ԿարևորՏնտեսական

Նոր Կեսարիայում բանջարեղենի մշակությունից անցնում են պտղաբուծության.  մտահոգությունն իրացումն է

Արմավիրի մարզում բանջարեղենի մշակության վարելահողերն աստիճանաբար վերածվում են պտղատու այգիների: Խորհրդային տարիներին խորդենու արտադրությամբ աչքի ընկած Նոր Կեսարիայում կամ ժողովրդին հայտնի «Գերան սովխոզում» խորդենուց հետո սկսել էին  բանջարեղեն մշակել: Հիմա հիմնում են պտղատու այգիներ: Մշակության գործը, որպես այդպիսին, հեշտացրել են, բայց նոր խնդիրներ են առաջ եկել՝ ինչպե՞ս են բերքն իրացնելու:

Բերքատու այգիների չարչարանքն ավելի քիչ է, քան բանջարեղենինը՝  ասում են այն գյուղացիները, որոնք վարելահողերը վերածել են նորատունկ այգիների: Մինչ տնկիները ծառ կդառնան, տարածքը կրկնակի կօգտագործեն՝ դարձյալ լոլիկ են մշակելու: Նարինե Ասատրյան.

« 2 օր առաջ 1.5 հա վրա դեղձի, ծիրանի ու կեռասի ծառեր ենք տնկել: Անցած տարի լոլիկ ենք մշակել: Հիմա միայն ծառեր ենք տնկել, բայց արանքներում նորից լոլիկի սածիլներ  պետք է դնենք, մշակենք, որ ծառերն էլ աճեն»:

Անցած տարի լոլիկը մթերել է Արտաշատի գործարանը՝ կգ-ն 40 դրամով: Նարինեն ասում է՝  բանջարեղենի մշակությունն աշխատատար է,  օրավարձով աշխատանքը՝ թանկ: Իրացման համար էլ երկար ճանապարհ են անցնում:
Ռուստամ Մնացականյանը 1.5 հա վարելահողում անցյալ տարի նոր այգի է հիմնել.

«Սեփական հող ունեմ, այգի եմ հիմնել՝ ծիրանի, դեղձի, սալորի ծառեր տնկել: Վարելահող էր, ամեն ինչ մշակել ենք՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ, եգիպտացորեն, ձմերուկ»:

Նոր Կեսարիայում  նաև կարմիր սոխ են շատ մշակում։ Համայնքի նախկին ղեկավար Հրայր Գալստյանն ասում է՝ գյուղացիները դրանից էլ են հրաժարվում ու պտղատու այգիներ հիմնում.

«Մի քանի տարի առաջ բանջարբոստանային մշակաբույսեր էին մշակում, հիմնականում՝ սոխ, բայց հիմա այգիներ են շատ հիմնել.713 հա գյուղնշանակության հողերից մոտ 450 հա-ն այգիներ են, իսկ նորատունկը՝ 200 հա»:

Գյուղացիներն իրենք են որոշում սեփական հողերում ինչ մշակել, որն ավելի եկամտաբեր կլինի: Հրայր Գալստյանն ասում է՝ այգիներից ավելի շուտ են եկամուտ ստանում, քան բանջարեղենից: Գյուղում ոռոգման ցանցերը մաքրված են, առուները՝ բացված: Սպասում են ոռոգման ջրին: Անցած տարի սակավաջրության պատճառով շատ վնաս են կրել.

«Օգոստոսին կտրեցին մեր ջրերը, բերքը մնաց, չորացավ ու թափվեց: Սալոր ու  դեղձ ունենք, ցանած կորիզներ ունեինք, որը չկարողացանք  ջրել: Ծառերը չորացել էին, մենք նորից կտրել ենք, որ թարմանան, ճյուղ տան ու 2 տարուց բերք ստանանք»:

Այգետերերին հիմա մի այլ խնդիր է հուզում՝ ինչպես իրացնել բերքը. Ռուսաստանում իրավիճակը խառն է։ Գործնական պայմանավորվածությունները կարող են չգործել։

«Պարարտանյութը թանկ է, դիզելը՝ նույնպես, բանվորն իր աշխատուժը թանկացրել է, ծախսերը շատ են: Այգի ունենք, հիմա չգիտենք,պարարտացնենք, թե չէ: Եթե պարարտանյութ չտանք՝ լավ բերք չենք ստանա: Պարարտացնենք ու բերքը նորից մնա, չրանոցները չընդունեն, չարտահանեն:  Մեր պտուղը  արտահանվում է, բայց այս տարի էլ չեն տանի: Չգիտենք՝ ինչ պետք է անենք այդ բերքը»:

Նոր Կեսարիայում սկսվել է պետության սուբսիդավորմամբ պարարտանյութերի բաշխումը: Գյուղացին մեկ պարկի դիմաց վճարում է 12000 դրամ: Զրուցակիցս դեռ չի գնել, ասում է՝ հիմա գումար չունի: Գյուղում հերթագրված 113 շահառուների մի մասն է վճարել պարարտանյութի դիմաց:

Գայանե Ավետիսյան. «10 պարկ գրվել ենք, Արդշինբանկում վճարել ենք գումարը, 12 000 դրամի  կտրոնը բերել ենք, որ ստանանք: Մի քանի օրից կբերեն պարարտանյութը»:

Հողի վար ու ցանքի ժամանակ թանկացել է նաև դիզելային վառելանյութը, գյուղացիները 20լ դիզելի դիմաց վճարում են 11000-12000 դրամ: Ծառերն արդեն ծաղկել են, լավ բերք է սպասվում, իսկ իրացման խնդիրները  շարունակում են մտահոգել գյուղացիներին:

Back to top button