ԿարևորՀասարակություն

Ուկրաինայից Հայաստան 2 օրվա ճանապարհը՝ 11 օրում․ Մնացականյանները վերջին փողով հայրենիք են վերադարձել

 Ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան է եկել Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի․ Միգրացիոն ծառայությունից հայտնում են առաջին եռամսյակի սահմանահատումների վիճակագրությունը և շեշտում՝  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հոսքը Հայաստան վերջին 3 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել է մի քանի անգամ։ Ավելի վաղ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից էլ «Ռադիոլուրին» հայտնել էին, որ իրենց  տվյալներով՝ Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիները մեծ մասամբ ազգությամբ հայեր են։ Ի՞նչ խնդիրների են բախվում Ուկրաինայից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցները, և ի՞նչ է առաջարկում Հայաստանը ուկրաինահայերին:

Բարև ձեզ, ես Սերոբ Մնացականյանն եմ՝ 28 տարեկան։ Ուկրաինայում աշխատում էի լոգիստիկայի ոլորտում։ Սովորական կյանքով էի ապրում․ գնում էի գործի գալիս էի տուն, հանգստյան օրերն էլ ընկերներիս հետ էի անցկացնում։

Ես Մնացականյան Անուշն եմ, Ուկրաինայում աշխատում էի որպես նոտարի օգնական, իրավաբանական բաժինն էի ավարտել, երկու կարմիր դիպլոմ ունեմ, արդեն գրեթե 5 տարվա աշխատանքային փորձ ունեի, շարժվում էի դեպի իմ մեծ նպատակը, բայց․․․

Մնացականյանների ընտանիքը Ուկրաինայի Խարկովի մարզում էր ապրում․ ծնողները դեռ նախորդ դարավերջին էին Երևանից տեղափոխվել Ուկրաինա․ Խարկովից 100կմ հեռավորության վրա գտնվող Բալակլեա քաղաքում էին ապրում, երեխաներն էլ սովորում ու աշխատում էին Խարկով քաղաքում։

«Խարկովն Ուկրաինայի ամենասիրուն քաղաքն էր, ու, ցավոք սրտի, այսպես եղավ։ Ուսանողական քաղաք էր, շատ սիրուն ու մեծ։ Վերջին 4 տարվա մեջ շատ բան էր արվում քաղաքի համար, ապրելու համար շատ հարմար էր։ Ուկրաինայում պապան էլ, մաման էլ գործ ունեին, մենք էլ, բայց հիմա չգիտեմ՝ ոնց կլինի»,– պատմում է Անուշ Մնացականյանը։

Խարկովում ընտանիքի հայրը սեփական ձեռքերով տուն էր կառուցել, փոքրիկ բիզնես ուներ․ Անուշն ասում է՝ նույնիսկ չգիտեն՝ հիմա իրենց տունը կա, կանգում է, թե ոչ։ Ընտանիքի տղամարդիկ պատմում են՝ մինչև վերջին պահը տուն-տեղը թողնել չէին ուզում,  բայց ստիպված էին։

«Առավոտյան ժամը 5-ին հայրիկս զանգեց ասաց, որ Խարկովում կրակում են, գալու են մեր հետևից, որ դուրս գանք․․․ Արագ–արագ հավաքվեցինք ու մտածում էինք՝ ուր դուրս գանք, չգիտեինք՝ ուր գնալ, զանգում էինք ծանոթներին, բոլորն ասում էին, որ իրենց մոտ էլ կրակոցներ են»,– ասում է Մնացականյանների որդին։

Արդեն մարտի 13-ին ստիպված էին Բալակլեայից դուրս գալ ու սեփական մեքենայով ճանապարհ ընկնել  Հայաստան։ Ընտանիքի դուստրը՝ Անուշը, ասում է՝ իրենց բախտը բերել է, որ կարողացել են ճիշտ պահին դուրս գալ, իրենցից հետո արդեն շատերը չեն կարողացել ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արևմտյան Ուկրաինա,  ո՛չ էլ Եվրոպա դուրս գալ։

«Մենք ամսի 13-ին Բալակլեայից դուրս ենք եկել ու ամսի 24-ին հասել Հայաստան։ 2 օրվա ճանապարհը 10 օրից ավել անցել ենք։ Մեկ Լարսն էր փակ, մեկ եղանակն էր վատ, անընդհատ ինչ-որ խնդիրների առաջ էինք կանգնում։ 2 օր քնել ենք մեքենայի մեջ, վերջին փողերով տուն ենք վարձել, մնացել ծանոթների ծանոթների տանը։ Շատ դժվար էր մեր գալը, բայց որ եկանք հասանք Հայաստան, զգացինք մեր օդը, մեր հողը արդեն մի քիչ հանգստացանք»,– պատմում է Անուշը։

Ճանապարհին անընդհատ անցակետեր, ստուգումներ են անցել և տարեց ու հաշմանդամություն ունեցող ծնողների հետ մի կերպ հասել հայրենիք։ Երեխաներն ասում են՝ ճանապարհին միայն լավատեսությունն ու երբեմն նաև հումորն էր օգնում։

«6 տարի առաջ մենք արդեն այս մեքենայով եկել էինք Հայաստան, հաջող մեքենա է, այս անգամ էլ մեզ հասցրեց տեղ»,– ասում են Մնացականյանները։

Մնացականյանների 5 հոգանոց ընտանիքը հիմա Երևանում ազգականի տանն է ապրում։ Պատմում են՝ դժվարություններ շատ ունեն, ծնողները տարեց են, հայրը հաշմանդամության 2-րդ, հորաքույրը՝ 3-րդ կարգ ունի, փաստաթղթային խնդիրների պատճառով նաև բժշկական ծառայություններից առայժմ չեն կարողանում օգտվել։

«Հիմա ապրում ենք մեր հորեղբոր տանը․ 3 սենյականոց տան մեջ 12 հոգով։ Առաջին ամենամեծ խնդիրը տան հարցն է, որ պիտի լուծենք, հետո արդեն աշխատանքի հարցը, փող աշխատենք, որ ապրենք։ Մենք, իհարկե, Հայաստանի վիճակը հասկանում ենք, գիտենք որ սա Շվեյցարիան չի, Ամերիկան չի, ինչ-որ հարուստ պետություն չի, բայց դե գալիս էինք այն հույսով, որ Հայաստանը հայերին կընդունի, հայը հային կընդունի»,– ասում է Անուշ Մնացականյանը։

Պատմում են՝ Հայաստան գալու առաջին օրվանից տարբեր գերատեսչություններ են դիմել, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից մինչև Կարմիր խաչ, Ուկրաինայի դեսպանատնից մինչև Միգրացիայի ծառայություն, լսել են, ցավակցել ու հայտնել, որ հասցեական օգնություն Ուկրաինայից եկած մեր հայրենակիցների համար այս պահին չկա, օգնել չեն կարող․ օգնություն ստանում են միայն Միգրացիայի ծառայությունից։

«Մեզ տրամադրեցին 75000 դրամ 5 հոգու համար, ավելի կոնկրետ՝ 3 հոգու համար, քանի որ երեքս ենք Ուկրաինայի քաղաքացի»։

Ավելի վաղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ռադիոլուրին» հայտնել էին, որ իրենք ԵՄ երկրներում Հայաստանի դեսպանատների հետ համատեղ Հայաստան վերադառնալ ցանկացողներին ավիատոմսի համար ֆինանսական օգնություն կարող են տրամադրել, բայց Հայաստանում առայժմ օգնության համակարգված հասցեական ծրագրեր չկան, քանի որ առայժմ նաև արձանագրվում են Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների խնդիրները։ Իսկ Միգրացիայի ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ 2022թ առաջին եռամսյակում Հայաստան է եկել Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի․ նրանցից ավելի քան 90–ը դիմել է ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Back to top button