ԿարևորՀասարակություն

9-օրյա մարդահամար, արդյունքը` 1 տարուց․ մասնագետները`նախորդ մարդահամարների տվյալների շեղումների մասին

Հայաստանն արդեն պատրաստվում է 2022 թվականի նոր մարդահամարին։ Սա նորանկախ Հայաստանի երկու մարդահամարներից տաբերվում է, մասնավորապես, կազմակերպման մեթոդաբանության և հարցաշարերի մեջ կան փոփոխություններ։ Աիդա Ավետիսյանն է ներկայացնում։ Մասնագետները կարևորում են Հայաստանի կյանքի այսպես ասած «գույքագրումը»՝ միաժամանակ նաև խոսելով նախորդ մարդահամարների տվյալների շեղումներից։

Հայաստանում կանցկացվի հերթական մարդահամարը` նախորդից 11 տարի անց։  Հոկտեմբերի 13–ից 22–ը հանրապետության ողջ տարածքում  հաշվարարներն ու հրահանգիչները տեղեկություններ կհավաքեն  բնակչության թվի,  սոցիալ-տնտեսական վիճակի, բնակարանային պայմանների, կրթական մակարդակի, զբաղվածության  մասին և ոչ միայն։ Անկախ Հայաստանի երրորդ մարդահամարի  հարցումների ոլորտն ընդլայնվել է։ Հարցաթերթիկներում  կլինեն նաև մարդկանց առողջական վիճակին  առնչվող հարցեր։ Անձին բնութագրող 37, բնակարանային պայմաններին վերաբերող 16 և այլ հարցերի միջոցով կփորձեն գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ ստանալ վերջին 11 տարվա  ամփոփ պատկերը։  Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության  մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ  Կարինե Կույումջյանի խոսքով՝ սա կարևոր գործընթաց է բոլոր ոլորտներում բացերը տեսնելու առումով։

«Քաղաքացիության, երկրի վերաբերյալ ևս հարցեր կլինեն, մարդահամարի  պահին ժամանակավոր  ներկա գտնվելու, ամուսնական կարգավիճակի վերաբերյալ, ծնելիության պարզաբանման հարցեր կլինեն, անձի գոյության միջոցների  աղբյուրների վերաբերյալ հարցադրումներ կլինեն»։

Երրորդ  մարդահամարը կանցկացվի նոր մեթոդաբանությամբ՝ համակցված եղանակով։ Ինչպես Կարինե Կույումջյանն է բացատրում՝ կօգտագործվեն  բնակչության պետռեգիստրի ամբողջական տվյալները։ Ռեգիստրում արդեն առկա են այն հիմնական ցուցանիշերը, որոնք կարևոր են մարդահամարի հիմնական ամփոփ արդյունքները ստանալու համար։ Անձի նույնացման վերաբերյալ տեղեկատվությունից  մինչև կացության կարգավիճակ․սրանք նվազագույն ցուցանիշերն են, որոնք առկա են բնակչության ռեգիստրում։

«Բայց , հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության պետռեգիստրում արդիականացումներ իրականացվում են, եթե անձը դիմում է ռեգիստրին  այդ փոփոխություններն  իրականացնելու համար, դա հատուկ ծրագրային ապահովման միջոցով  համակցվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի վարչական շտեմարանի հետ, և սրանց փոխգործելիության արդյունքում արդեն մարդահամարի համար հասանելի պետք է լինեն անձի երկրում գտնվելը  կամ երկրից բացակայելը։ Ընդ որում՝ ժամանակավոր բացակայություն է, թե անձը բացակայել է 12 ամիս կամ ավել ի ժամկետով»։

Ծրագիրը կարժենա շուրջ 3 մլն դոլար։  Հարցումներն իրականացվելու են պլանշետներով՝ այդպիսով, ըստ Կարինե Կույումջյանի, տնտեսելով  որոշակի ծախսեր։ Հարցումը կանեն  2180 հաշվարար ու 433 հրահանգիչ։

«Այս պահի դրությամբ մենք ընտրել ենք նաև համակարգողների, որոնք պետք է աշխատեն վիճկոմիտեի  Երևան քաղաքի և մարզային վարչություններում՝  նախապատրաստական աշխատանքները   կազմակերպելու համար։ Այս պահին էլ ընթանում են փուլային հրահանգավորումները։ Հրահանգավորման առաջին էտապն արդեն սկսել են»։

2001-ին և 2011 -ին մարդահամարները ցույց են տվել բնակչության թվաքականի նվազում՝ «Ռադիոլուրին» ասում է ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը։  2011-ի մարդահամարի տվյալներով՝ 2001-ի համեմատ առկա բնակչության թվաքանակը նվազել է  շուրջ 140 հազարով, իսկ  մշտական բնակչությունը՝  շուրջ 195.000-ով։ Ըստ ժողովրդագրի՝ այս մարդահամարը նախորդ երկուսի նման կտրուկ նվազում չեն արձանագրի, քանի որ  արդեն իսկ  հաշվարկվում է միգրացիոն սալտոն, բայց բնակչության թվաքանակը վերջին 9 տարում նվազում է՝ կանխատեսում է զրուցակիցս։ 

«Կարծում եմ՝ տարբերություններն այդքան մեծ չեն լինի։ Կարևոր է մարդահամարը ոչ միայն ժողովրդագրության թվերի , այլև բոլոր գերատեսչությունների համար։ Պետք է հասկանալ, թե ինչ աշխատանքային ռեսուրսներ են մնացել, ինչ բաշխվածություն ունեն կոնկրետ մարզային կտրվածքով։  Գյուղական ու քաղաքային բնակչություններն ինչքան են։ Ո՞ր տարածաշրջանում ինչ բնակչություն ունենք»։

Ըստ ժողովրդագրի՝  երկու մարդահամարների և վերջին տարիների հաշվարկները ցույց են տվել, որ բնակչության թիվն ամենաշատը նվազել է Լոռիում՝ 2003 -ից մինչև այսօր՝ 27-28 տոկոսով։ Հարցումները ցույց են տվել նաև, որ ՀՀ-ում առաջին խնդիրը զբաղվածությամբ ապահովելն է։ 30 տարում աշխատատեղերի հարցը չի լուծվում։

«Երբ հետազոտություն է  անցկացվում և հարցնում ենք՝ ինչու չեք ուզում երեխա ունենալ,  ասում են՝ աշխատատեղի խնդիր կա։ Առաջին տեղում աշխատատեղն է։ Աշխատատեղերը մի քիչ ավելի լուրջ խնդիր ունեն՝ առնչվում են նաև կրթական ոլորտին։ Բազմագործոն է»։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ երկու մարդահամարները ցույց են տվել, որ ոչ միայն բնակչության աճն է դանդաղել, այլև միգրացիոն ապաբնակեցում կա, նաև՝ բնակչության արտագաղթի թերհաշվառում։ Թերհաշվառված մարդկանց հիմնական մասը տղամարդիկ են՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներ։ Արտահոսքի հետևանքով փոխվել է բնակչության սեռատարիքային կազմը, նվազել է  երեխաների թիվը,  բնակչությունը ծերացել է։  

«Պաշտոնապես ընդունված կարգ կա՝ օրենսդրորեն ամրագրված, թե ինչպես պետք է հաշվառվի միգրացիան։ Այդ բնակչությունն այդ կերպը չէր ընդունում և չէր իրականացնում, ինչի հետևանքով  ստացվում էր, որ մարդիկ գնում էին, և նրանց մասին որևէ տեղեկատվություն վիճակագրական աղբյուրներին չէր հասնում։ Եվ այդ մարդը ձևականորեն շարունակվում էր մնար որպես ՀՀ բնակիչ , բայց երբ գալիս էր մարդահամարի կամ հաշվառման պահը այդ մարդկանց չէին գտնում։ Եվ այդքանով մեր մարդահամարային բնակչության թիվը լինում էր ավելի պակաս, քան ընթացիկ հաշվառման գնահատականներով։ Մոտավորապես ամեն մարդահամար 100 հազար մարդու գերհաշվառում էր իրականացրել»։

9-օրյա մարդահամարի արդյունքները հայտնի կլինեն 1 տարի 2 ամիս անց՝ 2023-ի դեկտեմբերին։

Back to top button