ԿարևորՀասարակություն

Փոխադարձ մեղադրանքներ՝ դավաճանության շուրջ․ ԱԺ դահլիճի մի մասը դատարկվեց մինչև շաբաթվա վերջ

Խորհրդարանական ընդդիմությունը, ԱԺ նիստերի դահլիճում սեղաններին թողնելով Արցախի դրոշները՝  հայտարարել են, որ բոյկոտում է այս շաբաթվա լիագումար նիստերը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մեկնել են Արցախ, Սյունիք և Տավուշ՝ մարզեր, որոնք համարում են վտանգված։  

Դահլիճը լքած ընդդիմադիր գործընկերներին ԱԺ նախագահը առաջարկել է մանդատները վայր դնել և հրաժարվել աշխատավարձից, որն «ստանում են առանց աշխատելու»։

Արցախի թեման Ազգային ժողովում խորացրել է անջրպետը իշխանության և ընդդիմության միջև։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Արցախը միայնակ թողնելու համար, իշխանությունը ընդդիմության գործողություններում տեսնում է թշնամու շահերի  սպասարկում։  Իրենց մտահոգող կասկածներն ու մեղադրանքները բարձրաձայնեցին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանը․

Ալեն Սիմոնյան «Զուգորդված աշխատանք ադրբեջանական զինված ուժերի հետ։ Հայտարարություն՝ սադրանք սահմանին, հայտարարություն՝ սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հայտարարություն ու հանրահավաք։ Հենց ամբողջը իրար հետ զուգորդված է, դրանք զուգադիպություններ չեն, ու սրա պատասխանը դուք պետք է տաք՝ ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու»։

Գուրգեն Արսենյան․ «Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք ՀՀ ժողովրդի առջև։ ՀՀ ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմի կամ արկածախնդիր ղեկավարների՝ խաղալ ՀՀ անվտանգության հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռվի»։

Այս մեղադրանքները ընդդիմության հասցեին հնչեցին այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ամբիոնին ամրացրեց Արցախի դրոշը և հայտարարեց լրաջույն մարտահրավերների մասին։ Ընդդիմադիրները մտահոգված են՝ կարծում են, որ Հայաստանի համար սահմանված «կարմիր գծերը» կարող են խախտվել։ Խաղաղության որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, անընդունելի է,- ասում է Սեյրան Օհանյանը․  

«Խաղաղության պայմանագրի» շրջանակում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման։ Իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում իրեն խորհրդարանական մեծամասնությունը։ Մեր իրական օրակարգերը Աժ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն, նրանք բացարձակ ձեռնպահ կեցվածք են ընդունում, հատկապես երբ հարցը վերաբերում է Արցախին»։

Բոյկոտելով Աժ–ի աշխատանքը այս շաբաթ, ընդդիմադիրները բոյկոտում են  կառավարության և վարչապետի մեկ տարվա հաշվետվությունը, որն ըստ օրակարգի՝ պետք է ներկայացվի այս շաբաթ, բոյկոտում են նաև կառավարության հետ հարց ու պատասխանը։ Փոխարենը տարբեր քննարկումներ և հանդիպումներ են ծրագրել ընդդիմադիրները Արցախում, Սյունիքում և Տավուշում։ Չեն բացառում Արցախի խորհրդարանում Արցախի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերելու հավանականությունը։

Ընդդիմության՝ դահլիճը լքելուց հետո էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում էին հեռակա բանավեճը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը խոսում էին ընդդիմադիրների բոյկոտի ու պայքարի գործիքակազմի մասին․     

Հայկ Կոնջորյան «ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի առջև դեմոնստրատիվ դրոշը տեղադրելը և այդ դրոշի և արցախցու մասին չխոսելը միջազգային հարթակներում մի բանի մասին է խոսում՝ այսօրվա խորհրդարանական ընդդիմության կռիվը Հայաստանում է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի մունետիկն է, իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները: Ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և  անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար»։

Ռուստամ Բաքոյան․ «Արցախ մեկնելով որևէ լավ բան չեք անում։ Եթե լավ բան անեիք, ապա այն օրերին, երբ 44-օրյա պատերազմը դեռ մի քանի օր էր սկսել, մեր շարքերից չէիք փորձի մարդկանց փողով առնեիք, տանեիք։ Փորձեիք մեզ հետ կոնտակտի մեջ մտնեիք և ասեիք՝ որևէ բան մի՛ արեք, ակտիվ մի՛ եղեք, մեկ ամիս հետո բան է լինելու»։

ՔՊ-ի պատգամավորները հորդորում էին Հայաստանի ղեկավարությանը խոսել Արցախի իշխանությունների հետ։ Մինչդեռ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը և «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը իշխող ուժի պատգամավորների ասածները այլ կերպ են մեկնաբանում․

Իշխան Սաղաթելյան «Փաստորեն, ինչ է ստացվում։ Ասում են՝ Արցախ չենք գնում, որ Ալիևը չջղայնանա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնենք, Արցախից չենք խոսում, որովհետև դա վտանգավոր է։ Շատ արագ պրոցեսներ են տեղի ունենում, վերջին բրյուսելյան հանդիպումը ևս դրա վկայությունն է։ Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք արցախյան հիմնախնդրի վրա։ Դժբախտաբար, ամեն ինչ սկսում ենք զրոյից»։

Հայկ Մամիջանյան «Ցավալի է, որ Հայաստանի իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են այն բոյկոտին։ Այ իրենցը իրական ու ցավալի բոյկոտ է՝ բոյկոտելով Արցախի Հանրապետությունը, չայցելելով Արցախ և միայնակ թողնելով Արցախը»։

Խոսելով արագընթաց զարգացումների և բրյուսելյան հանդիպումների արդյունքների մասին՝ ընդդիմադիրները թերևս նկատի ունեն արտգործնախարարների միջև կապ հաստատելու հանձնարարականը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի Ջեյհուն Բայրամովն արդեն կապ են հաստատել և մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, առավել ճշգրիտ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ապագայի վերաբերյալ վերջին քննարկումներին արձագանքել է Ֆրանսիան։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությամբ Ֆրանսիան հիշեցնում է իր լիակատար հանձնառությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբում համանախագահ՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

«Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, շարունակում է աջակցել սահմանների սահմանագծման աշխատանքներին, տարածաշրջանի ապաշրջափակման, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասված է Ֆրանսաիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում։

Back to top button