Երաժշտական եռանկյունի

«Անուշ»-ը՝ անգլերենով. Տիգրանյանի օպերան աշխարհին ներկայացնելու «համարձակ քայլ». «Երաժշտական եռանկյունի»

Արմեն Տիգրանյանի «Անուշը» ամենանշանակալից հայկական դասական օպերաներից մեկն է, եթե ոչ առաջինը: Հայաստանյան բարձր դասական արվեստն առաջին հերթին ներկայացված է նման կոթողներով, որոնք հիմք են հանդիսացել հայ ակադեմիական երաժշտության բնականոն զարգացման ու տարածման համար և երաշխավորել դրա կենսունակությունը։

«Այո, համամիտ եմ, հայկական օպերան ճանաչվում է առաջին հերթին Տիգրանյանի Անուշով»,-ասում է բեմադրիչ Ժիրայր Փափազյանը:

Առավել կարևոր է, թե ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով է այն ներկայացվում Հայաստանից դուրս, որովհետև յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները և ընկալման պահանջները: Հենց դրանով էր պայմանավորված «Անուշ» օպերայի անգլերեն թարգմանելու և ամենակարևորը՝ բեմ բարձրացնելու խնդիրը միացյալ նահանգներում:

-Ինչպե՞ս դիմեցիք նման պատասխանատու քայլի:

«Տարբեր զուգադիպությունների արդյունք է սա: Նոր էի ավարտել ուսումս Երևանի թատերական ինստիտուտում, և աշխատանք էի փնտրում Միացյալ Նահանգներում: Այնպես ստացվեց, որ օպերային թատրոնի ղեկավարությունը շահագրգռված էր տարվա ընթացքում որևէ ազգային օպերա բեմադրելու հարցում, և իմ լավ բարեկամների հուշումով թատրոնի տնօրենին առաջարկեցի անդրադառնալ «Անուշին»: Սկզբում ընդամենը ներկայացրեցի կլավիրը և ձեռքիս տակ եղած միակ ձայնապնակը, որը լույս էր տեսել խորհրդային շրջանում: Անմիջապես հետևեց «Անուշը» բեմադրելու առաջարկը, բայց պայմանով, որ այն պետք է հնչեր ոչ թե հայերենով, այլ անգլերենով: Հետաքրքիր է, որ այն ժամանակաշրջանում անգլերենով կատարելը պարտադիր պայման էր Միացյալ Նահանգներում, բայց ժամանակները փոխվում են, փոխվում են պատկերացումներն ու պահանջները և այսօր այն, ինչ արվեց մի քանի տասնամյակ առաջ, ավելի շուտ խորհրդանշական արժեք է, և ինչո՞ւ ոչ, աշխարհին «Անուշի» հետ ծանոթացնելու համարձակ քայլ»:

Բախտի կամ իրադարձությունների բերմամբ Ժիրայր Փափազյանը ստիպված էր ո՛չ միայն ներկայացնել Տիգրանյանի գլխավոր ստեղծագործությունը, այլև թարգմանել լիբրետոն, և բեմադրել օպերան:

Հաղորդման ընթացքում հնչում են արդեն պատմական դարձած կատարման հատվածները, որոնք, անշուշտ, մեծ արժեք են ներկայացնում թե՛ պատմության, թե՛ երաժշտագիտության համար:

Back to top button