ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են հայկական ՏՏ ընկերությունները գրանցվում արտերկրում

Ինչո՞ւ են հայկական ՏՏ ընկերությունները նախընտրում գրանցվել արտերկրում։ Պատճառը Հայաստանում ընկերություն գրանցելու բարդ գործընթա՞ցն է, թե՞ առավել նպաստավոր պայմանները, որոնք ընկերությունը կարող է ունենալ, եթե հանդես գա, օրինակ, որպես ամերիկյան ընկերություն։ Ի՞նչ խոչընդոտներ կան Հայաստանի օրենսդրական դաշտում, որոնք խանգարում են օտարեկրյա խոշոր ընկերություններին՝ այստեղ մասնաճյուղեր բացելու ընթացքում։

Ժամանակակից աշխարհում ՏՏ ոլորտի ընկերությունները մոբայլ են․ այսինքն՝ կարող են արագ տեղափոխվել՝ առանց ծառայությունների վայրը փոխելու և հաճախորդ կորցնելու։ Այս պարագայում պետությունները մրցակցում են մեծ հարկատուներին ներգրավվելու համար։ Ի՞նչ  քայլեր է նախաձեռնել կառավարությունը՝ արտերկրի գերհսկաներին Հայաստան բերելու ուղղությամբ։

Էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է գործարարների աջակցության տրամադրմամբ։ Փետրվարի 23-ից մինչ այժմ անվճար, առաջնային խորհրդատվություն են տրամադրել 5000-ից ավելի գործարարների, որոնք Հայաստան են եկել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլ երկրներից։ ՆՁԱԿ-ի փոխտնօրեն Համլետ Մկրտչյան․

«Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ հնարավոր է ընկերություն կամ կազմակերպություն  բացել ընդամենը 20 րոպեում, և դա շատ է հեշտացնում ամբողջ գործընթացը։ Իհարկե, խնդիրներ նույնպես կան՝ կապված օնլայն էլեկտրոնային ստորագրություններով ընկերություն բացելու հետ, թարգմանությունների և այլնի հետ ։ Սակայն մենք՝ ոչ միայն ՆՁԱԿ-ը, այլև կառավարությունը, շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատում ենք։ Մենք թողարկում ենք եռալեզու բուկլետներ, որոնց միջոցով տարբեր ոլորտներում խոչընդոտները հաղթահարելու վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն ենք տրամադում»։ 

20 րոպեում բացել ընկերություն՝ առայժմ հնարավոր է միայն օֆլայն տարբերակով։  Մկրտչյանի խոսքով՝ կառավարության 2021-26թթ թվայնացման քաղաքականությունը միտված է նաև այս խնդրի լուծմանը։ Իսկ խոչընդոտների մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսել է ACX Solutions International ընկերության գործադիր տնօրեն Թոմս Փաուդերսը։ Ասում է՝ մեկուկես տարի առաջ բիզնեսի հեռանկարների համար սկսեցին տարբեր շուկաներ ուսումնասիրել։ Որոշեցին իրենց գլխավոր գրասենյակը հիմնել Հայաստանում։ Սակայն ընկերությունը գրանցելու գործընթացում մի շարք դժվարությունների հանդիպեցին։ Լսենք Թոմս Փաուդերսին․

«Բացասականն այն էր, որ ընկերությունը գրանցելու համար սարսափելի գործընթացի միջով պետք է անցնեինք։ Դա անձնապես ինձ համար դժվար էր, որովհետև օտաերկրացի եմ։  Ընկերության գրանցումն այստեղ ավելի դժվար է, քան եվրոպական որոշ երկրներում։ Շատ բաներ օնլայն հնարավոր չէր անել։ Օրինակ՝ անհրաժեշտ էր սոցիալական քարտ ստանալու համար գնալ Ոստիկանություն, ու մեկը պետք է ուղեկցեր ինձ, քանի որ հայերեն չեմ խոսում»։

Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով՝ վերջին շրջանում օտարերկրացիների հոսքը մեր երկիր մեծացել է, բայց գրանցման գործընթացի վերաբերյալ բողոքներ չենք ստացել՝ ասում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։ Եթե առևտրային  իրավաբանական անձի հիմնադիր մասնակիցները միայն ֆիզիկական անձինք են, և քաղաքացին ինքն է ներկայացնում փաստաթղթերը, ապա գրանցումը տևում է մեկ օր։ ՍՊԸ հիմնադրելու դեպքում հիմնադիրներն իրենց անձնագրերը, եթե օտարեկրացի են՝ վավերացված թարգմանությունները, ներկայացնում են ռեգիստրի գործակալություն, տեղում կազմվում են բոլոր փաստաթղթերը, և գրանցումը տևում է 20-30 րոպե։  Տաթև Մկրտչյան․

«Եթե օտարերկրյա քաղաքացին պնդի, որ ինքն, այնուամենայնիվ, ուզում է օնլայն գրանցվել, այդ խնդրին բախվելու է, որովհետև օտարերկրյա քաղաքացին ID քարտ և դրան կցված էլեկտրոնային ստորագրություն չունի։ Բայց մնացած դեպքերում խնդիրներ չեն եղել։ Նույնականացման համակարգերն այս պահին հնարավորինս պարզեցվում են և ընդլայնվում են՝ ներառելով ինչպես  ID քարտ ունեցող անձանց , այնպես էլ ID քարտ չունեցող անձանց։ Օտարեկրացիների մասով մեր համակարգում չկա առանձին կտոր, որը նախատեսում է օտարերկրյա ֆիզիկական անձանց նույնականացման հնարավորությունը»։

Իսկ ինչպիսի՞ն է միջազգային փորձը։ Միացյալ նահանգների Դելիվեր նահանգում ընկերություն գրանցելու կարգավորումները պարզ են։ Ընդամենը 48 ժամում, օնլայն տարբերակով հնարավոր է այնտեղ ընկերություն գրանցել։ Nooor ընկերության հիմնադիր Վիգեն Առուշանյանի խոսքով՝ սա ցուցանիշ է, թե ինչպես կարելի է կարգավորել դաշտը, որ աշխարհի բոլոր կետերից ստարտափները նախընտրեն այնտեղ գրանցվել.

«Խոսքը ԱՄՆ-ի Դելիվեր նահանգի մասին է։ Ստարտափներից շատերը գրանցվում են այնտեղ, որովհետև և՛ ստարտափների, և՛ ներդրողների համար հասկանալի, մշակված օրենսդրություն կա։ Եթե դու փնտրում ես ներդրողներ, խոսում ես վենչուրային կապիտալի ֆոնդերի հետ, ապա շատ հաճախ հենց իրենց պահանջն է, որ այնտեղ գրանցված լինես , որովհետև դա այն է, ինչ իրենք գիտեն, հազար անգամ կարդացել են փաստաթղթերը, գիտեն՝ ռիսկերը որքան մինիմալ են, հնարավորությունները որքան են։  Դա ավելի հեշտ է, քան, եթե ասեն՝ բե՛ր ուսումնասիրենք Ձեր երկրի օրենսդրությունում ինչպես է դա կարգավորվում»։

Ըստ որոշ դիտարկումների՝ ընկերությունները հաճախ նախընտրում են արտերկրում գրանցվել հարկերից խուսափելու համար։ Մինչդեռ Առուշանյանի խոսքով՝ հարկերից խուսափելու առումով արտերկրում գրանցվելը խելքին մոտ չէ, քանի որ այնտեղ վճարվող հարկերն ավելի բարձր են։ Այդ դեպքում, ինչո՞ւ գրանցվել արտերկրում։ Արդյո՞ք դա միջազգային սպառողների աչքում բարձրացնում է ընկերության վարկանիշը։ Վիգեն Առուշանյան․

«Մեծ մասի համար, իրականում, տարբերություն չկա, ներդրողների համար դա մեծ արժեք չէ։ Ինչո՞ւ, պարզ պատճառով, որ ընկերությունների մեծ մասը ցանկության դեպքում  կարող է այստեղից  համացանցով գրանցվել Դելիվերում։ Դուք կարող եք այսօր սկսել այդ գործընթացը, և 48 ժամ հետո այնտեղ ընկերություն ունենալ, և  դա ներդրողները գիտեն։ Մյուս կողմից՝ բոլոր հայկական ընկերությունները, որոնք գրանցված են այնտեղ, մեծ մասը փոխկապակցված, գրանցված ընկերություններ ունեն Հայաստանում։ Իրենք աշխատում են պայմանագրային հիմունքներով, հիմնականում աշխատողները այստեղ են։ Հայաստանում են հարկեր վճարում, իսկ այնտեղի ընկերությունը վաճառքներն է իրականացնում, և ներդրումներ ստանում»։  

Հայաստանում գրանցվելուց և ռեզիդենտի կարգավիճակ ստանալուց հետո պետական աջակցությունից օգտվելու համար արտերկրի ընկերությունը պետք է հայտ ներկայացնի ԲՏԱ նախարարություն՝ հավաստագիր ձեռք բերելու համար։ ԲՏԱ նախարարության  Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Մամյան․

«Առաջին հեթին, ըստ մեր օրենդրության, պետք է գրանցվի  որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերություն։ Ըստ 62, 63 դասակարգիչների, որոնք կարգավորվում են էկոնոմիկայի նախարարի 2013թ-ի սեպտեմբերի 19-ի 874 N որոշմամբ։ Դրանք 62 և 63 խմբերում ներառված գործունեության տեսակներն են, որպես ՏՏ ոլորտի ընկերություն։ Ընկերությունը գրանցելուց հետո, սահմանված կարգի հիման վրա, կարող է դիմում-հայտ ներկայացնել ԲՏԱ նախարարություն, ըստ այդ հայտի՝ հայցել հավաստագիր, որը ենթադրում է հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն»։

Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր՝ հայտարարություն ընկերության գործունեության տեսակի, իրավաբանական անձի իրավական  կարգավիճակի վերաբերյալ, տեղեկանքներ աշխատողների թվի և    կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ և այլն։ 2015-2020թթ․ մինչև օրս այս պետական աջակցությունից օգտվել է 1170 ընկերություն։

Back to top button