ԿարևորՄշակույթ

Ինքնությունը բացահայտելով․ 18-20դդ հայկական զարդերը՝ մեկ ցուցահանդեսում

Ոսկե և արծաթե թասակներ, ճակատազարդեր, քունքակախիկներ, ծամաթելեր․ «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի առաջին ցուցափեղկում ներկայացված են հայկական գլխազարդեր, որոնք բազմապիսի են՝ պայմանավորված տվյալ տարածաշրջանի ոճային առանձնահատկություններով։

Հայաստանի պատմության թանգարանում եմ, զրուցակիցս՝ Պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանն է, նրա խոսքով ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին․

«Ճակատազարդերը շատ բազմազան են, ընդ որում արևմտյան Հայաստանում այլ տեսք են ունեցել, արևելյան Հայաստանում՝ այլ։ Թեպետ ցեղասպանության հետևանքով տարածվել են աշխարհով մեկ հայ վարպետները, հայտնի է օրինակ, որ Վանից հայ վարպետներն աշխատել են Իրանում, ընդհանրապես հայ վարպետները գաղթել են Եգիպտոս, Հնդկաստան, Լեհաստան, Բուլղարիա, Ղրիմ, Եթովպիա, և նաև սովորեցրել են հայկական արվեստը, աշակերտներն են ունեցել, ընդ որում հայտնի է, որ բազմաթիվ օտարազգի աշակերտներ են սովորել հայ վարպետների մոտ»,-նշում է Աստղիկ Իսրայելյանը։

Հայկական զարդերը ոչ միայն գեղագիտական արժեք ունեն, այլև գաղափարական իմաստ են կրում, դրանք տարբեր ոճավորումներ ունեն․ թռչուններ, ծառեր, հացահատիկ, արև, վիշապ, օձ, անգամ գորտեր են պատկերված զարդերի, գոտիների, ճարմանդների վրա։ Պատկերներից յուրաքանչյուրը հատուկ նշանակություն ուներ, անգամ գույներն են ունեցել հատուկ նշանակություն։ Օրինակ կապույտը պաշտպանում էր չար ուժերից, փիրուզագույնը՝ վանում չարն ու բարիք բերում։ Աստղիկ Իսրայելյանը ներկայացնում է ցուցահանդեսում ներկայացված միակ կուռքը, որը ևս հայկական զարդեր է կրում․

«Ցուցադրության մեջ ներառել ենք մեկ օրինակ կուռք: Այս կուռքը, որը տեսնում եք, ք ա 7-6-րդ դդ Ջուջևանից հայտնաբերված կրաքարե կուռք է, որը ոճավորված է, զարդեր են քանդակված կուռքի վրա՝ վզնոց ունի, ականջօղեր, կիսալուսնաձև կախիկ ունի վզին, ընդհանրապես կուռքերը ևս այսպես ասած կրել են զարդեր, որովհետև հիմնականում պահպանված կուռքերն այսպես ոճավորված են»,-ասում է Աստղիկ Իսրայելյանը։ծ

Աստղիկ Իսրայելյանի խոսքով զարդեր կրել են ոչ միայն կանայք ու տղամարդիկ, այլև ձիերը։ Հայ վարպետներն ամենայն մանրամասնությամբ էին պատրաստում ձիերի համար նախատեսված ճոխ զարդեր։

Զարդ նվեր ստանալը նաև ամուսնական ծիսաշարի անբաժանալի մասնիկն էր։ Հայաստանի պատմության թանգարանի․ «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են նաև լուսանկարներ, Աստղիկ Իսրայելյանը ներկայացնում է․

 «Մենք որոշեցինք անպայման նաև լուսանկարներ ցուցադրել, որպեսզի ավելի պարզ լինի, թե մարդիկ ինչպես են կրել զարդերը, որտեղ են կրել։ Այս լուսանկարներն իսկապես մեծ արժեք ունեն, տեսեք, օրինակ այստեղ Վանեցի կանայք են, առհասարակ զարդեր կրելը ավանդույթի պես մի բան է եղել, ծեսերին, հատուկ առիթների համար այլ զարդեր են նախատեսված եղել, անգամ կային հատուկ զարդեր բաղնիք գնալու համար, որովհետև բաղնիք գնալը ևս հատուկ արարողակարգ էր համարվում»,-ասում է պատմության թանգարանի գիտաշխատողը։

Այս ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել: Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է, թանգարանից հայտնում են՝ շարքի ավանդույթը կշարունակվի նաև այլ ցուցադրություններով:

Back to top button