ԿարևորՀասարակություն

ԵՊՀ-ում տրվել է աշխարհում ծրագրավորման ամենահեղինակավոր մրթույթի եզրափակիչ փուլի մեկնարկը

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «ICPC» («ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, «ICPC»-ի կրկնակի չեմպիոն Գենադի Վլադիմիրի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական այլ կառույցներից։

Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը.«Մենք կարևորում ենք ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունները և մեր ողջ ներուժը ծառայեցնում ոլորտում առաջատար մասնագետների պատրաստմանը: Այս առումով չենք կարող չընդգծել այն փաստը, որ մրցույթին մասնակցած 111 երկրներից ընտրվել են լավագույնները, և նրանցից մեկն էլ հենց Հայաստանն է (մեր տարածաշրջանից եզրափակիչ փուլ են անցել Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանի Հանրապետությունը): Մեզ համար մեծ պատիվ է, որ մրցույթն անցկացվում է ՀՀ-ում՝ Երևանի պետական համալսարանում: Մրցույթի արդյունքում որոշվելու են 12 մեդալակիրները: Մեր լավագույն արդյունքը եղել է եզրափակիչ փուլ անցնելը, սակայն հույս ունենք և վստահ ենք, որ եկող տարի Հայաստանը ներկայացնող թիմերը մեդալ են շահելու, և մենք հպարտանալու ենք նրանցով»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացել է ոչ միայն որպես նախարար, այլև որպես մրցույթի՝ Հայաստանի տարածաշրջանի տնօրեն՝ սկսած 2001 թվականից.

«Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում: 20 տարիների ընթացքում անցել ենք բավական երկար ճանապարհ. եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ»:

Նախարարը խոսել է Հայաստանի գրանցած հաջողությունների մասին, շեշտել, որ 2 անգամ ԵՊՀ թիմերը դուրս են եկել եզրափակիչ փուլ: Ներկայումս քննարկվում է Հայաստանում սպորտային ծրագրավորման ֆեդերացիա ունենալու հարցը:

Վ. Դումանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրել է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի՝ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Սամվելի Անդրեասյանին՝ ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում դպրոցական և համալսարանական թիմերի մասնակցության գործում ցուցաբերած մեծ ավանդի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրով պարգևատրել է նաև Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Էդուարդի Փիլիպոսյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Սուրեն Գևորգի Խաչատրյանին՝ համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների նվաճումների և գրանցած բարձր արդյունքների համար:

«CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանն ասել է, որ լինելով համալսարանական՝ ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել մրցույթին, մարզել համալսարանական թիմեր, իսկ այսօր մրցույթի կազմակերպիչն է. «Այս տարի մեր շանսերը կրկնապատկված են, քանի որ նախկինում ունեցել ենք 1 մասնակից թիմ, իսկ այս տարի մասնակցում են 2 շատ հզոր թիմեր: Այս տարի հույս ունենք ստանալու 12 մեդալներից մեկը»:

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Սամվելի Անդրեասյանն ասում է, որ մեր ներկայացուցիչները տարեցտարի գրանցում են մեծ հաջողություններ: Բարդ խնդիրները համարվում են լուծված, եթե բոլոր խնդիրների պատասխանները ճիշտ են, լուծումները տրվել են արագ, իսկպատասխաններն ստուգվում են հատուկ ծրագրի միջոցով:

Դիմելով մրցույթի մասնակիցներին՝ Գենադի Կորոտկևիչն ասել է. «Եթե դուք հասել եք այս փուլին, ուրեմն այն ձեզ հետաքրքիր է: Ինչքան էլ դժվար լինի, չպետք է հանձնվեք: Պետք է հաճույք ստանալ այդ գործընթացից»:

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։

Back to top button