ԿարևորՔաղաքական

Արցախի ԱԺ–ն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 19:00-ին, գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Աժ Նախագահ Արթուր Թովմասյանն իր խոսքում կրկին ընդգծել է, որ Արցախի երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է կարմիր գիծը՝ ասել է Թովմասյանը:

Աժ պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ ներկայացրել է Արցախի խորհրդարանի հայտարարությունը:

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջգիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել», — նշվում է հայտարարությունում։

Պատգամավորները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։

«Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու», — նշվում է հայտարարության մեջ։

Արցախի Ազգային Ժողովը դիմում է.

• Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:

• Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

• Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։

Կարդացեք նաև
Close
Back to top button