ԿարևորՀասարակություն

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն Ուկրաինայից եկող հայերին կոչ է անում ակտիվ դիմել իրենց

Ուկրաինահայ մի շարք ընտանիքների արդեն տրամադրվել է ավիատոմսի գումար՝ Հայաստան գալու համար՝ «Ռադիոլուրին» ասել են Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հիշեցնելով, որ պետության կողմից աջակցության նման մեխանիզմ է գործում։ Նաեւ տեղեկացրել են, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ սկսել է ծրագիր, որով  Ուկրաինայից Հայաստան վերադարձած հայրենակիցները կարող են բնակվարձի աջակցություն ստանալ։

Ռուս–ուկրաինական պատերազմ՝ օր 49․ Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ իրավիճակը չի փոխվել ոչ երկրի արևելքում ևոչ էլ հարավում․ գրեթե 24 ժամ ռմբակոծվում են Մարիուպոլը և Խարկովը։ «Շրջափակում, հումանիտար աղետ, փողոցային դիրքային մարտեր»,- Մարիուպոլում տիրող իրավիճակն այսպես են նկարագրում քաղաքային իշխանությունները։

«Վերջին մի շաբաթվա ընթացքում մի քանի հումանիտար միջանցքներ են հայտարարվել․ Մարիուպոլի միջանցքը չի գործել, Խարկովից հաջողվել է մի քանի ընտանիքի դուրս բերել, մենք էլ հումանիտար օգնություն ենք ուղարկել այնտեղ։ Արդեն Խարկովում մեր համայնքի ներկայացուցիչներն օգնությունը փոխանցում են տեղաբնակներին։ Ամենաբարդ իրավիճակը, հումանիտար ճգնաժամը Մարիուպոլում է, ուր չենք կարողանում ոչինչ ուղարկել»,– ասում է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և հավելում՝ ի տարբերություն հարավի և արևելքի, մայրաքաղաք Կիևում կյանքը փոքրիշատե վերականգնվել է․ բացվել են խանութները, դեղատներն ու բանկերի մասնաճյուղերը։

«Չերնիգովում և Սումիում տեղի իշխանությունները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց բնակարանները։ Սակայն Չերնիգովը շատ վնասված է և, կարծում եմ, շատերը պարզապես չեն կարողանա վերադառնալ»։

Ուկրաինական Բուչա քաղաքում, ըստ տեղի իշխանությունների, մինչ պատերազմն ապրում էր շուրջ 50 հազար մարդ։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքում շուրջ 400 զոհ է եղել։ Հայ համայնքի փոխնախագահն ասում է՝ առայժմ սպասում են հաստատված ցուցակների, որպեսզի պարզեն՝ զոհերի թվում հայեր կան, թե ոչ։

Ուղիղ 7 շաբաթ ձգվող պատերազմի հետևանքով ուկրաինացի փախստականների թիվը հատել է 4.5 միլիոնը։ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ամեն օր այդ թիվը շուրջ 60 հազարով ավելանում է։

Միայն Ուկրաինային սահմանակից Լեհաստանում ապաստանել է շուրջ 2.5 միլիոն ուկրաինացի, Ռումինիայում՝ 670 հազար, Հունգարիայում և Մոլդովայում՝ ավելի քան 400 հազար, շուրջ 270 հազար փախստական էլ տեղավորվել է Սլովակիայում և նույնքան՝ Չեխիայում: Ուկրաինացի տասնյակ հազարավոր փախստականներ տարբեր ճանապարհներով հասել են նաև Հյուսիսային Ամերիկա՝ Միացյալ Նահանգներ և Կանադա:

Հայաստանի Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2022թ առաջին եռամսյակում Հայաստան է եկել Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի։ Ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ Ուկրաինայի ավելի քան 90 քաղաքացի է դիմել Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու հայցով։

«Կեսից մի փոքր ավելին Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ հայեր են, կան նաև խառը ամուսնություններով ընտանիքներ։ Փախստականի կարգավիճակ ստանալու գործընթացը տևում է 3-6 ամիս, բայց այս պարագայում կարող է շատ ավելի արագ լինել, քանի որ հայտնի են պատճառները»,– ասում էԱրմեն Ղազարյանը և ընդգծում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ուկրաինայի քաղաքացիների մուտքերի թիվն ավելի քան կրկնակի աճել է։ Եռակի էլ ավելացել է ՌԴ քաղաքացիների մուտքը, 6 անգամ՝ Բելառուսի քաղաքացիներինը։

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրին» ասում է՝ արդեն մի շարք ուկրաինահայ ընտանիքների տրամադրվել է ավիատոմսի գումար՝ Հայաստան գալու համար, նաեւ  հիշեցնում՝ Հայաստան եկողներն ազատված են քովիդ-թեստի վճարից։ Աջակցության նոր մեխանիզմ էլ կա՝ ասում է․

«Վերջերս Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ սկսեց մի ծրագիր, որով  Ուկրաինայից Հայաստան վերադարձած հայրենակիցները կարող են աջակցություն ստանալ, մասնավորապես, բնակվարձի փոխհատուցման հարցում»։

Ալեքսանյանն Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայերին կոչ է անում  Միգրացիայի ծառայության ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ կապ պահպանել, որպեսզի պետությունն էլ կարողանա ըստ այդմ շատ ավելի ճշգրիտ գնահատել նրանց կարիքները եւ սոցիալական ծրագրերն առավել հասցեական  մշակվեն։

Back to top button