ԿարևորՄշակույթ

«Սոմա․կրակե օղակ»․ Տերտերյանի օպերան 55 տարի անց՝ բեմում

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա Չարենցի «Սոմա» պոեմի հիման վրա գրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. կրակե օղակ» երկու գործողությամբ օպերան: Առաջնախաղն ապրիլի 14 –ին է։

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսեց որպես նորարար: Նա հանդիսատեսին մատուցեց միանգամայն անծանոթ հնչյունային աշխարհ, որտեղ նոր կյանք ստացան ու նորովի հնչեցին հին հայկական ծիսական ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ։ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրեց 1967 թվականին:

Նույն տարում օպերաn առաջին առաջին անգամ բեմադրեցին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: 55 տարի անց օպերան բեմ է վերադառնում։ Նախագծի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյան.

«Ավետ Տերտերյանի «Կրակե ՕղակՍոմա» օպերան հանելով բեմահարթակ՝ մենք կփորձենք հանդիսատեսին ցույց տալ՝ ինչպես են մտածել մեր մեծերը։ Իբրև ազգային արժեք՝ այս ստեղծագործությունն իրավունք ունի բեմահարթակում լինել»։

Դուրգարյանը խոստովանում է՝ «Սոմա»-ն բավականին բարդ ստեղծագործություն է: Եվ առաջին անգամ փորձելու են լիարժեք ցույց տալ օպերային թատրոնի տեխնիկական հնարավորությունները։ Թատրոնի բեմում կլինի մոտ հարյուր արտիստ, մեծ նվագախումբ: Այստեղ երգչախումբը հանդես է գալիս իբրև արտիստ, շարժող ուժ:

«Տերտերյանը համարվում է տիեզերական երաժշտության հեղինակ, և մենք նաև լուսային լուծումներով ենք դա ցույց տալու: Կլինի ֆիլմ, լուսային ռեժիսուրա, ռեժիսուրա»,-նշում է Կարեն Դուրգարյանը:

Տերտերյանի երաժշտությունն ինտելեկտուալ է ու մտածելու առիթ է տալիս։ Ժամանակին այն համարվում էր հեղափոխական երաժշտություն։

«Սա մեր առաջին փորձն է՝ էքսպերիմենտալ ներկայացում անել, որը մի փոքր քաոսային է ու շարժի մեջ է։ Փորձել ենք լավ իմաստով քաոս անել»։

«Սոմա. կրակե օղակ» լիբրետոյի հեղինակը, օպերայի բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանն է:

«Ամբողջ օպերան կառուցված է պլաստիկայի ու շարժումների վրա, ու ինձ թվում է՝ հետաքրքիր կստացվի»։

Ներկայացումը նկարահանվելու է, տեսագրությունը ցուցադրվելու է տարբեր թատրոններում։ Դուրգարյանը վստահ է՝ ազգային ներկայացմամբ հնարավոր է զարմացնել աշխարհին: Սոման, ի դեպ, աստվածային ըմպելիք է եւ նաեւ հին հնդկական աստվածություն։ Սոմա ըմպելիքն առաջացրել է զմայլական վիճակ, այն զոհաբերել են աստվածներին։ Իսկ համանուն օպերան արվեստասերները կարող են վայելել ապրիլի 14-ին:

Back to top button