ԿարևորՀասարակություն

Musk Factor-ի թիմը կոչ է անում քվեարկել Moon Knight սերիալի համար. սերիալում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը

Musk Factor-ն արշավ է սկսել՝ ի աջակցություն Օսկար Այզեքի Moon Knight սերիալի վարկանիշի վերականգնման

Musk Factor-ն արշավ է սկսել՝ ի աջակցություն հոլիվուդյան ճանաչված դերասան Օսկար Այզեքի Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի վարկանիշի վերականգնման՝ IMDB հեղինակավոր հարթակում։

Marvel-ի կինոտիեզերքում Հայոց ցեղասպանությունը հաստատված փաստ է․ ընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Էպիզոդի այդ հիշատակումից առաջ IMDB-ում սերիալի վարկանիշն ավելի բարձր էր, այս պահին այն նվազել է՝ դառնալով 7,7 միավոր՝ 10-ից։ Պատճառը հազարավոր 1 միավորներն են, որոնցով կայքը հեղեղել էին թուրք օգտատերերը։

«Ուրախալի է այն փաստը, որ Marvel-ը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանության եղելությունը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ IMDB-ում, բոլորովին անընդունելի է, քանի որ գործ ունենք իսկապես փայլուն սերիալի և ֆանտաստիկ դերասանական խաղի հետ՝ ի դեմս Օսկար Այզեքի։ Քննադատների կարծիքով՝ սա Marvel-ի լավագույն սերիալն է։ Musk Factor-ը թողարկել է Օսկար Այզեքին պատկերող իլյուստրացիա՝ կոչ անելով քվեարկել սերիալի համար և վերականգնելով Moon Knight-ի վարկանիշը՝ նպաստել Օսկար Այզեքին երջանկացնելուն», -նշում է Musk Factor- ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Musk Factor-ի թիմը կոչ է անում օգտատերերին վերականգնել արդարությունն ու քվեարկել սերիալի համար։ Քվեարկելու մեխանիզմը շատ պարզ է։ Անհրաժեշտ է մուտք գործել IMDB կայքի Moon Knight սերիալի էջը և սեղմել Rate- գնահատել կոճակը։ Այնուհետև նշանակել ցանկալի միավորն ու ֆեյսբուքի միջոցով կատարել հաստատում։ Յուրաքանչյուրի քվեն կնպաստի արդարության վերականգնմանը։

Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը նաև Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում: Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով։ Ամեն շաբաթ թողարկվում է սերիալի ևս մեկ էպիզոդ։

Back to top button