ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

Ս․թ․ ապրիլի 11-12-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես։ Այցի շրջանակներում ապրիլի 11-ին դեսպանը հանդիպել է Արևմտյան ափի հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, գործակցության վերջին շրջանի զարգացումները։ ՀՀ դեսպանն ընդգծել է ԱՄՆ հետ հարաբերությունների կարևորությունը թե երկկողմ ձևաչափով, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Լիլիթ Մակունցն ընդգծել է ամերիկահայ համայնքի դերը և կարևորությունը Հայաստանին և Արցախին վերաբերող խնդիրների լուծման գործում։ Դեսպանը նաև պատասխանել է համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին։

Ապրիլի 11-ին դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել սենատոր Պորտանտինոյին մշտապես հայ համայնքին, Հայաստանին և Արցախին աջակցելու համար։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նույն օրը դեսպան Մակունցն այցելել է նաև Գլենդեյլում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի շինարարության հրապարակ։ Թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը դեսպանին ներկայացրել է թանգարանի շինարարության ընթացքը, ապագա թանգարանի կառուցվածքը և նշանակությունը։

Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիգյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Փոլ Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Կ․Թորոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Ա․ Սեմիրջյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան-Լոս Անջելես քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Երկուստեք կարևորվել է քաղաքային իշխանությունների միջև 2018թ․ ստորագրված համաձայնագրով սկիզբ առած Երևանի քաղաքային իշխանության ծառայությունների Լոս Անջելեսի քաղաքապետարանում վերապատրաստման ծրագրի շարունակականության ապահովումը:

Կարևորվել է համագործակցության շրջանակի ընդլայնումը՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։

Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի Ոստիկանության դեպարտամենտի Առաջնորդության ծրագրի ղեկավար Բրայան Չերչիլլի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ոստիկանության բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ:

Back to top button