ԿարևորՔաղաքական

Ուկրաինայի գործոնը՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի համար․ ո՞ր հարթակում կհայտնվի Արցախյան հակամարտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Այլ կերպ ասած՝ նա հարցականի տակ դրեց ղարաբաղյան հակամարտության լուծման միակ օրինական մանդատ ունեցող հարթակի հետագա գոյությունը։ Նա խոսել էր նաև այլ միջնորդ ձևաչափերի մասին, որոնց աշխատանքից ՌԴ-ն ակնկալիքներ ունի մեր տարածաշրջանում։

ԵԱՀԿ ՄԽ առնչությամբ ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին արևմուտքը հստակ արձագանքել է։ Բանակցային ինչ հարթության մեջ է հայտնվել Արցախի խնդիրը, արդյո՞ք այս զարգացումները բանակցային գործընթացում կարող են հանգեցնել միջնորդ ձևաչափի փոփոխության։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը Հայաստանում է՝ թերևս անձամբ իր ներկանությամբ հակադրվելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փաստացի լուծարման մասին։ Ֆրանսիացի դիվանագետը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Լավրովի ներկայացմամբ՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվում են Ռուսաստանի հետ աշխատել այլ հարթակներում։ Մինչդեռ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագհը ռուս գործընկերոջ հայտարարություններից հետո նույնպես ցանկություն է հայտնել այցելել տարածաշրջան։ Հրապարակային հայտարարություններն ուղղված չեն միջնորդ ձևաչափի փոփոխությանը՝ «Ռադիոլուր»-ին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

«Կարելի է այստեղ երկու հետևություն անել։ Առաջինը, որ կա որոշակի կոնֆրոնտացիա ռուսական և արևմտյան մոտեցումների միջև այս հարցի հետ կապված և երկրորդը՝ կա հավանականություն, որ համաձայնեցված էր Լավրովի հայտարարությունը և փորձ է արվում որոշակիորեն ակտիվացնել ՄԽ աշխատանքը հենց նման հայտարարության միջոցով, ինչը ես ավելի հավանական եմ համարում։ Մենք տեսանք, որ դա աշխատում է որոշակիորեն և կարելի է ասել, որ արևմուտքը ընդունեց Լավրովի կողմից «նետված ձեռնոցը» և համաձայնվեց, որ ՄԽ մի հարթակ է, որտեղ, գուցե, արևմուտքը և Ռուսաստանը՝ անկախ իրենց այս պահի լարված հարաբերություններից, գուցե, կարողանանք նաև շփման եզրեր գտնել»։

Հայաստանի վերլուծական դաշտում հավանական են համարում, որ Ռուսաստանին ձեռնտու է պահպանել միջնորդական ձևաչափը, որտեղ նա կարող է հանդես գալ որպես խաղաղասեր պետություն և պահպանել հարթակը, որտեղ հնարավոր է ինչ-որ հարցի շուրջ արևմուտքի հետ նստել մեկ սեղանի շուրջ, ասում է նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Զուտ հրապարակային հայտարարություններից դատելով, ես կարծում եմ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ըստ էության շահագրգռվածություն ցուցաբերում են առնվազն ձևաչափը պահպանելու և այն չկասեցնելու ուղղությամբ։ Մենք տեսանք, որ Լավրովի հայտարարություններից հետո որոշ հայտարարություններ եղան, որոնք նման զգուշավոր լավատեսության հիմք տալիս են։ Բայց այստեղ աշխատելու խնդիրն է՝ ինչ ուղղությամբ կտանեն, հնարավորությունները կկարողանա՞նք օգտագործել, թե ոչ։ Միգուցե հիմա, օրինակ, ռուս-ուկրաինական իրավիճակում դա կենսական չաշխատի, բայց ասենք՝ որոշ ժամանակ անց, երբ իրենք էլ հարթակներ կփնտրեն երկխոսության, սա նաև իրենց համար կարևոր հարթակ դառնա։ Ես դա համարում եմ հնարավոր»։

ՌԴ արտգործնախարարի խոսքում կա միտում, որը Տաթևիկ Հայրապետյանի ներկայացմամբ, վտանգավոր է։ Թեև 3+3 կամ Վրաստանի հրաժարման պարագայում 3+2 տարածաշրջանային ձևաչափը զուգահեռ է առաջ մղվում, բայց որոշ դեպքերում կարող է որպես այլընտրանք դիտարկվել ԵԱՀԿ ՄԽ-ի համար։ Սրանից է պետք զգուշանալ, ըստ փորձագետի, ու նաև խուսափել, որ ՄԽ պահպանի իր քաղաքական գործոնը և չվերածվի պարզապես հումանիտար խնդիրներ լուծող կառույցի։ Մինչ Ռուսաստանը խոսում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հավանականության մասին, ակնհայտ են արևմուտքի ջանքերը՝ այս հարցում ակտիվացնել ԵՄ միջնորդության նշանակությունը։ Բայց այս ամենը, ըստ մեր զրուցակից–փորձագետների, միտված չէ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի լուծարմանը․

Տաթևիկ Հայրապետւյան. «Մենք այստեղ իսկապես ունենք ձևաչափերի միջև պայքար և ունենք միջազգային առումով շատ բարդ իրավիճակ, որը զգուշավոր դիվանագիտական աշխատանք է պահանջում»։

Ռոբերտ Ղևոնդյան. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կխոչընդոտի նման ձևաչափը։ Այո, Եվրոպան որոշակի ակտիվություն ցուցաբերում է և այդ ակտիվությունը ևս ցույց է տալիս, որ կա որոշակի համատեղ աշխատանք կատարելու ցանկություն։ Իհարկե, «խաղ» կա և այդ «խաղի» մեջ կողմերը որոշակիորեն իրենց շահերը հետապնդում են և հետապնդելու են, և փորձելու են ամեն մեկը ավելի մեծ դիվիդենտներ քաղել ցանկացած տեղում, բայց այն, որ այս գորընթացին մեծ հավանականությամբ, կողմերից որևէ մեկը խոչընդոտել չի փորձի, այլ ընդհակառակը՝ կփորձեն համատեղ աշխատել դրա հավանականությունը ավելի մեծ է»։

Միջնորդական ձևաչափի ճակատագրի մասին կարծիքներ են հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահները։ Մասնավորապես ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքը «News.am»-ին հետ զրույցում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգում է։

«Կարծում եմ՝ Մինսկի խումբը դեռ դերակատարում ունի։ Եթե ոչ Մինսկի խումբն ու համանախագահները, ապա միջազգային հանրության մեկ այլ հատված պետք է նման պատասխանատվություն ստանձնի։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես Ռուսաստանի ձեռքում պետք է լինի և կարծում եմ, որ հակամարտության կողմերն առկա խնդիրների ուղղությամբ աշխատելու համար միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Եթե նոր մեքենա ստեղծելու ցանկություն կա, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց այն ստեղծվելու դեպքում պետք է Մինսկի խմբի նման լինի։ Այս հարցը, ի վերջո, պետք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարգավորեն։ Վերջին ամիսներին նրանք մի քանի անգամ հանդիպել են, և առաջիկայում պետք է շարունակեն լուրջ քննարկումները։ Կարծում եմ՝ առկա մի շարք խնդիրների կարգավորման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելը ճիշտ է։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռևս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել»։

Նախկին համանախագահի խոսքով՝ իրենք չեն ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։ Տեսել են, թե վերջերս ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում՝ կապված ձմռանը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հետ։ «Չենք ցանկանում, որ հումանիտար աղետ լինի այնտեղ»,-ասել է Ուորլիքը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջին անգամ Արցախ այցելել են 2019 թվականի ավարտին։ Հետագա այցերը հետաձգվել են համավարակի, հետո՝ պատերազմի, ապա՝ Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով։ Բայց պատերազմից հետո եղել է միջնորդների երկու կարևոր հայտարարություն՝ 2020 թվականի դեկտեմբերին և 2021-ի ապրիլին։ Իսկ տարածաշրջան նրանք դեռ շարունակում են այցելել առանձին․ ԵԱՀԿ ՄԽ համանախագհի այցից մի քանի օր առաջ Երևանում էր ռուսաստանցի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումից առաջ էր։ Ամերիկացի համանախագահի այցի ժամկետները դեռ հայտնի չեն։

Back to top button