Բնական ընտրություն

Պատահականությունից՝ հայտնագործություն․ ինչպես շվեյցարացի ինժեները կռատուկի շնորհիվ հայտնաբերեց կպչուկը․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Ընտանի կենդանու «չարաճճի» խաղը՝ մարդկությանը պիտանի հայտնագործության առիթ»

1958 թվականի մայիսի 13-ին շվեյցարացի ինժեներ Գեորգ Դե Մեստրալը սկսեց սեփական ապրանքանիշի՝ Velcro անվամբ կպչուկի վաճառքը։ Այն հետագայում դարձավ կարի արտադրության, զինվորական համազգեստների և բժշկության մեջ կիրառվող անփոխարինելի իրերից մեկը։ Դրա հայտնագործումը Մեստրալի մոտ ստացվել էր բավականին պատահական կերպով․ զրուցակիցս ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն է․

«Մեստրալը գնացել էր փորձի՝ շանը թողնելով կանաչ հատվածում։ Վերադառնալով տեսել էր, որ շունը թավալվել է կանաչների մեջ  և նրա վրա կպել են նույնատեսակ բույսեր, խոսքը կռատուկի մասին է և այս դիպվածը հիմք դարձավ մարդկությանը պիտանի հայտնագործություն անելու համար։ Ինժեների մոտ միտք է առաջանում արդյունաբերության մեջ օգտագործել, այստեղ ֆիզիկան շատ պարզ է՝ կռատուկի վրա կեռ հատիկներ կային, որոնք կպնում են գործվածքին և դժվար են պոկվում, և եթե ժամանակակից կպչուկները նայենք, ամենապարզ՝ սանտավիկները, մի կողմում գործվածքանման հատված է, մյուսում՝ կեռիկանման և ամենապարզ մեխանիզմով դրանք կպնում են իրար ուղղակի»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Կռատուկը  բարդածաղկավորների ընտանիքի, կռատուկ ցեղի խոշոր տերևներով երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Տերևները խոշոր են, հերթադիր, գոգավոր-ատամնաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման։ Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, երկրորդում՝ ծաղիկները։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր։ Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստին։ Կպչուկը հայտնագործած Գեորգ Դե Մեստրալն իր առաջին փորձարկումն իրականացրել է Լիոնի հայտնի կարի արտադրամասերից մեկում, հետագայում՝ 1970-ական թվականներին կպչուկը մտնում է մասսայական արտադրության մեջ։ Դա սկսում է օգտագործվել անգամ NASA-ի տիեզերագնացների տիեզերական հագուստների արտադրության մեջ։

Բացի կարի արտադրության մեջ կարևոր նշանակությունը, կռատուկն օժված է բուժիչ հատկություններով։ Այն պարունակում է ինսուլին, օրգանական թթուներ, եթերայուղ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկային հիվանդությունների ժամանակ։ Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի են։ Կենսաբան Նորայր Գաբրիելյանի խոսքով՝ կռատուկի բուժիչ հատկությունները մինչ օրս լայնորեն կիրառվում են բժշկության մեջ․

«Վերջերս մի դեպք կարդացի, որն իրական է, անտառում արշավականներից մեկի ոտքը վնասվում է, բաց պատռվածք է ստանում և հենց կռատուկի շնորհիվ կարողանում են բաց վերքը փակել, իսկ արնահոսությունը կանգնում է։ Հետագայում ուսումնասիրություն կատարելով հասկացան, որ բույսի տարբեր հատվածներից կարելի է ստանալ պատրաստուկներ և օգտագործել բժշկության մեջ»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Բույսն օգտագործում են թոքերի պալարախտի, շաքարախտի, ստամոքսի խոցի, գաստրիտի , լեղային և միզային քարերի, տենդի, թութքի, քրոնիկ փորկապության և այլ հիվանդությունների դեմ։ Բացի այդ, օգտագործում են սնդիկով թունավորման և թունավոր կենդանիների խայթոցի ժամանակ։ Այլ բույսերի հետ նշանակվում է արյան զեղումների, սիֆիլիսի բուժման, միջատների և թունավոր օձերի խայթոցների ժամանակ։ Օգտակար է նաև կռատուկի յուղը։ Այն ստանում են կռատուկի արմատների հետ նշի կամ ձիթապտղի յուղի համադրումով։

Գլուխ 2

«Պատահակությունից՝ հայտնագործություն․ մի քանի օրինակ»

Պատահական իրադարձությունների արդյունքում մարդկությանը պիտանի հայտնագործությունների շարքը կպչուկի ստեղծմամբ չի ավարտվում։ Իմ հաջորդ զրուցակիցը բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

«Օրինակները շատ են, ես կսկսեմ երևի Նիկոլա Տեսլայի ՝ էլեկտրամագնիսական դաշտերի մասին հայտնագործությունից։ Իհարկե կարծիքները շատ տարբեր են Տեսլայի մասին, ընդհուպ խոսվում է այն մասին, որ այդ մարդն այլմոլորակային է, բայց իրականում հայտնագործությունները ֆիզիկական երևույթների բացահայտումներ են, մեկն այն էր, որ նա նկատել էր, թե ինչպես է էլեկտրական լարի կոճը լիցքավորել իր կողքին գտնվող մեկ այլ կոճ, որը միացված չի եղել հոսանքին, ուղղակի իմպուլսներ ստանալով լիցքավորվել է, էլեկտրամագնիսական դաշտերի ստեղծման գաղափարն է առաջ եկել, ինչը մեծ կիրառելիություն ունի օրինակ ռադիոյի բնագավառում»,- ասում է բիոինժեները։

Հաջորդ «պատահական» հայտնագործությունը, որի մասին խոսեց զրուցակիցս, օգտագործվում էր սկզբում սև ու սպիտակ, հետո՝ գունավոր ֆիլմարտադրության մեջ․

«Հարավային Ամերիկայում բույսեր կան, որոնք արևի ճառագայթների հաճախականությունից փոխում են իրենց երանգը։ Մարդը բնության այս երևույթը վերածեց կինոժապավենի կամ լուսանկարչական ժապավենի, բուն մեխանիզմը նրանում է, որ լույսի հաճախականությունը թողնում է միագույն ժապավենի վրա տարբեր խորության հետքեր, իսկ հակառակ արտացոլման դեպքում արդեն երևում է պատկերը»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Պատահական հայտնագործությունների շղթան կարելի է երկար թվարկել։ Ինչպես բանախոսներս փաստեցին՝ մարդը ոչինչ չի հայտնաբերում, ուղղակի օգտագործելով սեփական մտավոր ներուժը բնությունից տեխնոլոգիաներ է փոխառում։

Back to top button