ԿարևորՀասարակություն

Այսօր Հայաստանի էներգետիկ ապագան ատոմայինն է, ի՞նչ կլինի վաղը՝ ժամանակը ցույց կտա

Ապրիլի 15-ին, կեսգիշերին, 85 օրով աշխատանքը կդադարեցնի Մեծամորի ատոմակայանը։  2021–ին ՀԱԷԿ–ը նախատեսված 141 օրվա փոխարեն կանգնել էր 166 օր՝ «Ռադիոլուր»–ին ասել է Տարածքային կառավարման ու  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Հակոբ Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ հավանաբար հաջորդ տարի շահագործման ընթացքը երկարաձգելու աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի  նախատեսված ժամկետով՝ տարեկան 48–50 օր։ Օրակարգում նոր ատոմակայան ունենալու հարցն է, հայ–ռուսական աշխատանքային խումբը ձևավորված է։

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր ատոմակայանը, դեռ պարզ չէ։ Այս պահին հստակ է միայն, որ մեր երկրի էներգետիկ ապագան ատոմայինն է։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝  նոր ատոմակայանի կառուցման խնդիրներով զբաղվող  աշխատանքային խումբն արդեն ձևավորված է։ Այժմ առաջարկներ ներկայացնելու փուլն է․  

«Պետք է լսենք  ինչպիսի առաջարկներ ունի  ռուսական կողմը, դրանցից որոնք կհամապատասխանեն մեզ։ Հերթով կքննարկենք, հայեցակարգ կմշակվի ու երևի առաջիկա մեկ տարում արդեն կոնկրետ ռեակտորի կոնկրետ ընտրություն  կկատարվի»։

Ընդամենը 2 օր անց, ապրիլի 15-ին, 24․00-ին ատոմակայանը կրկին դադարեցնելու է իր աշխատանքը՝ 85 օրով։  2021–ին ՀԱԷԿ–ը նախատեսված 141 օրվա փոխարեն կանգնել էր 166 օր՝ հստակեցնում է Հակոբ Վարդանյանը։ Ընդգծում է՝ հաջորդ տարի, հավանաբար,  շահագործման երկարաձգմանն առնչվող աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի  նախատեսված ժամկետով՝ տարեկան 48–50 օր։ Անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։

«Կառուցվել է  նոր սերնդի՝ Ֆոկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։  Վթարային  համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և  համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ– պահանջներին»։ 

Այժմ ՀԱԷԿ-ը  սկսում է մեր երկրի համար կարևորագույն և պատասխանատու 2 նախագիծ։ Դրանք ներառված են Հայաստանի՝ մինչև 2040թ. էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում։ Մինչև 2036թվականը երկարեցվելու է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը և հանրապետության տարածքում կառուցվելու է նոր միջուկային էներգաբլոկ։ Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության նախագահ Պավել Իգնատովն ընդգծում է՝ անկախ նրանից, թե ինչ ատոմակայան կկառուցվի Հայաստանում, երկիրը էլեկտարէներգիա արտահանելու մեծ ներուժ ունի․

«Հայաստանը պետք է ընտրի, թե ինչպիսի ատոմակայան է  ցանկանում ունենալ։ Ժամանակ դեռ կա։ Պետք է մանրամասն ու խորությամբ  ուսումնասիրել ։ Առաջարկները շատ են, բայց ինքներդ պետք է ընտրեք։ Հատկապես, որ Հայաստանը կարող է նաև էլեկտրաէներգիայի արտահանման դոնոր դառնալ հարևան երկրների համար»։

Այժմ էլ մեր երկիրը  հոսանք է արտահանում։Անցած երեք ամիսներին Հայաստանը 170 մլն կիլովատ ժամ հոսանք է արտահանել Վրաստան։ 2017թ–ից հետո նման ծավալի արտահանում  չի եղել՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Բացատրում է՝ Հայաստանը նախկինում չէր կարողանում արտահանել, քանի որ գները մրցունակ չէին։ Այս տարի պատկերը փոխվել է․

«Արտահանմանն օգնել է Եվրոպայում գազի գնի թանկացումը։ Ադրբեջանը ձմռանը դեպի Վրաստան հոսանքի հիմնական արտահանողն էր, կրճատել են արտահանումը։ Հունվար–փետրվարին արտահանումչէին իրականացրել, բացը մենք ենք լրացրել, քանի որ մեր կայաններն արդեն մրցունակ են։ Իրենք էլ Եվրոպա են գազն արտահանել, որովհետև այնտեղ ավելի թանկ է»։

Աշխարհը գնում է մոդուլային ատոմակայանների կառուցման ճանապարհով՝ «Ռադիոլուր»–ին ասում է   ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։ Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․

«Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող  հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։

Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից։ Մինչդեռ  ՀԱԷԿ–ը մեկ մեծ ռեակտորով է աշխատում։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի, աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։ Քննարկման օրակարգում են բոլոր՝ այդ թվում մոդուլային ատոմակայաններ ունենալու հարցը, բայց հայ մասնագետները, ՏԿԵ փոխնախարարի փոխանցմամբ, հակված չեն Հայաստանում նոր տեսակի կայան տեղակայելու տարբերակին։

Back to top button