ԿարևորՀասարակություն

ՀՀ ԳԱԱ-ում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձևավորման կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձևավորման կախվածությունը սպասվող ուժեղ  երկրաշարժերի օջախի մեխանիզմից:

Հետազոտական աշխատանքների ղեկավար, ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը  բացատրում է. «Հետազոտություններում օգտագործվել է այն հայտնի հանգամանքը, որ սպասվող ուժեղ (M≥6,0) երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում կարող են դիտվել  թույլ սեյսմիկայնության պարբերական տատանումներ, որոնք նկատվում են սպասվող երկրաշարժի օջախային գոտում 3-5 տարվա ընթացքում և հասնում առավելագույնի 0.6-1.8 տարի առաջ։

Սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտում թույլ սեյսմիկայնության անոմալ ռեժիմի ուսումնասիրման նպատակով մեր կողմից հետահայաց մոտեցումով կատարվել է Հայաստանի լեռնաշխարհի և հարակից շրջանների մի շարք ուժեղ երկրաշարժերին նախորդող սեյսմիկ իրավիճակի վերլուծություն։ Կատարվել է սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտու ձևավորման տեղայնացումն ըստ նախորդող թույլ երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային պատկերի, ֆոնային սեյսմիկայնության առանձնահատկությունների հիման վրա։ Հաստատվել է ֆոնային սեյսմիկայնության կարևոր հատկությունը. թույլ երկրաշարժերի էպիկենտրոնները ժամանակի ընթացքում ենթարկվում են միգրացիայի դեպի սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտի: Տեղի է ունենում խմբավորման և կենտրոնացման գործընթաց։ Ուժեղ երկրաշարժերի նախանշան հանդիսացող այս երևույթը դրսևորվում է թույլ երկրաշարժերի էներգետիկ մակարդակի լայն տիրույթում»։

Ուժեղ երկրաշարժին նախորդող թույլ կամ ֆորշոկային երկրաշարժերը համատեղվում են խզման երկայնքով տեղի ունեցող կրիպային երևույթների (սողք) հետ: Դրանք կարող են հանդիսանալ որպես սեյսմիկ նախանշաններ երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծման ժամանակ։ Այս օրինաչափությունը հաստատվել է ԱՄՆ-ի Պարկֆիլդի շրջանում՝ Սան-Անդրեասի բեկվածքի տարածքում։

Սակայն հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց առաջացման մեխանիզմը կապված չէ կրիպային երևույթների հետ, և չի դիտվում սեյսմիկայնության ֆոնի ակտիվացում ֆորշոկային երկրաշարժերի տեսքով: Այդպիսին էր 1988 թ-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժը։ Այն չուներ ֆորշոկային երկրաշարժերի շարք, տեղի էր ունեցել ընդամենը երկու ֆորշոկ. մեկը՝ շատ թույլ, մյուսը՝ M=3 մագնիտուդով՝ ուժեղ ցնցումից 16 ժամ առաջ։ Տարածքի այլ երկրաֆիզիկական դաշտերի տվյալներն այս երկրաշարժից առաջ նույնպես թույլ չտվեցին բացահայտել որևէ նշանակալից անոմալիա, որը կդիտվեր որպես նախանշան։ Դիտվել էին որոշակի մթնոլորտային և կենսաբանական նախանշաններ, որոնք միարժեք կապ այս երկրաշարժի հետ չեն ցուցաբերել։

Առանձնահատկություններն  օգտագործվել են հետազոտելու համար նախապատրաստվող ուժեղ երկրաշարժերի օջախներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների առանձնահատկությունների տվյալները  երկրաշարժերի օջախների մեխանիզմների պարամետրերի հետ համադրելու միջոցով։

Back to top button