ԿարևորՀասարակություն

Չեղարկել սահմանափակումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ոստիկանությունից ճկուն արձագանք է ակնկալում

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարել է, որ Սուրբ Հարության տոնից առաջ Իսրայելի ոստիկանությունը փորձում է սահմանափակումներ պարտադրել Հարության տաճարում։  Պատրիարքության դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ իրենք դեմ են պարտադրվող սահմանափակումներին և այդ մասին հայտնել են  Երուսաղեմի ոստիկանությանը։ Այժմ սպասում են արձագանքի։

Ավանդաբար Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում անցկացվող Սուրբ Զատիկի ճրագալույցին ընդառաջ՝ ոստիկանները Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացրել են, որ  Փրկչի գերեզմանից կրակը դուրս բերելու արարողությանն այս տարի կարող է ներկա լինել ընդամենը 1000 ուխտավոր։ Սահմանվել է՝ 200 հայ, 500 հույն, նաեւ ղպտիներ ու ասորիներ։ Հայոց պատրիարքության ներկայացուցիչները դեմ են այս սահմանափակմանը, թեև Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ   որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով, և վերաբերում է ոչ միայն հայերին․

«Պատճառն իրենք ասում են՝ անվտանգության ապահովումն է։ Դա պայմանավորված է հրեական սրբավայրում նախորդ տարի, մայիսին  տեղի ունեցած միջադեպով, ինչի հետեւանքով 47 հրեա հավատացյալներ մահացան։ Դրանից հետո հստակ հրահանգ կա, որ բոլոր սրբավայրերում, կարեւոր չէ՝ հրեական, մահմեդական թե քրիստոնեական, անվտանգությունն ապահովվի, որպեսզի տվյալ տարածքի համեմատ մարդիկ մտնեն»։

Հույներն էլ են դժգոհ ուխտավորների թվի սահմանափակումից։ Հայերն ու հույները արդեն դժգոհությունը հայտնել են Երուսաղեմի ոստիկանությանն ու սպասում են արձագանքի։ Ակնկալում են ճկուն արձագանք՝ առանց  սակարկության։ Լսենք տեր Կորյունին վարդապետին․ 

«Մենք հիմա այդ թվերի, հաշիվների մեջ չպիտի մտնենք։ Մեզ համար ընդհանրապես անընդունելի են թվերը։ Մեր հավատացյալները, մեր ուխտավորները ամեն տարի եկել են ու  մտել տաճար։ Մենք տեղի հետ կապված խնդիր չունենք, մենք հսկայական տարածքներ ունենք Սուրբ Հարության տաճարի մեջ։ Այնպես, որ չենք մտնելու թվերի, սակարկության մեջ։ Այսինքն, էս սահմանափակումները պետք է ընդհանրապես չեղարկվեն»։

Նախորդ երկու տարում, պայմանավորված քովիդի համավարակով,  ուխտավորներ գրեթե չեն այցելել Սուրբ Հարության տաճար, սակայն դրանից առաջ ուխտավորների թվի խնդիր չի եղել, տաճարը բաց է եղել  յուրաքանչյուր ուխտավորի համար։ Ճրագալույցի արարողությունը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում այս տարի նախատեսված է ապրիլի 23–ին,  եւ հայ ու հույն հոգեւորականները միասնական են սահմանափակումները վերացնելու հարցում։

Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հիշեցնում է, որ Հայ առաքելական եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի «Լույսի» արարողության ընթացքում, որոնք արձանագրված են Ստատուս քվոյի համաձայնագրով:

«Լույսի» արարողությունը սկսելու համար հայերին է վերապահված Սուրբ Հարության տաճարի դուռը բացելու իրավունքը։ Հարյուրավոր հայ և օտար ուխտավորներ են հետևում այդ բացառիկ գործողությանը: Ապա Երուսաղեմի հայ պատրիարքը, ուխտավորների ուղեկցությամբ, հանդիսավոր մուտք է գործում Սուրբ Գերեզման՝ դուրս բերելու Քրիստոսի Հարությունը խորհրդանշող «Լույս կրակը»:   

Այս իրավունքները դարեր շարունակ իրագործվել են առանց որևէ սահմանափակման:

«Իսրայելի կառավարությունը միջազգային պարտավորություն է ստանձնել՝ ապահովելու կրոնական արարողությունների ազատությունը և կազմակերպելու դրանց անխափան անցկացումը։ Պատրիարքությունը պահանջում է, որ ոստիկանությունը հարգի այս հաձնառությունը և չեղյալ համարի որոշումը սահմանափակումների վերաբերեալ»,- ասված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարության մեջ:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը,  հայերի համար այս բարդ ժամանակահատվածում ամենօրյա աղոթք է բարձրացնում հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի ու Արցախի համար։ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյան․

«Մեր ամենօրյա աղոթքն է, որ աստված պաշտպանի եւ օրհնի մեր հայրենիքը, սահմանները, Արցախ աշխարհը, սահմանապահ մեր զինվորներին։ Օրհնի մեր ազգին, մեր ղեկավարությանը, որպեսզի իմաստությամբ այս փորձություններով լի շրջանը կարողանանք հաղթահարել»։

Back to top button