Վերնատուն

Ֆիլմերը դիտել միայն կինոթատրոններում՝ նպաստելով կինոարտադրությանը․ «Վերնատուն»

Այս տարի 3-րդ անգամ տեղի կունենա Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը։ Ցանկում ընդգրկված են 3 տարվա ֆիլմեր՝ 2019–21 թվականներին ստեղծված լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։ «Մրցանակաբաշխությունը այսօր ավելի թափանցիկ է դարձել», – ասում է Ազգային կինոկենտրոնի ֆիլմ– հանձնակատար Մելիք Կարապետյանը։

«Ինձ համար, որպես կինոարտադրողի, շատ կարևոր է, որ ֆիլմերը դիտվեն մեծ էկրանին և մեծ էկրանի արդյունքում դատվեն։ Լավ կլիներ, որ այդ ֆիլմերը մրցանակներ ստանալուց հետո հնարավորություն ունենային նորից ցուցադրվելու էկրանին,»– ասում է Կարապետյանը։

Ապրիլի 16-ը Հայ կինոյի 99-ամյակի առիթով Մոսկվա կինոթատրոնի երկու դահլիճներում ողջ օրը ցուցադրվելու են Կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած 2019–21 թվականներին ստեղծված ֆիլմերը։ Տեղի կունանա նաև Արամ Շահբազյանի «Չինչիկ» ֆիլմի պրեմիերան։ Մելիք Կարապետյանը շատ է կարևորում կինոթատրոնների գոյությունը, ասում է նրանց սակավությունը կինոարտադրողի համար լուրջ խնդիր է։

«Կինոթատրոնը կինոարտադրության վերջին փուլն է։ Մենք այսօր չունենք Կինոկենտրոնին կից որևէ կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն Կինոկենտրոնի ֆինանսավորած ֆիլմերը», – ասում է Մելիք Կարապետյանը։ Հանդիսատեսը սովոր չէ մեծ էկրանին ֆիլմ դիտել և իր դիտած ֆիլմի համար վճարել։ Եթե հանդիսատեսը չի վճարում իր դիտած ֆիլմի համար, կինոարտադրությունը թուլանում է։

«Բոլորը ավելի շուտ սովոր են ֆիլմերը դիտել անվճար, բազմոցին պառկած՝ օնլայն։ Այն ֆիլմը, որը նայում եք մեծ էկրանին և ձեր հեռախոսների պատուհաններից, դրանք երկու տարբեր ֆիլմեր են։ Ֆիլմերը պետք է նայել միայն կինոթատրոններում և համարեք, որ դուք նպաստում եք կինոարտադրությանը։ Հայկական ֆիլմերին աջակցելու միակ ձևը տոմս գնել և կինոթատրոն գնալն է»,– ասում է Մելիք Կարապետյանը։

Back to top button