Հասարակություն

Սիրով ապրել ամեն օրը․ Ավագ շաբաթը աստվածային սիրո մասին է

Ինչպե՞ս ապրել Ավագ շաբաթը։ Հոգեւորականները պատվիրանապահության ու այն աղոթքով անցկացնելու մասին են շեշտում։ Ազգագրագետներն էլ հիշում են, որ նախկինում Ավագ շաբաթվա ամեն օրը մի նշանակություն ուներ, որոնք այսօր չեն պահվում։

48-օրյա պահոց շրջանը մոտենում է ավարտին, մինչ այդ դեռ պետք է խորապես ապրել ու հասկանալ  Ավագ շաբաթը, սերտել խորհուրդները, ոչ թե խոսքով, այլ գործերով լինել քրիստոնյա։ Կիրակնօրյա Ծաղկազարդով մեկնարկած Ավագ շաբաթվա ամեն օրը մի պատմություն է, ասում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը։

Ավագ շավաթվա առաջին օրը հիշեցվում է Արարչագործության մասին, որը նաեւ հիշատակվում  է Քրիստոսի մուտքով՝ Երուսաղեմ, երկուշաբթի անիծված թզենու առակն է պատմվում, երեքշաբթի՝ 10 կույսերի առակի խորհուրդն է բացվում, չորեքշաբթի՝ մատնության օրն է։ Արարողություններով հարուստ է Ավագ հինգշաբթին՝ Վերջին ընթրիք, ոտնլվա, խավարման կարգ․․․, այդ օրը հաղորդության խորհրդի մասին է նաեւ խոսվում։

«Քիրստոս, ինչպես իր աստվածային մեծությունից խոնարհվեց ու աշակերտների ոտքերը լվաց, այնպես էլ հոգուորական է իր հավատացյալների ոտքերը լվանում եւ օրինակ է դառնում, որ մարդիկ խոնարհաբար վերաբերվեն մեկը մյուսին։ Ավագ հինգշաբթին նաեւ Հաղորդության խորհրդի հաստատման օրն է։ Վերնատան մեջ Հիսուս Քրիստոս Հաղորդության խորհուրդը հաստատեց։ Պատարագի խորհուրդը հուշում է հաղորդության խորհրդի մասին, որովհետեւ Քրիստոս հացը,  գինին տալով  իր աշակերտներիկն, որպես փրկության գրավական տվեց»։

Ավագ հինգշաբթի հավատացյալերին կարագ է բաժանվում եկեղեցիներում։ Կարագ օգտագործել են նաեւ հնում՝ ասում է ազգագրագետ Կարինե Բազեյանը։

Օրհնված յուղը հինգշաբթի օրը քսում էին աչքերին, ճակատին կամ անսունների հիվանդ տեղերին, որպեսզի լավանան։ Մի փոքր էլ գցում էին յուղի կարասները, որ յուղն առատ լինի։ Այդ օր Շիրակում ձու էին խաշում ընտանքի անդամների թվով եւ ուտում շաբաթ օրը, որպեսզի ատամնացավ չունենան։ Առանձնահատուկ նշվել է ուրբաթը, պատմում է ազգագրագետը․

«Ուրբաթ օրը չարչարանաց էր, Քրիստոսի մեխերը գիտեք։ Դարբինների մեջ սովորություն է եղել այդ օրը լուռ, առավոտյան շուտ արթնանալ ու պատրաստել հատւկ այդ օրվա համար մատանի ու թեւնոց, որոնք կոչվել են  ուրբաթարուր, եւ հետո դա տարել ու բաժանել են համայնքի կանանց։ Այդ ուրբաթարուրները ունեցել են չարխական  նշանակություն»։  

Հայ առաքելական եկեղեցում ուրբաթ օրը ծաղկահյուս գերեզման է պատրաստվում, որի միջով մարդիկ անցնում են, կազմակերպվում է թաղման թափոր։ Շաբաթը ճրագայույց է՝ եկեղեցուց վառված մոմեր տուն տանելով՝ մարդիկ ողողում են տունը աստվածային լույսով։ Ազգագրագետը նույնպես խոսում է Ավագ շաբաթվա ամեն օրվա մասին ու նշում, որ ամեն օրը մի նշանակություն է ունեցել, օրինակ, եղել է կատաղած շան, կամ մկան օր, կրակի կիրակի, այդ օրերին որոշակի արարողություններով մարդիկ իրենց ապահովագրել են  ատամնացավից, շան կծելուց․․․։ Այսօր այդ ավանդույթները գրեթե չեն պահվում։

«Մեր բնակչությունը, հատկապես կանայք, շատ կարեւորում էին այդ շաբաթը եւ որոշակի գործողություններ էին իրականացնում այդ շաբաթվա տարբեր օրերին՝ իրենց ընտանիքի անդամներին  զերծ պահելու բնական ու գերբնական տարբեր տեսակի ուժերի, վնասակար ազդեցություններից»։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հորդորում է հասկանալ Ավագ շաբաթվա խորհուրդը, որը սիրո մեծագույն դրսեւորման հիշատակում է։ Հայ ժողովրդի պատմության այս բարդ ժամանակաշրջանում Ավագ շաբաթը օրհունթյան արժանանալու համար է նաեւ։ Հոգեւորականը փաստում է՝ այսօր քրիստոնյաները դարձել են դեպի Աստված․

«Երբ եկեղեցիներում մասնակից եք լինում արարողություններին, տեսնում եք, որ լեցուն են, ի տարբերություն շատ տարիներ առաջվա, երբ եկեղեցիները դատարկ էին։ Իսկ այսօր եկեղեցիները լեցուն են, նշանակում է, որ ժողովուրդը իր հավատքը արտահայտելով՝ եկեղեցում է եւ իր հոգեւոր կյանքը ճիշտ ապրում է»։

Ավագ շաբաթն անցկացնենք աղոթքով, միմյանց նկատմամբ՝ սիրով, սա է հոգեւորականի ամենամեծ հորդորը հայ ժողովրդին։ 

Back to top button