Մասնագիտություն

Անտառը՝ մոլորակի ամենամեծ հարստություն ու կյանքի խորհրդանիշ․ «Մասնագիտություն»

Մարդու կենսաբազմազանության և ապրուստի միջոցների անծայրածիր միջավայր, բնության և կենդանական աշխարհի պահապան, կենարար օդի ու առատ բարիքների անսպառ աղբյուր. մոլորակը գոյատևելու համար կախված է անտառներից, և մեր կանաչ բարեկամները պաշտպանության կարիք շատ ունեն:

Անտառներն առանձնահատուկ դեր են կատարում երկիր մոլորակի վրա՝ ունենալով էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն։ Աշխարհի բոլոր երկրների բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից է անտառների պահպանության, ճիշտ օգտագործման և բնության օրենքներին համահունչ ապրելու կարևորությունը, որովհետև անտառների խելամիտ կառավարումն աշխարհում կայուն զարգացման, աղքատության նվազման ու կայուն բնակլիմայի հիմնաքարն է։

Կենդանի էակներին, այդ թվում և մարդուն բազմաթիվ բարիքներ պարգևող անտառը մեր մոլորակի ամենամեծ հարստությունն է ու կյանքի խորհրդանիշը: Անտառների և դրանց կենսաբազմազանության պահպանման խնդիրներն է ուսումնասիրում անտառագիտությունը:

Գիտություն, որն այնքան հին է, որքան՝ կյանքը երկրագնդի վրա, գիտություն, որի գիտելիքները ծագել և զարգացել են մարդու պրակտիկ գործունեությանը զուգընթաց, գիտություն, որի դերն ու նշանակությունը հասարակությունը տարեցտարի էլ ավելի է գիտակցում: Չափազանց հետաքրքիր և օգտակար է անտառագետի մասնագիտությունը:

Անտառագետը պետք է անմնացորդ սիրի բնությունը, պաշտպան կանգնի և պայքարի անտառների խնդիրների լուծման համար՝ ապահովելով մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը, և եթե դուք սիրում եք բնությունը, ապա վստահաբար կարող եք ընտրել այս մասնագիտությունը:

Զրույց անտառագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Խուրշուդյանի հետ։

Back to top button