ԿարևորՀասարակություն

Հանք բացելու փոխարեն տուրիզմը զարգացրե՛ք. Գոգարանում հանրային լսումները տապալվել են

Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան բնակավայրում «Հայասա Ռեսուրսիս Քորփ» ընկերությունը հրավիրել էր հանրային լսումներ: Պետք է ներկայացնեին Հանքակուտակում և հարակից տեղամասերում ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հարցը։ Լսումները տապալվեցին. հարակից գյուղերի բնակիչները եկել էին Գոգարան ու պահանջում էին հեռանալ, հանգիստ թողնել գյուղը՝ իր բնական ռեսուրսներով: Մթնոլորտն այնքան է շիկացել, որ ընկերության ներկայացուցիչները ստիպված լքել են գյուղը։

Լարված մթնոլորտ ու գյուղը լքելու կոչեր։ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Լեռնավան, Շիրակամուտ բնակավայրերի բնակիչները միաբերան պնդում էին` ոչինչ չեն ուզում լսել հանքարդյունաբերության մասին: «Մեր գյուղի տեղն անգամ չգիտեք, մի օր չեկաք մեր հալը հարցնեք, հիմա եկել, ուզում եք մեր ջուրը պղտորե՞լ, ոսկի հանե՞լ»,- վրդովված ասում է Գոգարանի բնակիչներից մեկը: Շենավանցի Գեորգի Ղարիբյանի խոսքով՝ հանքի բացումը կվնասի շուրջ 1 տասնյակի հասնող գյուղերի ջրային ռեսուրսներին: «Ջրի համար ենք մնացել գյուղում, դա էլ աղտոտեն, ո՞ւր գնանք, ինչո՞վ օրվա հացի հարց լուծենք»,-ասում է։

Գեորգի Ղարիբյան.«Մենք էդ ջրերով ենք սնվում, արտերը դրանով ենք ջրում, խմելու ջուրը: Սարահարթին, Գոգարանին, Շենավանին, Շիրակամուտին, Պարնուն, Լուսաղբյուրին, սաղ կխանգարվի ջրերի ակունքը: Եթե ջուրը չեղավ, գյուղում մարդ չի մնա»:

Հարևան Շիրակամուտից Գևորգ Երանոսյանն է վրդովվում, աղետի գոտին զարգացնելու փոխարեն, եկել բնությունն են ուզում ավերել։

Գևորգ Երանոսյան.«Աղետի գոտի է, փոխանակ մարդկանց աշխատատեղ  ստեղծեն, եկել քանդում են, բնությունն էլ են քանդում, շնչառություն չկա, թթվածին չկա, է՞դ են ուզում: Խմելու ջուրը կտրում են, ինչո՞վ են ապրելու մարդիկ»:

Համագյուղացուն Սմբատ Պետրոսյանն է լրացնում: Ինչ է տալու հանքը  գյուղին՝ բացարձակ չի ուզում լսել։ Ասում է՝ թող մեր ջուրը մաքուր մնա, մենք էլ՝ գյուղում։ Սմբատ Պետրոսյան.

«Մեր գյուղի 90 % խմելու ջուրը էստեղից է գալիս: Ինձ պետք չի ծանոթանալ, թե ինչ են անելու: Տեսել ենք՝ կողքի գյուղերում, որտեղ հանքեր են բացել, ինչ է կատարվում: Ամուլսարը՝ մեզ օրինակ: Մեզ պետք չէ ոչ մի բան: Ջերմուկ գնացեք, տեսեք կուրորտ քաղաքն ինչ են արել` իրենց գրպանի համար»:

Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանն ասում է, որ կհարգի համագյուղացիների ցանկացած որոշում, Լեռնավանից Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ ընտրված Համլետ Մազմանյանի խոսքով էլ՝ եթե մարդիկ դեմ են, հանրային լսումներ անցկացնելն անիմաստ է։

Համլետ Մազմանյան, Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ. «Ես դեմ եմ Սպիտակի տարածաշրջանում ցանկացած տիպի հանքարդյունաբերությանը: Չեմ էլ  ուզում իմանալ, թե հետազոտությունների արդյունքում մեր սարերի տակ ինչ է լինելու: Թեղուտը, Ալավերդու կողմը, չկա մի տեղ, որտեղ հանքարդյունաբերությունից խնդիրների առաջ կանգնած չլինեն, անզեն աչքով էլ ամեն ինչ տեսանելի է»:

Հանրային լսումը հրավիրել էր «Հայասա Ռեսորսիս Քորփ» ընկերությունը: Մտադիր են 2022-2025 թվականներին մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերում ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Հանրային լսումների եկել էին՝ ներկայացնելու առաջարկվող ծրագրերը։

Երկրաբանական ուսումնասիրությունները դեռ չեն նշանակում հանք բացել,-ասում է ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը: «Ինչու՞եք այդքան գումար ներդնում «անհեռանկար» գործի մեջ, ներդրում եք ուզում անե՞լ, թեթև արդյունաբերության մեջ ներդրեք ձեր գումարները, կարի ֆաբրիկա բացեք, մարդիկ աշխատեն,- բնակիչներն են հուշում։ Գոգարանը հրաշալի հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման համար, -համերկրացիներին լրացնում է Արամ Մինասյանը. Այստեղ լեռնադահուկային սպորտ ու ագրոտուրիզմ կարելի է զարգացնել, թող այդ ուղղությամբ մտածեն, ոչ թե մի քանիսը հարստանան մի ողջ տարածաշրջանի ռեսուրսների հաշին:

«Հետևանքները շատ լուրջ են։ Մի փոր հացի համար չէ մենակ, հետագա մեր սերունդների համար է: Լավ միջոցներ կան, ուրիշ ծրագրեր թող ներկայացնեն՝ ֆաբրիկաներ, լեռնային տուրիզմ՝ ձմեռային ու ամառային, լուրջ փողեր դնեն, էստեղ լավ կլնի»:

Լարվածությունը գնալով մեծացավ: «Հայասա Ռեսորսիս Քորփ» ընկերության ներկայացուցիչները որոշեցին լքել գյուղը՝ հրաժարվելով մեկնաբանություններից: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ Սպիտակի տարածաշրջանը միակն է Լոռու մարզում, որտեղ երբևէ հանք չի բացվել: Ներդրողները կարող են ավելի արդյունավետ վարվել՝ գումարը ներդնելով գործող բիզնեսի մեջ՝միաժամանակ նպաստելով, որ այդ հանքերը չփակվեն, այլ շահագործվեն: Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ.

«Քանի որ բոլոր բնակավայրերն են դեմ, որովհետև բոլորն էլ ջրից են զրկվելու, բնակիչները կարող են ստորագրահավաք կազմակերպել, պահանջել խոշորացված համայնքի ավագանուց տարածքը ճանաչել կանաչ գոտի։ Այդ դեպքում կառավարությունը չի կարող այդ որոշումը չեղարկել, պետք է հարգի համայնքի ավագանու որոշումը: Սա որոշակի երաշխիք կտա այս տարածքը կանաչ գոտի պահելուև հանքերի գործունեությունիցապահովագրելու համար»:     

Տարակուսած էր նաև Վահե Մարտիրոսյանը՝ «Մայ Ֆորեստ Արմենիա» ՀԿ-ից: Այս տարածաշրջանում անտառվերականգնման երկարատև ծրագիր ունեն: Հանքի բացման հեռանկարը ոչ միայն անսպասելի էր, այլև՝ անցանկալի։ Վահե Մարտիրոսյան, «Մայ Ֆորեստ Արմենիա» ՀԿ գործառնական ղեկավար.

«Չի կարող մի տարածքում, որտեղ հանք է բացվում, բնապահպանական պրոյեկտ լինել: Չի կարող ծառ տնկվել այնտեղ, որտեղ հետագայում պետք է քանդվի: Լրիվ անակնկալ էր: Մենք տարբեր բարդություններ նախատեսում էինք՝ ճանապարհային, աշխատուժի,  աշխատանքները կազմակերպելու, բայց այս մի խնդիրը ոնց որ հետևից դանակ լիներ: Չէինք պատկերացնում, որ նման հետաքրքրվածություն լինի էդ տարածքի մասով, որովհետև ուրիշ նման տարածք դժվար է գտնել՝ թե՛ ջուրն է առատ, թե՛ բուսականությունն է կուսական: Պլաններն ուժի մեջ են, բայց համայնքի ղեկավարները պետք է որոշում կայացնեն՝ մի դեպքում հանքը, մյուս դեպքում՝ բնապահպանությունը»:

Տարբեր բնակավայրերից եկած բնակիչները տեղում ստորագրահավաք-նամակ ձևակերպեցին՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարարությանն ու ՏԻՄ-ին՝ պահանջելով տվյալ գործընթացի վերաբերյալ բացասական եզրակացություն տալ։

«Ռադիոլուր»-ի տեղեկություններով նույն օրը «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ընկերությունը հանրային լսումներ է անցկացրել նաև Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրերում՝ մարզի նույն տեղամասերում 2022-2025 թվականների ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերության պատասխանատուներից թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Back to top button