Վերնատուն

«Խելացի քաղաքները» և իր «շարժունակությունը» փնտրող Երևանը․ «Վերնատուն»

Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքը արդի ժամանակներում։ Ի՞նչ ատրիբուտներով է ձևավորվում և ստեղծվում քաղաքային միջավայրը, որո՞նք են երևանյան հին ու նոր խորհրդանիշերը։

«Ամենատարածված ձևակերպումներից մեկը, որը ես ամենաշատն եմ հավանում, այն է, որ քաղաքը կամ քաղաքային միջավայրը, մարդկանց կամ սոցիալական տարբեր ինքնությունների, պատկանելությունների, մշակութային ինքնությունների և բազմաթիվ այլ շերտերի ամբողջականությունն է», – մեկնաբանում է մշակութաբան Համլետ Մելքումյանը։

«Մի մոտեցման համաձայն՝ քաղաքը դա շարժունակությունն է, տարածք, որտեղ ամեն ինչ շարժման և արագության մեջ է։ Մեկ այլ մոտեցումով՝ եթե խոսում ենք քաղաքից, ուրեմն գործ ունենք շուկաների հետ։ Չկա քաղաք առանց շուկայի, եթե կա քաղաք, ապա կա նաև շուկա», – նշում է Համլետ Մելքումյանը իր մի շարք հետազոտություններում անդրադառնում է քաղաքային շուկայական տարածություններին՝ շուկան համարելով քաղաքային միջավայր ձևավորող կարևոր պայման։ 90-ականներին, երբ կանգառավ տրանսպորտը՝ սկսեցին չգործել տրամվայներն ու ավտոբուսները, քաղաքի դիմագիծը փոխվեց։ Երբ չկա տրանսպորտային ռիթմ կա՞, արդյոք, քաղաք։

«90 – ականների Երևանում տրանսպորտի հետ մոբիլությունն ու «քաղաքային ռիթմը» ոչ թե կանգ է առել, այլ դանդաղել է, քաղաքը ոչ թե դադարել է քաղաք լինել, այլ սկսել է փնտրտուք՝ գոյատևման ռազմավարությունների, նոր ճկունության», – ասում է մշակութաբանը։ Համլետ Մելքումյանն նշում է, որ կարևոր դեր է ունեցել շուկան և երևանյան մետրոն, որը հնարավորինս ապահովել է քաղաքի մոբիլությունը։

«Մետրոն եղել է փրկության ձև, ոչ թե տեղից տեղ տեղափոխվելու, այլ սոցիալական շարժունակությունը զգալու և պահպանելու տեսակետից»։ Մոբիլությունը ժամանակակից քաղաքների կարևոր հատկանիշներից մեկն է։ Համլետ Մելքումյանը բերում է Արաբական էմիրությունների օրինակը, որտեղ գերժամանակակից քաղաքի չափումը գերարագությունն է։

«Նոր հետազոտական ուղղությունները քաղաքը քննարկում են թվային կոնցեպտի տեսնակյունից՝ ենթադրելով, որ ապագա քաղաքները տարբերվելու են ներկա քաղաքներից։ Էմիրաթների վերջին փորձը՝ ստեղծել գծային քաղաք, բավական երկար տարածության վրա, որի մեջ շարժունակությունը առավելագույնը կլինի 20 րոպե։ Թվային քաղաքում քաղաքը՝ որպես համայնք և սոցիալական միավոր, կառավարվում է ոչ թե էլեկտրոնային, այլ թվային համակարգերի միջոցով, դրան այլընտրանք օգտագործում են «խելացի քաղաք» հասկացությունը, որտեղ քաղաքն ինքն է սկսում որոշումներ ընդունել», – ասում է մշակութաբանը։

Back to top button