ԿարևորՄիջազգային

Մակրոն-Լը Պեն․ երկրորդ փուլը՝ ապրիլի 24-ին․ ով էլ ընտրվի, հայ-ֆրանսիական հարաբերությունները չեն փոխվի

Վերջին 60 տարում Ֆրանսիայում նախագահական ընտրությունները անցկացվել են երկու փուլով։ Ապրիլի 10-ի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենն անցել են երկրորդ փուլ: Մակրոնը ստացել է քվեների 27,6 տոկոսը, Լը Պենը՝ 23,4 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 24-ին է:

ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վերլուծել է կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները եւ դրանց ազդեցությունները հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա: Մակրոն-Լը Պեն դիմակայությունը շարունակվում է։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 24-ին։ Առաջին փուլի 12 թեկնածուներից երկրորդին կմասնակցեն Մակրոնն ու Լը Պենը։

Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենն 2017-ին նույն հարթակում արդեն մեկ անգամ հանդիպել են։ Այդ ժամանակ հաջողությունը Մակրոնի կողմն էր։ Քաղաքագետ, ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը` կանխատեսելով ապրիլի 24-ի երկրորդ փուլի արդյունքները, նշում է, որ այս անգամ էլ կհաղթի գործող նախագահ Մակրոնը՝ ձայների չնչին տարբերությամբ։

Մհեր Շահգելդյան. «Հարցումները վկայում են, որ տարբերությունը նրանց ձայների միջև մեծ չի լինի։ 52-53 տոկոս է կանխատեսվում՝ հօգուտ Մակրոնին, 47-48 տոկոս` Մարին Լը Պենին։ Այստեղ կա, սակայն, յուրահատկություն։ Խնդիրը մյուս թեկնածուների ընտրազանգվածի կողմնորոշման մեջ է։ Մակրոնը կենտրոնամետ է, տվյալ դեպքում «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրի ձայները բաժին կհասնեն Լը Պենին` հզորացնելով նրա դիրքերը։ Ֆրանսիայում, ըստ էության, ավելանում են պահպանողական աջ դիրքորոշում ունեցող քաղաքացիների դիրքերը, նման իրավիճակ էր նաև 2017-ին։ Սակայն այս դեպքում Զեմուրի ֆենոմենը ցույց էր տալիս աջ և աջ պահպանողական ազգային դաշտի ընդլայնումը։ Մակրոնը կարող է նաև հավակնել «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնի ձայներին, քանի որ Մելանշոնն արդեն հայտարարել էր Լը Պենի օգտին չքվեարկելու մասին։ Սա ցույց է տալիս այն փոփոխականությունը, որն առկա է Ֆրանսիայի քաղաքական դաշտում»:

Ըստ քաղաքագետ Մհեր Շահգելդյանի` Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը  բավականաչափ հետաքրքիր է եւ կարեւոր՝ առաջիկայում այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից: Դրանք կարևոր են նաև Հայաստանի համար՝ որպես Ֆրանսիայի բարեկամ երկիր․

«Ֆրանսիական քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ բոլոր դեպքերում արտահայտել են իրենց ջերմ վերաբերմունքը հայ համայնքի, նաև ՀՀ նկատմամբ։ Թեկնածուներից շատերը դրական են արտահայտվել Հայաստանի մասին, այցելություններ են եղել Հայաստան, այդ ընթացքում ականատես ենք եղել Ադրբեջանի դեմարշին, Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բազմիցս արտահայտվել է Հայաստանի, Արցախի հետ կապված հարցերում։ Ավանդականորեն, ֆրանսիական քաղաքական դաշտը՝ իր ամբողջ ներկապնակով, միշտ բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները։ Իմ խորին համոզմամբ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ջերմ են, դրանք այդպես էլ շարունակվելու են ցանկացած թեկնածուի ընտրության դեպքում»:

Հաջորդ կարեւոր դրվագը, ըստ քաղաքագետի, ռուս-ֆրանսիական  հարաբերություններն են՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտի համատեքստում: Մհեր Շահգելդյանի կարծիքով, եթե Մարին Լը Պենը դառնար նախագահ, ապա ավելի հեշտ լեզու կգտներ Ռուսաստանի հետ, Մակրոնի համար հեշտ է լեզու գտնել Նահանգների հետ։ Չնայած դրան՝ Մակրոնը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` փորձելով  կանոնակարգել Մոսկվայի հետ հարաբերությունները․

«Ֆրանսիան՝ սկսած Շարլ դը Գոլի ժամանակաշրջանից, ավանադականորեն ձգտում է եւ փորձում է վարել անկախ արտաքին քաղաքականություն: Այսօր էլ Մակրոնն է ձգտում  եվրոպական անկախությանը, եվրոպական ԶՈՒ ստեղծմանը, եվրոպական ռազմական եւ քաղաքական անկախությանը: Սա արձանագրում են նաեւ ՌԴ-ում։ Մակրոնը հայտարարում է մոտական տարիներին մոտ 10 միլիարդ եվրոյով ռազմական ծախսերի ավելացման մասին: Մյուս թեկնածուները, այդ թվում, Լը Պենը, Մելանշոն, հայտարարում են, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական բյուջեն, անհրաժեշտ է կառուցել երկրորդ ավիակիրը։ Այսօր Ֆրանսիան մեկ ավիակիր ունի, իսկ դա ուժի պրոեկցիայի կարեւորագույն մեխանիզմներից մեկն է»:

Քաղաքագետը նշում է, որ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, ՌԴ-ի հետ մեր ռազմական դաշինքը՝ մեզ համար բավական շահեկան վիճակ է։ Ֆրանսիան միակ երկիրն է, որը վարում է առավել անկախ քաղաքականություն՝ ելնելով արեւմտյան դաշնակցային հարաբերությունների համատեքստից:

«Ցանկացած դեպքում, Ֆրանսիայում կա Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք: Պարզապես մենք պետք է դիվանագիտական դաշտում լավ աշխատենք, որպեսզի միջազգային ատյաններում Ֆրանսիան առավել ամուր կանգնի հայկական շահերի կողքին»։

Վերադառնալով երկու թեկնածուների երկրորդ փուլի դիմակայությանը․ ընտրությունները նշանակված են հայերիս համար խորհրդանշական՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին։ Հենց այդ օրն են վճռական պայքարի մեջ մտնելու Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարող եվրոպամետ ու կենտրոնամետ Մակրոնը և ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենը։

Վերջին տասնամյակի վիճակագրությունը վկայում է` Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը նվազում է․ 2007 թվականին մասնակցությունը 84 տոկոս էր, 2017-ին՝ 78 տոկոս, փորձագետները հնարավոր են համարում, որ այս տարի մասնակցությունն ավելի կնվազի։

Back to top button