Գերդաստաններ

«Սալոմե»–ի հեղինակ Հակոբ Գյուրջյանի ու նրա ընտանիքի պատմությունը․ «Գերդաստաններ»

Այցելեք Հայաստանի ազգային պատկերասրահ, իջեք զրո հարկ և Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների սրահում կտեսնեք նրա՝ համաշխարհային մակարդակի գլուխգործոցներից մեկը` «Սալոմե» բրոնզե քանդակը։ Այն այնքան տպավորիչ է, որ երբեմն մոռացնել է տալիս նրա հանրահայտ հեղինակի անունը։

Հայ և համաշխարհային մշակույթի շատ հայտնի գործիչներ ծագումով շուշեցի են, կրթությունը ստացել են եվրոպական տարբեր երկրներում։

1881 թվականի դեկտեմբերի 5-ին շուշեցի առևտրական Մարգարի բազմազավակ ընտանիքում է ծնվել Հակոբ Գյուրջյանը, որն իր ծնողների ութ երեխաներից վեցերորդն էր։

Ծնողներին վիճակված չէր ոտքի կանգնեցնել իրենց երեխաներին։ Նրանք ուս–ուսի տված, սեփական ընդունակությունների, աշխատասիրության և համառության շնորհիվ գտան իրենց տեղը կյանքում։ Հակոբն իր ստեղծագործություններով բարձրացավ համաշխարհային մակարդակի և ներդաշնակորեն միացավ իր ժամանակի քանդակագործության ընթացքին։

Շատ փոքր էր Հակոբը, երբ երազանքն աչքերում կորցրեց ծնողներին։ Բոլորի խնամքն իր վրա վերցրեց մեծ եղբայրը՝ Գրիգորը։ Մանկուց նա արդեն շունչ էր տալիս կավին, պատրաստում փոքրիկ խաղալիքներ։ Պատմությունը շարունակում է արվեստաբան Մարիամ Դավթյանը։

Հայկանուշը, Հակոբը և Հայկանուշի մայրը՝ Թագուհի խանումը

Հակոբին ճանաչողներն ասում են, որ շատ հաճելի և համակրելի անձնավորություն էր։ Նրա բոլոր ծանոթությունները վերածվում էին երկարատև բարեկամության։ Նրա հետ մտերմանում էին ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մտավորականները։

Եվ ահա Հակոբն սիրահարվում է Շուշիի մեծահարուստներից մեկի աղջկան՝ Հայկանուշ Ղալամյանին։ Հայկանուշի ծնողները, կարծես թե, այնքան էլ չէին համակրում չունևոր երիտասարդին, բայց հակառակ բոլոր խոչընդոտների՝ նրանք ամուսնանում են ու մեկնում Մոնպելյե։

Փարիզյան աշխույժ կյանքը, թանգարանները, գեղարվեստական կյանքի բուռն իրադարձությունները կլանում են Գյուրջյանին։ Այստեղ ստեղծված առաջին ստեղծագործությունները, ինչպես օրինակ «Հերկ»-ը, «Հայ գեղջկուհիներ»-ը և «Գաղթ»-ը, ասես արտացոլում են այն զրույցներն ու մտահոգությունները, որոնք հուզում էին օտար ափերում հայտնված հայ մտավորականներին։

Այստեղ տեսանելի էին իմպրեսիոնիստական համակրանքներ, որոնք Գյուրջյանին պետք է մղեին դեպի Ռոդենի արվեստը։ Հակոբ Գյուրջյանի վաղ շրջանի գործերից «Հաղթանակը» այսօր մեր լավագույն քանդակագործների կրկնօրինակմամբ և Եգիպտոսի հայկական համայնքի ջանքերով, պետք է տեղադրվի Կահիրեում։

Գրիգորը մանկավարժ էր և բժիշկ, Ներսեսը՝ ինժեներ-տեխնոլոգ, Արսենը՝ իրավաբան, քույրերից Սառայի և Նադեժդայի մասին ոչինչ չի հիշատակվում, միգուցե նրանց և գերդաստանի այլ անձանց մասին տեղեկություններ բացահայտվեն արխիվային հետագա ուսումնասիրություններում։ Այնուամենայնիվ, քույրերից Մարոյի արխիվում պահպանվող հուշերը մեզ տալիս են բավականաչափ տեղեկություններ։

Հայկանուշ Ղալամյան

Դեռ մանկուց Հակոբը սիրում էր կենդանիներ նկարել։ Այդ նախասիրությունը շարունակվեց և հետո էլ։ Նա շատ հետաքրքիր կերպով ներկայացրել է իր շներին։

Մեծ քանդակագործի աշխատանքները ցուցադրվել և ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում։

1914 թվականին Հակոբը բաժանվում է Հայկանուշից և 1918 թվականին ամուսնանում Տատյանա Էրիկսոնի հետ, որը նրա արվեստի ջերմ երկրպագուներից էր։ Հետագայում նա էր, որ իր երկրորդ ամուսնու հետ Գյուրջյանի արխիվը տեղափոխում է Հայաստան։

«Գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկերին համաչափ, արյան շարժմանը ներդաշնակ…»,- ասում էր Հակոբ Գյուրջյանը։

Հատուկ շնորհակալություն ՀԱՊ հուշաձեռագրային բաժնին, դեռևս չհրապարակված, անտիպ լուսանկարները մեզ տրամադրելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button