ԿարևորՔաղաքական

Արցախը՝ Արևմուտքի և  Ռուսաստանի առճակատման տարածք

Արցախի Փառուխ գյուղի մասին այսօր խոսել են Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, բայց տարբեր քաղաքական տեքստերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժումը լրջագույն փորձություն է խաղաղապահ առաքելության համար: Ալիևը հայտարարել է, որ Փառուխը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Ստեփանակերտը հստակեցնում է՝ հավատարիմ են անկախության համար պայքարին: 

Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է` հայտնում են Արցախից և մանրամասնում՝ նախօրեին Փառուխի տարածքում վիրավորում ստացած Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: Վիրավորման լուրը հայտնել էր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը՝ արձանագրելով հրադադարի պահպանման ռեժիմի խախտում:

Արցախի նախագահը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի հետքաշման շուրջ բանակցում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի ավելացմամբ․

«Ադրբեջանը խախտել է պայմանը և կասկածի տակ է դրել խաղաղապահ առաքելությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը և  նախորդած իրադարձություններին, նշել է, որ այդ գործողություններն Ադրբեջանի ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցն են: «Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ, և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը իր հիմնական խնդիրներից է»,-հայտարարել է Փաշինյանը․

«Այստեղ հարցեր են առաջանում նաեւ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Այս պահին կարևոր է, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, սա նաև լրջագույն փորձություն է խաղաղապահների առաքելության համար»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ խոսել է Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու ու Քարագլուխ բարձունքը զբաղեցնելու ռազմավարական նպատակի մասին։ Հայտարարել է, որ Խաչենի ջրամբարը գտնվում է Փառուխ լեռան տակ, շեշտել է, թե հայերի ռազմական դիրքերը վտանգ են ներկայացրել այդ ջրամբարի շահագործման համար»։

«Փառուխ լեռը մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Լեռը մեծ նշանակություն ունի Խաչենի անվտանգության ու այդ ջրի օգտագործման համար»,-ասել է Ալիևը։

Ալիևն այդպիսով, փաստացի, խոստովանում է, որ փետրվարի 24-ին Ադրբեջանը ծրագրված սադրանքի է դիմել: Արցախի նախագահը, հակադարձելով Ալիևին, հայտարարել է, որ խաղաղապահները ոչ միայն Փառուխում են, այլև Քարագլխի հատվածում։ Այս մասին Արայիկ Հարությունյանն ասել է նոյեմբերի 9-ի  կառավարության նիստում․

«Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում։ Ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նաև՝ կամավորականներ և ԱԱԾ ստորաբաժանումներ: Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և նաև ռուսական խաղաղապահներ, արդեն երեկվանից գտնվում են Քարագլխի հատվածում՝ ոչ միայն Փառուխի հատվածում, այլ նաև Քարագլխի»։

Ալիևը նաեւ իր վերջին հայտարարության մեջ դժգոհել է Հայաստանի զինվելուց։ Ասել է, թե «անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը»։ «Ադրբեջանը «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը»։ Արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը սպառնալիք չէ նաև միջազզգային հանրությանը: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին լսենք․

«Ալիևի հերթական և իրական դիմագիծն է: Ինքը չի թաքցնում, որ Հայաստանի զինվելու դեպքում պատերազմ կսկսի: Մենք խաղաղության դարաշրջանի ենք գնում: Սպառնալիք է: Գոյությանդ իրավունքը դնում է կասկածի տակ, պետք է լինես երկրորդական պետություն, այլ տարբերակ չի տեսնում մեր գոյության համար: Ինչքան ասի, որ մենք հասկականք: Իսկ միջազգային հանրությունը զբաղված է իր հոգսերով»:

«Եթե Ռուսաստանը ցանկանա Հայաստանին զենք վաճառել, պետք է վախենա՞ Ադրբեջանից»․ իր իսկ հարցին փորձագետի պատասխանը «ոչ»-ն է։ Նկատում է՝ Ալիևի խոսքն ուղղված էր ներքին լսարանին։

Back to top button