ԿարևորՀասարակություն

Նախագիծ՝ ուղեղների արտահոսքը կանխելու համար․ փոփոխություններ տարկետման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրա ընդունումը կապահովի որակյալ կադրերի պատրաստում և գիտության, արդյունաբերության ոլորտներում որակյալ մասնագետներով ապահովածություն:

Գաղտնիք չէ, որ այսօրվա պատերազմները տեխնոլոգիական են՝ մասամբ հիմնված արհեստական բանականության վրա։ Մեր վերջին պատերազմը ցույց տվեց՝  21-րդ դարում՝  5-րդ սերնդի պատերազմներում, ամենաուժեղ զենքերից մեկը ինտելեկտն է։ Այսուհանդերձ, կարևոր շատ մասնագիտություններ երիտասարդներին ու դիմորդներին չեն հետաքրքրում։ Այդ մասնագետների պակասը կարող է խանգարել անվտանգության և գիտատեխնիակական ոլորտների զարգացման հեռանկարներին։

Այս խնդիրները հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Վստահ են, որ եթե օրենքը ընդունվի, կնպաստի գիտության և  արդյունաբերության ոլորտները որակյալ կադրերով համալրելուն։

ԿԳՄՍ նախարարության  իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյան․

«Գործող ընթացակարգով քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում»:

Եթե բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և ինչպես պնդում են ոլորտի շահառուները, եղած կարգավորումներով Հայաստանում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ։ Բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը՝ բարձրորակ մասնագետներին։

ԿԳՄՍ նախարարության  իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյան․

«Մեր բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ տղաների ներուժը մենք արհեստականորեն ուղղորդում ենք դեպի արտասահմանյան բուհեր։ Մեր մտավոր ներուժի բաղադրիչ  համարվող երիտասարդությունը կարող է կրթությունը ստանալ հենց Հայաստանի բուհերում։ Ինչը նաև փոխադրաձ ազդեցությամբ կնպաստի մեր բուհական համակարգի ձևավորմանը, կլինի առողջ մրցակցություն բուհերի միջև»։

Գործող կարգավորումը պատճառ է դառնում նաև սոցիալական անհավասարության։ Շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիք, չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ստանալ։ Հովհաննես Գևորգյան․

«Նույնիսկ մեր ծնողներից դիմել են մեզ և հայտնել, որ եթե նման հնարավորություն օրենքը ստեղծի, ապա անգամ արտասահմանյան բուհում սովորող իրենց երեխաները կտեղափոխվեն Հայաստան՝ այստեղ շարունակելու ուսուցումը»։

Նախագծի ընդունմամբ՝ հիմք կդրվի տարկետման միջոցով գիտատեխնիական, արդյունաբերական, անվտանգության ու  ռազմավարական նշանակության ոլորտների զարգացմանը, կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա  տարիքային շեմը կբարձրացվի։ Դա տարկետում ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ուսում ստանալ կրթական բոլոր աստիճաններով։

«Այս փոփոխությամբ առաջին հերթին կկանխենք ուղեղների արտահոսքը»,-ասում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը․

«Խնդիրը գլոբալ է և կապված է պետական անվտանգության հետ ինչպես ստեղծել մի համակարգ, որը կկանխի մեր տաղանդների, ուղեղների արտահոսքը Հայաստանից։ Ժամանակակից աշխարհն ունի համակարգեր, որոնցով այդ տաղանդներին կարողանում են կլանել և այդ ավելացված արժեք ստեղծել այլ պետությունների համար»։

Նախագիծը դեռևս քննարկման փուլում է և հավասարապես Կրթության/գիտության ու Պաշտպանության նախարարությունների  շահերի տիրույթում։ Ըստ այդմ՝ ՊՆ-ն  արդեն հասցրել է որոշ կետերի վերաբերյալ իր բացասական կարծիքը հայտնել։ Վերապահումները ոչ լիարժեք ուսումնասիրություններին և դրանցից արվող  հետևություններին են վերաբերում։

Հանրապետական զինկոմիսարիատի գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյան․

«Մեր ազգը միշտ էլ որակյալ կրթության համար դեգերել է տարբեր երկրներում։ Հարկավոր է հասկանալ՝ այս հինգ տարում  զինապարտությունը նպաստե՞ց դրան, թե ոչ։ Կա վերջին 5 տարվա վիճակագրություն, թե գիտությունը որ բնագավառներում է տուժել։ Այն մարդիկ, որոնք ի սկզբանե որոշել են գիտությամբ առաջ շարժվել, արդյո՞ք 2 տարվա ընդհատումն իրենց մտափոխել է»։

5 տարին շատ կարճ ժամանակահատված է նման ուսումնասիրության համար՝ նկատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը․          

«5 տարվա կտրվածքով չեք կարող գնահատել։  Կրթությունը երկար պրոցես է, հետո են առաջանում դրա դրական ու բացասական հետևանքները։ Առնվազն 15-20 տարի է պետք գնահատելու համար։ Բայց երբ ես շփվում եմ բանակ գնացած, եկած երեխաների հետ․․․ Ունեմ փառավոր երեխաներ, որոնք բանակից հետո անմիջապես մտնում են աշխատանքի և դա բավականին ազդում է այդ երեխաների  հետագա կրթության վրա»։ 

Կրթությունը պետք չէ հակադրել պաշտպանությանը, հակառակը՝ կրթված, պատրաստված, խելացի երիտասարդները վաղվա պաշտպանության համակարգի կազմակերպողներն ու ծառայողներն են՝ ասում է Կրթության/գիտության նախարարության ներկայացուցիչը։ Ըստ շահագրգիռ կողմերի, տարկետումը չպետք է դիտարկվի որպես բանակից խուսափելու հնարավորություն։ Սա պետք է ընդունել ի գիտություն, և պահանջներն էլ սահմանվեն այնպես, որ ապահովվի տաղանդավոր երիտասարդների կրթական բարձր շեմը, և նրանք էլ ուսումն ավարտելուց պարտավորվեն դարձյալ ծառայել պետությանը՝ արդեն գիտելիքով։

Back to top button