ԿարևորՀասարակություն

Հղիության ընթացքում պտղի անհասկանալի մահերը ՀՀ-ում ավելացել են. առաջարկում են ընկերքի հետազոտություն ներդնել 

Ոչ կենդանի պտղի ծննդի կամ մասնագիտորեն ասած` մեռելածնության ցուցանիշերը Հայաստանում վերջին տարիներին մեծացել են։ Հատկապես Երևանը մեռելածնության ցուցանիշերով առաջին հորիզոնականում է։ Պրենատալ սքրինինգային հետազոտությունները կատարվում են, սակայն հաճախ դրանք ճշգրիտ չեն արձանագրվում հատկապես առաջնային օղակներում` ասում են մասնագետները։

Հայաստանում ծրագրվում է բարեփոխել պրենատալ սքրինիգների հետազոտության մեթոդները։ Սակայն սրան զուգահեռ` մասնագետները պնդում են, որ պետք է մեծացնել հետազոտությունների դաշտը։ Պրենատալ սքրինինգներից բացի` հետազոտվի ընկերքը, որն ուսումնասիրությունների հսկա նյութ է պարունակում։

Հայաստանում վերջին երկու տարիներին ծնելիության թվերի աճին զուգահեռ ավելացել են նաև մեռելածնության թվերը։ Դիտարկումը «Արաբկիր» հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի տնօրեն Հասմիկ Զաքարյանինն է։ 2021 թվականին կենտրոնում արձանագրվել է 276, իսկ 2020-ին 271 մեռելածնության դեպք։ Միջինը 200–ից 300 մահ է արձանագրվում տարեկան` ասում է Հասմիկ Զաքարյանը։ Այս տարի արդեն 100 –ից ավելի մեռելածնության դեպք է արձանագրվել։ Այս թվերի մեջ անհասկանալի մահերը 1-2 տոկոս են։ Օրինակ, այս տարի մեկ անհասկանալի մահվան դեպք է գրանցվել։ Ծննդաբերությանը մնացել է մեկ շաբաթ, երբ հերթական հետազոտությունը զարգացած պտղի սրտի կանգ է արձանագրել` ասում է բժիշկ-ախտաբանաանատոմը։

«Շատ տարօրինակ դեպք էր։ Մենք զրուցեցինք իրենց հետ և եկանք հասանք նրան, որ զուտ մամայի սթրեսային գործոնն էր»։

Ախտաբանաանատոմիական հետազոտությունները ցույց են տվել, որ մեռելածնության հիմնական պատճառն են թրոմբոֆիլիաները, վարակիչ հիվանդություններն ու կյանքի հետ անհամատեղելի արատները, որոնք երբեմն գենետիկական, երբեմն էլ վարակների հետևանք են լինում։ Քովիդն էլ իր հերթին է ազդել մեռելածնության ցուցանիշերի վրա։ Քանի որ այս վարակն ունի արյուն խտացնելու, թրոմբի գոյացման հատկություն, հղիության դեպքում այդ վտանգը կրկնապատկվում է։ Ըստ մասնագետի՝ լուրջ ուսումնասիրություններ են պետք ՝ հասկանալու քովիդով վարակվելուց և պատվաստվելուց որքան ժամանակ հետո պետք է հղիանալ։

«Դժվար է ասել`քովիդի հետպատվաստման ռեակցիայի հետ մենք ունենք խնդիր, թե ոչ։ Այստեղ մենք անզոր ենք որևիցե բան ուսումնասիրել։ Ասենք թե կինը պատվաստվել է ու գնում է հղիության։ Մենք չգիտենք պտղի հանկարծամահությունը կարող ենք կապել այդ հակամարմինների հետ։ Ինքը մեծ ուսումնասիրության թեմա է, որ կարելի է զարգացնել ու ուսումնասիրել»։

Մասնագետներն ուսումնասիրել է աշխարհի փորձը։ Մեռելածնության թվերը նվազեցնելու և կանխելու համար պետք է զարգացնել ներարգանդային մահացած պտղի հետազոտությունները։ Այստեղ հետազոտության մեթոդաբանության մեջ մենք հետ ենք մնացել` ասում է ախտաբանաանատոմը։ Աշխարհում կյանքի ընթացքում դիագնոստիկան ավելի ուժեղ է, իսկ մեր դեպքում պետք է ուժեղացնենք ախտաբանաանատոմիական հետազոտությունները՝ հաջորդ ծնունդները բարի ելքով ավարտելու համար։ Իրավիճակը փրկելու ճանապարհ է առաջարկում մասնագետը․ Հայաստանում ներդնել ընկերքի հետազոտության ծրագիր։ Սա պարտադիր է մեռելածնության դեպքերը կանխելու համար, ասում է զրուցակիցս։ Անկախ նրանից երեխան մահացել է, թե ողջ է մնացել, ծննդաբերությունից հետո ընկերքից մի կտոր պետք է անպայման հետազոտվի։

«Ամբողջ աշխարհում ընկերքը համարվում է հետազոտման օբյեկտ։ Անկախ նրանից` երեխան մահացել է, ողջ է մնացել, թե ինչ է եղել երեխայի հետ, կինը ծննդաբերեց’ ընկերքից մի կտոր վերցվում է, հետազոտվում է։ Սրա միջոցով կարող ենք հայտնաբերել խնդիր, որը երեխայի վրա չի անդրադարձել էս մի հղիության դեպքում, սակայն կարող է վտանգ ներկայացնի հաջորդ հղիության դեպքում։ Սա կոչվում է կանխարգելում»։

Տարեկան շուրջ 5500 ծնունդ ունեցող «Էրեբունի» ԲԿ-ում էլ են փաստում, որ ներարգանդային մահերը վերջին տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատացել են։ Մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի խոսքով՝ նման պատկերի հետևանքն արատները ժամանակին ճիշտ չախտորոշելն է և քովիդը, որն, ինչպես մասնագետն է ասում, աննկատ չանցավ նաև հղիների կողքով։

«Ունեցել ենք ավելի լուրջ դեպքեր, երբ հղիությունը թվացյալ հարթ է ընթացել երբ կինը երկրորդ, երրորդ եռամսյակում տարել է ասիմպտոմ քովիդ, սակայն երեխաները ծնվել են ծանր թոքաբորբով։ Եվ եթե ճիշտ ժամանակին նրանք չծննդաբերեին, շատ հնարավոր է` ունենայինք մահվան ելքեր։ Փառք Աստծո, մեր նեոնատոլոգները բավականին զինված են, ուժեղ, և հիմնականում ունենում ենք դրական ելքեր»։

Մասնագետի խոսքով՝ կարևոր են այստեղ պերինատալ սքրինիգները, որոնք երեք եռամսյակներում հնարավորինս հայտնաբերում են պտղի խնդիրները։ Բացի այս սքրինինգներից` հղիության կրելախախտները կանխելու համար հետազոտությունների հատուկ մշակված ցանկ կա, որով անցնում են հղիները` մանրամասնում է Նորայր Ղուկասյանը։

«Դրա մեջ վիժումներն են, մահացած պտուղներն են, այսինքն` այն բոլոր փորձություններն են, որոնք կինը կարող է ունենալ հղիության ընթացքում։ Հղիության կրելախախտից զերծ մնալու համար պետք է յուրաքանչյուր հղի անցնի հատուկ սքրինինգային հետազոտություններ, պտղի ներարգանդային, ինչպես նաև անալիզները հանձնի, որոնք ուղղված են բացառելու ինֆեկցիաները, պետք է նայվի կնոջ հորմոնալ ստատուսը, իմունոլոգիան, որի նորմալ չափանիշերի պարագայում հղիության հաջող ընթացքն ու առողջ բալիկը երաշխավորված են»։

Այսօր աշխարհում ընդունված, ինչպես նաև Հայաստանում իրականացվող պրենատալ սքրինինգների արդյունքում առավել շատ ի հայտ են գալիս դաունի համախտանիշը, նյարդային համակարգի, վերջույթների, սրտի արատները։ Պտղի բնածին արատների և գենետիկ տարբեր շեղումների հիվանդությունների վաղ հայտնաբերման համար առողջապահության նախարարությունը մշակում է բարելավել պրենատալ սքրինինգների ախտորոշման մեթոդները։ Նորագույն մեթոդները կնպաստեն ավելի վաղաժամ ախտորոշմանը, քանի որ վաղաժամ ախտորոշումը նաև կանխարգելում է հետագա ոչ բարենպաստ ելքերը` ասում է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության խորհրդատու Ռուզան Մարտիրոսյանը։

«Այս նախագծի շրջանակում նախատեսվում են բժիշկների, այդ թվում` մարզային ԲԿ–ների բժիշկների վերապատրաստումներ, որը կնպաստի ավելի որակյալ բժշկական սպասարկում և օգնություն իրականացնելուն, ինչպես նաև ԲԿ-ներն արդի բժշկական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակն է հետապնդում։ Ուստի այս ամենը կնպաստի հղիության բարեհաջող ելքերի առողջ երեխաների ծնունդների ավելացմանը»։

ՀՀ կառավարության 2022-2026 ծրագրով նախատեսվում է նաև մարզային բժշկական կենտրոնների պրենատալ ախտորոշման ծառայությունների բարելավել։

Back to top button