ԿարևորՀասարակություն

Մեքենաշինությունը կօգնի Հայաստանին դիմակայել գլոբալ տնտեսական ճգնաժամին․Վազգեն Սաֆարյան

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները գնալով խստանում են, և գաղտնիք չէ, որ դրանց ազդեցությունն զգալու է նաև Հայաստանը։ Ինչպե՞ս դիմակայել գլոբալ տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին, և հակաճգնաժամային ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնել։ «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ ժամանակն է վերանայել և զարգացնել արդյունաբերական քաղաքականությունը, մասնավորապես՝ մեքենաշինությունը։

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները անխուսափելիրեն ազդելու են Հայաստանի տնտեսության վրա։ Ինչպիսի՞ն կլինեն բացասական հետևանքները՝ գնահատելու համար դեռ վաղ է, կարծում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ վերջին 2 ամսում արտահանման և ներկրման տեմպերը պահպանվել են։ 

«Գաղտնիք չէ, որ մեր գլխավոր տնտեսական գործընկերը եղել և մնում է ՌԴ-ն։ Բավական է ասել, որ անցյալ տարի 847 մլն դոլարի ապրանք ենք առաքել Ռուսաստան և Ռուսաստանից էլ բերել էնք ավելի քան 1.71 մլրդի չափով»։

Տնտեսական ճգնաժամն սկսվել է մարտին, և դրա բացասական  հետևանքները Հայաստանի տնտեսության վրա երկար չեն սպասեցնի՝ վստահ է Վազգեն Սաֆարյանը։ Գործարար, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանն էլ ասում է, որ այդ հետևանքներն արդեն իսկ զգացվում են։ Նա թվարկում է արտահանմանը խոչընդոտող այս օրերին առաջ եկած հանգամանքները․

«Ռուսական ռուբլին մոտ 60 տոկոսով արժեզրկվել է։ Հայաստանի առևտրային  առաջին գործընկերը ՌԴ-ն է, հատկապես գյուղոլորտի ապրանքները  հիմնականում ՌԴ են արտահանվում։ Հայաստանի արտահանողները չեն կարող 60-70 տոկոսով թանկ գներով արտահանել իրենց արտադրանքը։ Ադապտացվելու համար երկար ժամանակ է պետք։ Մեր ապրանքի գինը դրամով, փաստացի, երկու անգամ ավելի ցածր է լինեու անցյալ տարվանից։ Եթե լավ գյուղատնտեսական տարի լինի, օրինակ՝ ծիրանի կամ մյուս պտուղների դեպքում, մենք գնի կեսը՝ կուրսով հաշված, կորցնելու ենք։ Նույնը նաև վերամշակմանն է վերաբերում։ Հայկական ապրանքը դիտարկենք․ գնողունակությունը թույլ չի տալու, որ հայկական ապրանքը շուկայում լինի։ Հետևաբար, մեր արտահանողը վնաս է կրելու»։

Գինի, կոնյակ, ձկնամթերք՝ որոշակի քանակությամբ, պահածոներ ու թարմ պտուղ-բանջարեղեն, հումքային արտադրանք․ ՌԴ արտահանվող ապրանքների հիմնական ցանկն է։ Տնտեսագետ Թարվերդյանն ընդգծում է՝ հայկական գյուղմթերքն այս տարի ռուսական շուկայում մրցունակ չի լինելու։ Ռիսկի տակ է ոչ միայն թարմ պտուղ-բանջարեղենի, այլ նաև  վերամշակված գյուղմթերքի արտահանումը։ «ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները զսպելու համար կառավարությունը պետք է հակաճգնաժամային ծրագրեր մշակի»,-ասում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Դրամավարկային քաղաքականությունը վերանայել են արդեն։ ԿԲ-ն մարտի 15-օն վերաֆինանսավորման տոկոսադրույքը աննախադեպ բարձրացրել է։ Բայդ կառավարությունը, ԿԲ-ն առաջին հերթին գնաճային զսպումների համար են այս քայլերն անում, որպեսզի աժիոտաժ չսկսվի։ Հետագայում կիջեցվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսվարողներին էժան վարկեր տալ»։

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ժամանակն է վերանայել և զարգացնել արդյունաբերական քաղաքականությունը, մասնավորապես՝ մեքենաշինությունը, ինչն այսօր բավական թուլացած վիճակում է․

«Մենք ԽՍՀՄ տարիներին 9950 մետաղահաստոց էինք արտադրում, հիմա՝ ոչ մի հատ։ 5000-ից ավելի պոմպեր էինք արտադրում, հիմա՝ ոչ մի հատ։ 118 հազար լվացքի մեքենա էինք արտադրում, հիմա՝ ոչ մի հատ։ Այսինքն, Հայաստանն այսօր մեքենաշինությունը զարգացնելու կարիք ունի։ Մենք 50-ից ավելի մեքենաշինական, հաստոցաշինական, սարքաշինական գործարաններ ունենք»։

Փորձագիտական դաշտում ստեղծված իրավիճակը դիտարկվում է նաև որպես  հնարավորություն։ Տնտեսագետը չի բացառում, որ Ռուսաստանի շատ գործարարներ կցանկանան Հայաստանում ներդրումներ անել, ապրանք արտադրել և միջազգային շուկա դուրս բերել։

Back to top button