ԿարևորՀասարակություն

Աշխատանք գուցե գտնեն, բայց գումարը Հայաստան փոխանցելը հեշտ չի լինի․ «խոպան» գնա՞լ, թե՞ ոչ

Կենտրոնական բանկում արձանագրել են՝  տարեցտարի  տրանսֆերտների կշիռը  տնտեսության մեջ նվազում է։ Եթե նախկինում  ՀՆԱ-ում փոխանցումները 10-15 տոկոս էին կազմում, այսօր 7-8 տոկոս է։ Նվազել են հատկապես ՌԴ-ից եկող տրանսֆերտները․ նախկինում 80 տոկոս էին, այժմ՝ 40 տոկոս։ Տրասնֆերտների կշիռը փոխվում է, բայց Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ու  աշխարհագրությունը տարիներ շարունակ նույնն է։

Աշխատելու համար հայերը հիմնականում մեկնում են Ռուսաստան, ուստի, այս երկրի նկատմամբ պատժամիջոցներն ուղղակիորեն ազդում են աշխատանքային միգրանտների վրա։ 

Ամեն տարի աշխատանքի նպատակով  Հայաստանից Ռուսաստան է  մեկնում շուրջ 70 հազար մարդ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները տնտեսական խնդիրներ են ստեղծում նաև Հայաստանի համար։ «Հայկական Կարիտաս»  կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ արտագնա աշխատանքի մեկնողները հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում ՌԴ-ում, ավելին, անհամբեր սպասում են, թե երբ են վերսկսվելու  թռիչքները դեպի այդ երկիր։ Բայց թռիչքը միակ խնդիրը չէ, տեղ հասնելու դեպքում կպարզվի, որ կան բազմաթիվ ուրիշ խնդիրներ։

Տաթևիկ Բեժանյան․  «Հնարավոր է՝ մեկնեն արտագնա աշխատանքի, բայց մոտ ապագայում իրենք աշխատանքի և վճարվելու խնդիր կունենան։ Սրա բոլոր նախադրյալներն այս պահին կան։ Մեր քաղաքացիները հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում։ ՌԴ-ն շինանյութը ներկրում է հիմնականում Գերմանիայից ու Ֆինլանդիայից։ Այսօր այս երկրները հրաժարվել են մատակարարումից։ Ուստի, առաջիկայում պարզապես շինանյութ չեն ունենա։ Մյուս կողմից էլ՝ գումարները փոխանցելու հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ․ «visa» համակարգն ընդհանրապես չի գործում, բազմաթիվ այլ համակարգեր՝ նույնպես»։

Փոխանցումը կլինի դժվար, փոխանցվող գումարը՝ սահմանափակ․ փորձագետն ասում է՝ ոչ ռեզիդենտները՝ ՌԴ-ում մինչև 183 օր գտնվողները,  Ռուսաստանից կարող են փոխանցել մինչև  5 հազար դոլարին համարժեք տարադրամ, իսկ եթե հատում են սահմանը, 10 հազար դոլարից ավելի գումար չեն կարող երկրից դուրս բերել․

«Եթե անձը սեզոնին աշխատում է, օրինակ,  12 հազար դոլար, գուցե, դուրս գալիս այդ գումարը չկարողանա իր հետ բերել։ Կամ՝ գործատուն չկարողանա վճարել։ Այսինքն,  և՛ ուղարկելու հետ կապված խնդիրներ կարող են լինել, և՛ աշխատած գումարը իրենց հետ բերելու։ Եվ վերջապես, պարզապես աշխատավարձ ստանալու հետ կապված խնդիրներ կարող են լինել»։

Դեռ պաշտոնական հայտարարություն չկա, բայց փորձագետն ասում է, որ հնարավոր է՝ սննդի կտրոններ բաժանվեն մշտական գրանցում ունեցողներին։ Այդպիսիք կամ կացության կարգավիճակ ունեցողներ են, կամ ՌԴ քաղաքացիներ։

ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2021-ին Հայաստանից այդ երկիր  մեկնել և օրինական հաշվառվել է շուրջ 579 հազար ՀՀ քաղաքացի։ Տարեվերջի  տվյալներով՝ միգրացիոն հաշվառումից դուրս է եկել 426 հազար անձ։ Ենթադրվում է, որ նրանց մի մասը  վերադարձել է, իսկ ավելի քան 46 հազար անձ՝ ստացել ՌԴ քաղաքացիություն

 ՀՀ  կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022թ.-ի անցած ամիսներին ֆիզիկական անձինք մոտ 128 մլն դոլարի փոխանցումներ են ստացել՝ նախորդ տարվանից մոտ 12 տոկոսով ավելի։Ընդ որում՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից  փոխանցումները գրեթե հավասար են եղել՝ ընդհանուրի կազմում 32-ական տոկոս։ Բայց աճի միտումն է տարբեր եղել։ Եթե Ռուսաստանից  փոխանցումներն ավելացել են 4.5%-ով,ապա ԱՄՆ-ից`15․7 %-ով։ Այդուհանդերձ, 2021-ին Հայաստան եկած գումարների 40 տոկոսը ՌԴ-ից է։ Ուստի, ռուբլու կտրուկ արժեզրկումը լուրջ հարված է այս քաղաքացիների գրպանին։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է․

«Տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտ էր ստացվում ՌԴ-ից, այս գումարները կրճատվելու են։ Տրանսֆերտների 90 տոկոսից ավելին  ուղղվում էր սպառմանը, ուստ, այս իրավիճակը ուղղակիորեն ազդելու է քաղաքացիների կենսամակարդակի վրա»։

Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը, դեռ անցած տարեվերջից ՌԴ-ն խստացրել է միգրացիոն կարգավորումները։ Դաշնության տարածք մուտք գործելու օրվանից աշխատանքային միգրանտը  պետք է 30 օրում հետազոտվի, ձեռք բերի բժշկական հավաստագիր, մատնադրոշմ տա, լուսանկարվի։ Փորձագետների դիտարկմամբ՝ սա հակասում է  ԵԱՏՄ պայմանագրի 96-98 հոդվածներին։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետն արձանագրում է՝  մինչ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են հարցը, ՌԴ-ն օրենսդրական որոշ մեղմացումներ է կատարում,-ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Օրինակ՝ տարին 4 անգամ բուժզննում անցնելու փոխարեն այսուհետ միգրանտները բուժզննում կանցնեն տարեկան միայն մեկ անգամ․

 «Ձևակերպումները, որոնք ռուս գործընկերները տվել են անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ընդունած  օրենսդրական կարգավորումներում, զուտ միգրացիային են առնչվում։ Իսկ ընդհանուր պատկերի մեջ ԵՏՀ-ն  ու ԵԱՏՄ անդամ երկրները մտահագություն են արտահայտել, որ դրանք  կարող են անդրադառնալ նաև աշխատանքային միգրացիայի ընդհանուր պատկերի վրա։ Տեխնիկական կանոնակարգման մասով, ուղղակիորեն չեն առնչվում աշխատանքային միգրացիային, բայց ընդհանուր պատկերի առումով կարող են անդրադառնալ աշխատանքային միգրացիայի վրա, որը արդեն կանոնակարգվում է ԵԱՏՄ պայմանագրով»։

Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ տվյալ, թե  ՀՀ քանի քաղաքացի ՌԴ մուտքի արգելք ունի, հայկական կողմը չունի․ այդ տվյալներն ամփոփում են ռուսական կողմում։ Որոշ թվեր, սակայն, կան․ 2021-ին մոտ 300 դիմում են ստացել․

 «Մուտքի արգելքի վերացման դիմումները, որ մենք ստանում ենք, վերլուծում ենք ու փոխանցում ռուս գործընկերներին, մի քանի հարյուր են կազմում» ։ 

 Սրտագնա աշխատանքի Բելառուս  կամ Ղազախստան՝ տարեկան մեկնում է մոտ 100, Ղրղզստան՝ մեկ տասնյակ հայ։ Սա ունի բացատրություն՝  ՌԴ աշխատաշուկայի ծավալը, տարածքը, զբաղվածություն գտնելու հնարավորությունը։ Որքան էլ ՌԴ տարածքն ու աշխատանքի հնարավորությունները մեծ լինեն, փորձագետներն արձանագրում են՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մեծացնում են անորոշությունը եւ բացասական ազդեցությունը։ 

Back to top button