ԿարևորՀասարակություն

Երևանում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ

Երևանում գործող քրեակատարողական հիմնարկները կփակվեն։ Կկառուցվի նորը, որը կսպասարկի թե՛ մայրաքաղաքի քննչական մարմինների, թե՛ դատապարտյալների պահման վայրերին։ Քրեակատարողական նոր հիմնարկ կառուցելու հարցում մեզ կօգնեն միջազգային գործընկերները։ «Այս հարցում արդեն կա առաջընթաց»,-ասել է Արդարադատության փոխնախարարը․ տարածքը կա, մակետները գրեթե պատրաստ են։ Քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքը քննարկվել է Արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կազմակերպած համաժողովում, որտեղ ներկայացվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության միջոցառումների կատարողականը։  

«Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-կենտրոն» քրեկատարողական հիմնարկ․ սրանք փակման ենթակա կառույցներ են։ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի փակման հարց կա նաև  կառավարության ծրագրում։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանն ասում է՝ քրեակատարողական հիմնարկի կառուցումը երկար ժամանակ է պահանջում․  

«Հիմա խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք պետք է սպասենք, որ նոր քրեակատարողական հիմնարկը կառուցվի, ու միայն դրանից հետո հինը փակվի։ Իմ կարծիքով՝ պետք է անհապաղ փակվի։ Իսկապես, որակյալ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար անհրաժեշտ է 7–10 տարի»։

Բարելավվելու են «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները, կունենա օդափոխության համակարգ։ Դրա տեղադրման նպատակով մրցույթն անցկացվել է,  հաղթող կազմակերպությունը կա՝ 2021-ին նախատեսված 23 միջոցառումների կատարողականը ներկայացնելիս ասաց  Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։  Բյուջետային հատկացումը կառավարությունից արվել է։ Մինչև տարեվերջ հաղթող ընկերության ներկայացուցիչները  քրեակատարողական հիմնարկը կապահովեն  օդափոխության համակարգերով։ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կաջակցի նոր քրեակատարողական հիմնարկի մոդելի ընտրության, միջազգային բոլոր չափանիշերի վերհանման և դրանք հայաստանյան օրինակով տեղայնացնելու հարցում: Կազմակերպվել է քննարկում գերմանացի փորձագետի հետ: Արփինե Սարգսյան․

«Բավական դինամիկա կա այս առումով։ Ունենք նոր քրեկատարողական հիմնարկի որոշակի մակետային տարբերակ։ Կան լուծումներ դատապարտյալների տեղաբաշխման, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների գործունեության և համակարգն առավել օպտիմալ և արդյունավետ կառավարելու տեսանկյունից»։

2021 թվականի ռազմավարությամբ նախատեսվում էր երեք քրեակատարողական հիմնարկի փակում Երևանում։ Արդարադատության նախարարության ուսումնասիրությունից հետո որոշվեց փակել մայրաքաղաքում գործող բոլոր 4 քրեակատարողական հիմնարկները,-ասում է փոխանախարարը։

«Այսինքն, ռազմավարությամբ նախանշված  քրեակատորաղական հիմնարկներից բացի, մենք նախատեսել ենք փակել նաև «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը։ Երևանում կունենանք մեկ միասնական քրեակատարողական հիմնարկ, որը  կսպասարկի Երևանի թե՛ քննչական մարմինների կարիքները,  և թե՛  դատապարտյալների պահման վայրերի հետ կապված կարիքները»։

Կվերանայվի աշխատակազմը։ Թեև ռազմավարությամբ նախատեսված է 1200 լրակազմ ունեցող հիմնարկ, սակայն փորձագիտական թիմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարելի է ունենալ նաև փոքր լրակազմային քրեակատարողական հիմնարկ։ Արփինե Սարգսյանը նշում է՝ Հայաստանում, սկսած 2018 թվականից, բանտային բնակչության թվի նվազման միտում կա։

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների փակումից հետո գնահատվել են  հիմնարկներում առկա լրակազմերը և, ըստ շենքային պայմանների, կատարվել է վերաբաշխում: Արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 788 դատապարտյալ։

«Տրամաբանական է, որ բոլորիս պատկերացմամբ էս պահի դրությամբ լավագույն լուծում լինել չի կարող, քանի որ մենք ունենք այնպիսի հիմնարկներ, որտեղ պահման ոչ այնքան  բարենպաստ պայմաններ են։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք փորձել ենք հնարավորինս բալանսավորում ապահովել, և տեղաբաշխման հանձնաժողովի   շրջանակում ևս  այս սկզբունքը  շատ հստակ է եղել։ Մենք պետք է փորձենք տեղաբաշխել անձանց՝ ելնելով  համաչափ բաշխվածության սկզբունքից»։ 

Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավումից զատ ռազմավարական  ծրագրի միջոցառումներից է եղել նաև ազատազրկված անձանց  համար,  անկախ տարիքից, հանրակրթություն իրականացնելը։  Այն դատապարտյալները, որոնք 15 տարեկանից բարձր են և չունեն 9 –րդ կամ 12–րդ դասարանի ատեստատներ, կունենան դրանք ձեռք բերելու հնարավորություն։  Նախարարությունը նախատեսում է որոշակի փոփոխություններ մտցնել այս կարգում։ Եթե նախկինում վերոնշյալ անձանց պարապմունքներին պետությունը որևէ միջամտություն չուներ, ապա այժմ նախատեսվում է  պետության մասնակցություն։ Արփինե Սարգսյան․

« Այն առարկաները, որոնք անձինք պետք է հանձնեն 9–րդ  և 12–րդ դասարանի ավարտական ատեստատները ստանալու համար, դրանք կիրականացվեն պետական բյուջեի ֆինանսավորման հաշվին։  Այսինքն՝ մենք կօգնենք ազատազրկվածներին ստանալ  այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ կլինեն ստանալու այդ ավարտական վկայականները և հանձնելու քննություններ։ Սրանով պետությունը կստանձնի պարտականություն՝ ունենալ թե՛ դասախոսական կազմ, թե՛ լսարանային պայմաններ, թե՛ մեթոդաբանություն»։

Հայաստանը, բանտարկյալների թվով, դասվում է լավագույն ցուցանիշ ունեցող երկրների ցանկում, իսկ անչափահաս դատապարտյալների թվով ԵԽ 47 անդամ երկրների ցանկում համարվում է օրինակելի․Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ընդամենը  6 անչափահաս ազատազրկված, թեպետ անչփահասների հանցավորությունը երկրում չի նվազում։ «Սոցիալական արդարություն» ՀԿ–ի տնօրեն Արշակ Գասպարյան․

«Անչափահասների հանցավորությունը չի նվազում, սակայ ն պետք է  հասկանալ, թե այս թվին ոնց ենք հասել և ինչ կա սրա տակ։ Ի վերջո, անչափահասների հանցավորությունը չի նվազում։ Բանտից տարեկան դուրս է գալիս 300-400 մարդ։ Սակայն այդքան և կրկնակի բանտում է հայտնվում»։

Նախատեսվում է նաև մշտադիտարկման քառամյա ծրագիր ռազմավարության բարեփոխումների, ոստիկանության, դատաիրավական, քրեակատարողական ու պրոբացիայի ծառայության ոլորտներում։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը ազգային քրեական արդարադատության պլատֆորմի ստեղծումն է։

Back to top button