարողանանք դրանք տեղում արտադրել, նախ ավելի ցածր գին կունենան, հետո նաև ոռոգման ջրի մենեջմենթի խնդիրը կլուծենք»։

Գյուղսեզոնին ընդառաջ՝ կառավարությունը որպես ոռոգան խնդիրների փրկօղակ ոռոգման կաթիլային համակարգի ներդրումն է դիտարկում։ Այս ուղղության արդյունավետության գնահատման գիտական հետազոտությունները նոր են սկսվել, բայց խրախուսման նպատակով պետական տարբեր ծրագրեր են իրականացվում ՝մատչելի տոկոսադրույքից մինչև զրո տոկոսով ու արտոնյալ ժամկետով վարկեր։ Առաջիկայում գուցե ոռոգման արդյունավետ կառավարմամբ հնարավոր լինի առանց այն էլ նվազ ջրային ռեսուրսները փրկել։ Խոնավաչափի արտադրությունն էլ որպես նոր լուծում կարող է օգտակար լինել հող մշակողի համար․երբ գրագետ հաշվարկ կա, թե հողին որքան ջուր է պետք ու որքան է հասնում, ոռոգման ջրի համար ավել չես վճարում, իսկ բերքը ստացվում է առավելագույն օպտիմալ չափով։

Back to top button