ԿարևորՏնտեսական

Հայաստանը՝ օղակ արևմտյան և ռուսական ընկերությունների միջև 

Հայաստանն ու Ռուսաստանը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել են ստեղծում։ Երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են անհրաժեշտ գործիքակազմը։ Նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ արդյունաբերության, առևտրի և ներդրումների ոլորտում։

Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ՏՏ ոլորտում,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի` Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022-ի հունվարին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

Փորձագետները սա բավականին բարձր ցուցանիշ են համարում։ Նշում են, որ  համագործակցության այս տեմպերի պահպանման համար պետք է շուկաները դիվերսիֆիկացնել` համատեղ նոր նախագծեր փնտրելու և ներդրումային ներուժը զարգացնելու ճանապարհով։

«Ռադիոլուր»-ի զրուցակից, տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է՝  Հայաստանը կարող է կապող օղակ լինել արևմտյան այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանում և Ռուսաստանի հետ։

«Քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ արևմտյան ընկերությունները լքում են Ռուսաստանը, բայց գիտակցում են, որ ռուսական շուկայի կորուստը նշանակում է բաց թողնված օգուտ։ Այդ տեղը շատ արագ կարող են լրացնել ասիական ընկերությունները, հետևաբար, պաշտոնապես դուրս գալով կամ դռնից դուրս գալով` նրանք կփորձեն  պատուհանով ներս մտնել։ Որպես պատուհան՝ դիտարկվում է Հայաստանը, որտեղ գրանցելով ընկերությունը՝  գործունեություն կարող են ծավալել Ռուսաստանում։ Ֆորմալ  Ռուսաստանում գրանցված չլինելը ընկերությանը հնարավորություն է տալիս շրջանցել պատժամիջոցները։ Սա կարող է կարեւոր լինել այն ռուսական ընկերությունների համար, որոնք փորձում են դուրս գալ արևմուտք, ինչպես  անում են հազարավոր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ»։  

Տնտեսագետը նշում է, որ ռուս-հայկական պայմանավորվածությունների նպատակն է հասկանալ ներդրումային հոսքերը և հնարավորությունները։  Ճիշտ գործիքակազմ կիրառելով` կողմերն առաջարկում են խնդիրների  լուծման ուղիները  դնել պաշտոնական, ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

Ռուսական կողմը շեշտում է, որ չեն ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և փնտրում են համատեղ նոր նախագծեր։  

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության ՀՆԱ դիվերսիֆիկացման վերաբերյալ գործնական քայլեր ձեռնարկել՝ փաստի առաջ չկանգնելու համար։ Ասում է․

«Պատերազմները ոչ թե պետք է բացառել, այլ պատրաստ լինել դրանց։ Կարծում եմ, որ փորձագիտական հանրության ձայնը նախ պետք է լսի և կիրառի կառավարությունը՝ տարբեր սցենարներ մշակելու  ուղղությամբ։ Պետք է քննարկել` նույն հայ-թուրքական հարաբերությունների հաջողության  կամ ձախողման դեպքում ի՞նչ կարող է լինել Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ հակամարտությունը ի՞նչ սցենար կարող է դնել Հայաստանի գործարարների կամ տնտեսության սեղանին»։ 

Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարևորում է գործողությունների ծրագրի հստակեցումը։  

«Հայաստանում ռուսական կապիտալը բավականին ակտիվ ներկայացված է, և միայն Թեղուտի օրինակով համոզվեցինք, որ ռուսական  բանկի պատժամիջոցի տակ գտնվելը կոնկրետ մեր արտադրական լուրջ դերակատարում ունեցող ակտիվի գործունեության ժամանակավոր դադարեցման համար հիմք է հանդիսացել։ Չի բացառվում, որ ապագայում որոշ կազմակերպություններ կանգնեն նմանօրինակ խնդիրների առջև։ Հաշվի առնելով ռուսական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում՝ անհրաժեշտություն կա հստակեցնելու, թե ո՞ր դեպքում ինչ կարող ենք ակնկալել, ռուսական կազմակերպությունները ինչպես են պատրաստվում դիմակայել, ինչպես են պատկերացնում որոշ տեխնիկական խնդիրների լուծումը»։

Փորձագետի կարծիքով՝ երկկողմ քայլեր են պետք։ Հայաստանի համար արտահանման գլխավոր շուկան Ռուսաստանն է։ Անցած տարվա կտրվածքով միջինում 20 տոկոսից ավելի  աճ ենք ունեցել։ Որոշ ապրանքատեսակների համար ռուսական շուկան գլխավորն է, և պատժամիջոցներով պայմանավորված՝ որոշ ոլորտներում կարող են վերադասավորումներ, կառուցվածքային փոփոխություններ լինել։ Պետությունը, գուցե, առանձին ոլորտների աջակցության խնդիր ունի, և մենք շահագրգռված ենք, որ աջակցություն ստանան նաև այն ոլորտները, որոնց հետ մեր ընկերությունները ակտիվ առևտրային հարաբերություններ ունեն։  Արմեն Քթոյան․

«Այսօր Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր երկաթյա վարագույրի մասին է խոսվում։ Երբ Ռուսաստան-Արևմուտք կապերը ավելի ակտիվ էին, քան Խորհրդային Միության ժամանակ էր, այդ  վարագույրի վրա որոշ պատուհանների կամ դրանք շրջանցելու անհրաժեշտություն կար։ Հայաստանը տվյալ դեպքում կարող է որպես պատուհան դիտարկվել Ռուսաստան-Արևմուտք կապի համար, ընդ որում՝ երկուստեք։ Խնդիրն այն է, որ Հայաստանը միակ պատուհանը չէ,  միակը չէ, որ հավակնում է այդ դերակատարմանը։ Կան նաեւ Վրաստանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ միայն Ռուսաստանը չէ, որ պատժամիջոցների հետևանքով կարող է տուժել, և միայն Հայաստանը չէ, որ կարող է միջնորդված ազդեցություն կրել։ Մանասերյանը հիշեցնում է` ռուսական ընկերությունների գործունեությունը բացառելով՝ հենց պատժամիջոցներ կիրառող երկրներն արդեն բախվել են բազմաթիվ բացասական հետևանքների` գործազրկություն, գնաճ, ենթակառուցվածքների անբավարար մակարդակ․  

«Չմոռանանք, որ Ռուսաստանը համարվում է ամենաշահութաբեր շուկաներից մեկ` Չինաստանից հետո։ Ռուսական շուկայում ներդրումներ կամ բիզնես ծավալելու մասին երազում է ցանկացած գործարար աշխարհի որևէ ծայրում։ Այնպես որ, հեշտ չէ մտնել ռուսական շուկա, իսկ ռուսական շուկայից դուրս գալը տնտեսական ինքնասպանություն է։ Ռուսաստանն արդեն ձեռնարկել է քայլեր՝ ազգայնացնելու որոշ ընկերությունների շարժական և անշարժ գույքը»։

Տնտեսագետների կարծիքով՝ 21-րդ դարում պատժամիջոցների միակողմանի ազդեցության մասին խոսելը միամտություն է։ Ամեն ինչ կապակցված է, և դինամիկ աշխարհում չկա մի երկիր, որը կկարողանա միայնակ զարգանալ։ Անդրադառնալով Հայաստանում տնտեսական աճի նվազման մասին   կանխատեսումներին՝ Արմեն Քթոյանն ասում է․  

«Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման` 2022 թվականի համար ՀՆԱ աճը 1.6 տոկոս է, կառավարության ծրագրում ամրագրված է ուղենշային 7 տոկոս։ Սա հնարավորություն կտա փոքր ինչ մեղմել անկումը՝ 7-ից 1.6 տոկոս»։     

Թաթուլ Մանասերյանն էլ փորձում է կանխատեսումներ անել՝ հաշվի առնելով միջազգային փորձագետների գնահատականները ռուսական շուկայի վերաբերյալ։ Այդ գնահատականները հակասական են. 

«Ռուսական տնտեսության անկումը հնարավոր է մինչև 10 տոկոսի շուրջ, եթե մոբիլիզիցավեն ռեսուրսները, և թույլ չտրվի հավելյալ վնասներ։ Դրանք նման իրավիճակներում գրեթե անխուսափելի են։ Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանի գործարարները ուղիներ են որոնում, հայաստանյան տնտեսության մասշտաբներով արդեն նկատելի է  ռուսական տասնյակ ընկերությունների ներկայությունը ՀՀ-ում։ Կանխատեսելն այս պահին փոքր-ինչ դժվար է, ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքից։ Եթե առաջիկա մեկ-երկու շաբաթում պատերազմն ավարտվի, հնարավոր կլինի միանիշ թվով անկումը կանխել։ Հետագայում Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա շտկել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ գազային դիվանագիտության արդյունքում ռուբլով վճարման առաջարկը կյանքի է կոչվում, ռուբլին կայունանում է»։

Նման իրավիճակներում, ըստ տնտեսագետների, կարևոր է, թե ինչ առաջարկներով են կողմերը ներկայանում։ Ասում են՝ դրա համար պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործվեն ռեսուրսները, որոնց տիրապետում են։

Back to top button