ԿարևորՀասարակություն

5 տարի՝ այդպես էլ առանց լուծման․ Երևանի կեղտաջրերի մաքրման 10.5 մլն եվրոյանոց կայանը հնանում է՝ այդպես էլ ոչ մի օր չգործելով

Վարկային միջոցներով մի քանի տարի առաջ կառուցված Երևանի Աէրացիայի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանն այդպես էլ չի շահագործվում։ Դրա հետ կապված խնդիրները սկսվել են, երբ նախագծի պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանի Համայնքային ծրագրերի զարգացման ԾԻԳ-ը, լուծարվել է։ Հաջորդիվ ծրագիրը փոխանցվել է Ջրային կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակին, որը նույնպես լուծարվել է։ Կայանն այդպես էր որեւէ պետական կառույցի կողմից փորձաքննություն չի անցել, որպեսզի տրվեր դրա շահագործման եզրակացություն։ Ի՞ նչու արդեն 5 տարի այդպես էլ չի որոշվում երկրի համար չափազանց կարեւոր նշանակության՝ կեղտաջրերի մաքրման կայանի կարգավիճակը, ո՞վ է պատասխանատու իրավիճակի համար։

10.5 մլն եվրո արժողությամբ Երևանի կեղտաջրերի մեխանիկական մաքրման նորակառույց կայանը արդեն 5 տարի է՝ իր նպատակին չի ծառայում: Ավելին՝ մայրաքաղաքի համար կենսական նշանակության կառույցն այդպես էլ չի գործարկվել։ Խնդրին որոշ ժամանակ առաջ արձագանքել էր նաև Հաշվեքննիչ պալատը ՝ արձանագրելով, որ կայանի կարգավիճակը փաստացի անհասկանալի է։ Որպես խնդրի հիմնական պատճառ նշվում է այն, որ կայանը վերջնական փորձաքննություն չի անցել, ուստի և դրա շահագործման եզրակացություն չի տրվել։ Բայց արդյո՞ք տարիներով չշահագործելուց հետո այն դեռ ենթակա է շահագործման՝ հետաքրքրվեցինք ջրամատակարարման և ջրահեռացման ինժեներ-խորհրդատու Էդուարդ Մեսրոպյանից․

«Բավականին մեծ գումարի դիմաց կառուցված կայանին տիրություն չենք անում։ Անշուշտ, կայանը ենթակա է շահագործման, պարզապես որոշակի աշխատանքներ պետք է ավարտին հասցվեն, քանի որ 5 տարվա ընթացքում կայանը մաշվածություն է ձեռք բերել։ Քանի որ կայանը չի պահպանվում պատշաճ մակարդակով, որոշ դետալներ, հանգույցներ, իմ տեղեկությամբ, բացակայում են։ Կարևոր չէ այժմ գտնել մեղավորներին։ Կարևորը՝ կարողանանք շատ շտապ ձեով կայանը գույքագրել, ուսումնասիրություն կատարել, պակասը լրացնել։ Պետք է ընդունել, որ, այո, բացթողում է եղել, բայց շատ ավելի կարևոր է փրկել այդ գումարները և կայանը հետագա քայքայումից»։

Կեղտաջրերի մաքրման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրներին զգալիորեն զիջում է։ Մասնագիտական որոշ գնահատումներով՝ կեղտաջրերի մոտ 92%-ն առանց մաքրվելու թափվում է շրջակա միջավայր, լցվում ջրանցքերը և ոռոգում դաշտերը։ Կենցաղային կեղտաջրերից առավել վտանգավոր է արտադրականը, որն առաջանում է արդյունաբերական գործունեության հետևանքով։ Այս խնդիրը մասամբ լուծելու համար Երևանի «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում դեռ  2015-2016թթ․-ին կառուցվեց կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայան, որն արժեցավ 10.5 մլն եվրո, բայց որը եւ չի գործում։

Եթե կեղտաջրերի խնդիրն օրեցօր հրատապ է դառնում, ի՞նչու տարիներով չի լուծվում կայանի շահագործման խնդիրը։ Ջրային կոմիտեի  ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ ըստ միջազգային կապալի պայմանագրի՝  ֆրանսիական «Սադե» ընկերության հայաստանյան մասնաճյուղն ավարտին է հասցրել կառուցումը, բայց շինարարության ավարտից հետո կայանը չի փորձաքննվել, ավարտական ակտ չի ստորագրվել, որ նաեւ ընդունում-հանձնում արվի ու շահագործման մեկնարկ տրվի։ Որպես խնդիրների շղթայի շարունակություն՝ կայանը որպես գույք չի ձևավորվել, որպեսզի ստանա պետական գրանցում եւ հանձնվի որևէ պետական  կառույցի կառավարմանը։ Որտե՞ղ ու ինչո՞ւ կանգ առավ ծրագիրը․

«Դա դեռ անավարտ պայմանագրի տեսքով է, որի կողմեր են հանդիսանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը և «Սադե» ֆրանսիական ընկերությունը։ Ջրային կոմիտեն ներկայացված է այս գործընթացքում միայն որպես պետական կառավարման մարմին, հետևաբար, քանի որ մեր գույքը չէ դեռևս, մենք ուսումնասիրություն կատարելու իրավունք չունենք։ Երբ լիազորվենք կառավարության կողմից, կկարողանանք կոնկրետ գործառույթներ իրականացնել՝ պայմանագիրը ավարտին հասցնելու, կայանը գործարկելու ուղղությամբ»։

Ջրային կոմիտեի  ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետը հավաստիացրեց՝ առաջին հերթին հենց իրենք են շահագրգռված կայանի շահագործմամբ։ Ուստի կառավարությանն են ներկայացրել նախագիծ, որով գործարկումը կվերապահվի կոմիտեին․

«Շատ լավ հասկանում ենք, որ դրա կարիքն այս պահին էլ կա։  Դրա կարիքը դեռ 3 տարի առաջ կար և շատ լավ կլիներ, որ արդեն շահագործվեր։ Որ ասեմ՝ գլոբալ խոչընդոտներ են եղել՝ ոչ։ Պարզապես մանր խութեր են եղել, որոնք խանգարել են պայմանագիրն ավարտին հասցնել։ Երևի ճիշտ կլիներ, որ այս պայմանագրի կողմերը (Երևանի քաղաքապետարանի համայնքային զարգացման ԾԻԳ-ը՝ որպես պատվիրատու և Սադեն՝ որպես կատարող), որոնք հենց սկզբից այն նախաձեռնել էին, նույնությամբ էլ ավարտեին։ Երբ որ արդեն տեր է փոխվում, մեղավոր կամ պատասխանատու՝ գտնել արդեն հնարավոր չէ»։

Հայաստանն այս պահին ունի կեղտաջրերի մաքրման վեց կայան։ Մինչ պատկան կառույցները դեռ պետք է որոշեն կայանի ճակատագիրը եւ պարզեն՝ ո՞վ է պատասխանատու գումարների հնարավոր փոշիացման համար, ամեն օր Կոտայքից ու Երևանից Աէրացիայի նախկին կայան շուրջ 200 հազար խմ կեղտաջուր է թափվում։ Կեղտաջրերն անցնում են ճաղավանդակներով, որոնք պահում են միայն աղբի խոշոր մասնիկները։ Մնացած ողջ աղբը լցվում է Հրազդան գետը։

Back to top button