ԿարևորՀասարակություն

Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ գաղափարը կա, մնում է օրենսդրական կարգավորումը

Թափոնների արդյունավետ կառավարման ճանապարհին լավագույն ընտրությունը «արտադրողի ընդլայնված պատասխանատվության» մոդելն է․ այս եզրահանգմանն են հանգել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները։ Նրանք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների հետ կատարել են ծավալուն հետազոտություն։ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչություն պետ Նարինե Ավետյան․

«Ի՞նչ է իրենից ներկայացնում արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը դա թափոնների արդյունավետ կառավարման մի գործիք է։ Հայաստանում արտադրվող կամ ներմուծվող ցանկացած առարկայի համար ներմուծողը կամ արտադրողը պատասխանատվություն է կրում ամբողջ կյանքի ընթացքում՝ նույիսկ գործածությունից դուրս գալոց հետո։ Ես ներմուծում եմ, օրինակ, ապակե շշով ջուր, ես պատասխանատվություն պիտի կրեմ, մինչև այդ ապակե շիշը դատարկվի, նաև դրա հետագա գործածության համար։ Կամ ես պետք է հետ վերցնեմ, վերամշակեմ դա, կամ էլ պետք է բավականին մեծ գումարներ վճարեմ տվյալ երկրին, որ իրենք կարողանան էդ վերամշակման գումարները հանել»։

2024 թվականից այս ծրագիրն արդեն պետք է գործածության մեջ լինի։ Սա ոչ թե ընտրություն, այլ օրենքի պահանջ է՝ պարզաբանում է թափոնների կառավարման աշխատանքային խմբի ղեկավար, Ամերիկայի առևտրի պալատի փոխնախագահ Էլինա Մարգարյանը․

«Գործընթացը սկսվել է 2019-ին՝ հաշվի առնելով, որ ՀՀ–ն ստորագրել է ԵՄ–ի հետ ընդլայնված համաձայնություն՝ CEPA։ Համաձայն դրա՝ ՀՀ-ում 20-24 թթ պետք է ներդրվի ընդլայնված արտադրողի պատասխանատվության շրջանակում թափոնների կառավարման ենթակառուցվածք։ Մենք սկսցինք գործընթացը և հանդիպեցինք բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց բիզնես մոդելը կամա թե ակամա, առնչվում է նման արտադրության հետ»։

Մարգարյանի խոսքով՝ սկզբում իրազեկման փուլն էր, հետո ձևավորվեց տեխնիկական առաջադրանք, ու դրա հիման վրա սկսեցին փորձագիտական  ուսումնասիրությունները։ Արված աշխատանքի արդյունքը դարձել է ուղեցույց՝ փաթեթավորման թափոնների կառավարման գնահատման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված համակարգի ստեղծման վերաբերյալ։ Սա դեռևս հանրային լսումների, քննարկումների փուլն է, սակայն ներկաները վստահեցնում են՝ վաղ թե ուշ կտեսնենք նաև գործընթացի օրենսդրական կարգավորումները։ Նարինե Ավետյան․

«Փորձագետներն իրականցրել են նաև ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի ուսումնասիրություններ և առաջարկություններ են ներկայացրել։ Մենք դա քննարկում ենք։ Հիմա քննարկվում է աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքում փոփոխություններ, լրացումների, վարչական իրավախախտումների թափոնների մասով, այս ամենը մենք համատեղ քննարկում ենք օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար»։

Նախատեսվող փոփոխությամբ Հայաստանում ապրանք արտադրող կամ ներմուծող ընկերությունները կպարտավորվեն տարանջատել թափոնը, հավաքագրել այն, այնուհետև տեղափոխել վերամշակող կենտրոն կամ կազմակերպություն՝ պատասխանատվություն ստանձնելով ապրանքի համար։

Back to top button