ԿարևորՔաղաքական

Նոր թեզեր՝  Արցախի կարգավիճակի մասով․ Հայաստանը կիջեցնի՞ ԼՂ հարցում իր նշաձողը

Կառավարության 2021 ծրագրի կատարողականն Ազգային ժողովում ներկայացնելու նպատակով խորհրդարանում էր Նիկոլ Փաշինյանը։ Կատարողականը փաստացի ներկայացվել է իր թիմակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, քանի որ խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցություններն էլ հայտարարել են բոյկոտի մասին և մեկնել Հայաստանի մարզեր։ Իսկ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է ռուս խաղաղապահների կողմից։ «Հայաստան» դաշինքը պահանջում է, որպեսզի իշխանությունը հանդես գա գործողություններով՝ հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը ՀՀ բոլոր քաղաքացիների համար վերականգնված է։  Իսկ այդ ընթացքում Արցախ մուտքն արգելելու վերաբերյալ հանդես եկավ երկրի արտգործնախարարությունը։ Խորհրդարանում էլ խնդրից խոսել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Փաշինյանը երկար խոսել է ՀՀ կառավարության հաշվետվությունից, բայց խոսքի զգալի հատվածն առնչվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և խաղաղության օրակարգին։ Հնչել են նոր ձևակերպումներ, որոնք, ըստ էության, նոր գործընթացների սկիզբ կարող են դառնալ։

Հայաստանի վարչապետը խորհրդարանում ուղիղ տեքստով շրջանառության մեջ դրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն  նոր թեզեր։ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, ներկայացրեց նոր օրակարգը, որի շուրջ աշխատելու է գործող իշխանությունը.

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ հարցում ձեր նշաձողը։ Եվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել։ Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար»։

Արցախի կարգավիճակի մասով Փաշինյանն ուշադրություն է հրավիրում փոփոխությունների կարևոր նրբության վրա․

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։ Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները»։

Նոր իրադրություններին Արցախում արձագանքում են հստակ դիրքորոշմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Մարտակերտում խոսել է ծրագրերից չշեղվելու մասին․

«Այն, որ Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, դա միանշանակ է։ Մենք չենք շեղվելու մեր անկախության ճանապարհից»։

Կա նաև Բաքվի արձագանքը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը մեկնաբանել է որպես կառուցողական և պրոֆեսիոնալ, Իսկ արդեն խորգհրդարանում Արարատ Միրզոյանը նույն զրույցի մասին իր գնահատականն է ներկայացրել.

y

«Որևէ գաղտնիք այդտեղ չկա, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկել ենք այն, ինչ քննարկվել է վերջին մեկ տարվա ընթացքում և արձանագրվել է նաև Բրյուսելում։ Մեր պատկերացումները ԵՀԱԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ։ Մենք տեսնում ենք ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։ Ցավոք սրտի գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասությունները այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի երեքով կարողանան քննարկում կազմակերպել և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որոշ առումով վակում առաջանա։ Բայց երկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե բովանդակային բանակցություն էր»։

Վերջին իրադարձություններին արձագանքելով՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը նախ բոյկոտեց ԱԺ աշխատանքն ու վարչապետի հաշվետվությունը, փորձեց շաբաթն անցկացնել Արցախում, բայց ռուս խաղաղապահներն անհասկանալի կերպով չթույլատրեցին նրանց մուտքը Արցախ։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի ներկայացմամբ՝ ռուս խաղաղապահների ձեռքում եղել է պաշտոնյաների ցանկ՝ ում մուտքն Արցախ չպետք է թույլատրեն։

«Նրանք հայտարարեցին, որ մեր մուտքն Արցախի Հանրապետություն արգելված է։ Որևէ բացատրություն չունեին։ Այդ ընթացքում մեզ միացան Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների ղեկավարները։ Տևական ժամանակ քննարկում ունեցանք և արտահայտեցինք մեր վճռականությունը՝ ամեն ինչ անել՝ կասեցնելու Արցախը մեկուսացնելու, Արցախը հայաթափելու համաձայնությունները»։

Միջադեպին անմիջապես արձագանքեց ՀՀ արտգործնախարարությունը՝ խաղաղապահների գործողությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակասող որակելով։ Իսկ նախարար Միրզոյանը խորհրդարանում մանրամասնեց՝ ինքը կապ է հաստատել ՌԴ եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ և ահա այդ սադրանքներից ԼՂ–ն զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն, նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և ՀՀ քաղաքացիները այդ թվում և կամ, եթե կուզեք, առավել ևս ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան ԼՂ»։

Գնալ ինչ-որ լուծումների ու երկարաժամկետ խաղաղություն ապահովել՝ կրկին ԼՂ հակամարտության մասով խորհրդարանում ասում է Փաշինյանը՝ սա ներկայացնելով որպես իր թիմի առաքելություն։ Վարչապետը զգուշացնում է իլյուզիաներ չունենալ՝ պարզաբանելով՝ Ղարաբաղի հարցի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ դրա լուծումը, լուծման այս կամ այն բանաձևը միայն մեզանից չէ կախված: Բայց դրանից կախված է պետականության կշիռը, քաշը, աստիճանը՝ ասում է։ Խաղաղության պայմանագրի ստորագրումն արագ մտնում է իշխող ուժի ծրագրերի մեջ՝ ասում է Փաշինյանը, բայց նաեւ չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիվ գործողությունների նոր առիթ գտնել։

«Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի «հայելային հետքաշման» առաջարկից։ Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից։ Մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի «հայելային հետքաշման» առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ զորքերի «հայելային հետքաշման» առաջարկից  հրաժարվելը հենց այն ճկունությունն է, որն անհրաժեշտ է բանակցությունները փակուղի չմտցնելու համար։ Մինչ Փաշինյանն ԱԺ-ում խոսում է Արցախին առնչվող  խնդիրներից ու մտահոգություններից, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին ընդդիմությունը ներկա չէր։ Երկու խմբակցությունները, այդպես էլ չստանալով Արցախ մուտք գործելու հնարավորություն, շրջում են Հայաստանի մարզերով՝ տարբեր վայրերում տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշը և բնակիչների հետ զրուցելով Արցախի հարցում հետագա պայքարի անհրաժեշտության մասին։

Back to top button