ԿարևորՀասարակություն

Թղթի վրա գրված դեղատոմսեր շուտով չեն լինի․ ինչպե՞ս կգործեն էլեկտրոնային դեղատոմսերը

Առողջապահության նախարարությունը փորձարկում է էլեկտրոնային դեղատոմսերի նոր համակարգը։ Այս գաղափարը կա դեռ կառավարության 2019 թվականի որոշումներից մեկում, բայց մինչ օրս կյանքի չի կոչվել։ Էլեկտրոնային դեղատոմսերի կարիքը հատկապես սուր սկսեց զգացվել համավարակի ժամանակ։ Ակնկալվում է, որ սա նախ կհեշտացնի մարդկանց կյանքը, եւ հետո շատ ավելի կառավարելի կպահի դեղերի խառը նշանակումները։ Ինչպե՞ս են գրվելու էլեկտրոնային դեղատոմսերը, եւ քաղաքացին դրանցով որտեղի՞ց կարող է դեղ գնել։

Անընթեռնելի ձեռագիր՝ դեղատոմսի վրա, այնպես, որ երբեմն դեղի անվանումն ու անգամ դեղաչափը մոտավորապես է հասկանալի։ Սա դեռ խնդրի մի կողմն է, երբ մարդը դրա պատճառով կարող է սխալ դեղ գնել՝ սխալ դոզայով։ Մյուս կողմում խառը նշանակումներն են, որոնք մարդու հիվանդության պատմության մեջ չեն արձանագրվում, եւ ամեն հաջորդ բուժման ժամանակ անորոշ վիճակ է ստեղծվում, թե մարդը նախորդիվ ինչ դեղեր ու բուժումներ է ստացել։ Իրավիճակը շտկել է պետք՝ կարծում են առողջապահության նախարարությունում։ Շուտով հնարավոր կլինի բժշկի նշանակած դեղերը դեղատներից գնել ոչ թե թղթային, այլ՝ էլեկտրոնային դեղատոմսով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնակատար Հեղինե Պետրոսյանը  «Ռադիոլուրին» բացատրում է՝  էլեկտրոնային դեղատոմսերը հեշտացնելու են բժշկի աշխատանքն ու առավել արդյունավետ  հաղորդակցման միջոց դառնան պացիենտի, բժշկի և դեղատան միջև: Իրենց պոլիկլինիկան առաջիններից է, որտեղ փորձարկվելու է համակարգը եւ գործելու է դրա կողմից սպասարկվող քաղաքացիների համար։ Բայց՝ դեռ սահմանափակ․

«Այս պահին էլեկտրոնային  տարբերակով  դեղամիջոցները  տրամադրվելու  են այն բնակիչներին, որոնք ընդգրկված են սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում»։  

Ինչպես է քաղաքացին ստանալու դեղերը, խնդիր չի՞ առաջանա հատկապես մեծահասակների դեպքում։ Հեղինե Պետրոսյանը վստահեցնում է՝ որևէ խնդրի առաջ մեծահասակները չեն կանգնի, պարզապես դեղատուն գնալիս պետք է ունենան կամ նույնականացման, կամ սոցիալական քարտ․ 

«Իրենց  կյանքում ոչինչ չի փոխվում, դեռ մի բան էլ թուղթ չես տալիս ձեռքը։ Էդ թուղթը կարող է կորցնել, հետո կրկնօրինակ գա ուզի»։

Էլեկտրոնային դեղատոմսով քաղաքացիներին դեղ տրամադրելու համար դեղատները պետք է միացված լինեն առողջապահական էլեկտրոնային «Արմեդ» համակարգին: Իսկ բժիշկը քաղաքացուն իր կողմից նշանակած դեղերը  պետք է  գրանցի նույն այդ համակարգի հատուկ բաժնում։ Էլեկտրոնային դեղատոմսերով սպասարկելու համար դեղատներն էլ իրենց հերթին պետք է «Արմեդ» համակարգի հետ ունենան պայմանագիր․

«Այս պահին դեռ դեղերը պետք է ձեռք բերել միայն այդ դեղատներից։  Օրինակ՝ եթե տվյալ անձը բնակվում է Մասիվում, նա կարող միայն ձեռք բերել Մասիվի  «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից և ոչ թե  Ավանի դեղատներից»։

Դեղերի գների տարբերություն չի՞ լինի այս դեպքում, այսինքն՝ հնարավո՞ր է էլեկտրոնային դեղատոմս սպասարկող դեղատները նույն դեղն ավելի թանկ վաճառեն, ու մարդը ստիպված լինի հենց այնտեղից գնել, քանի որ համակարգին դեռ քիչ դեղատներ են միացած։ Հեղինե  Պետրոսյանը բացառում է, որ պոլիկլինիկայի ներսում գտնվող դեղատներում նույն դեղն ավելի թանկ արժենա, քան այլ դեղատներում․

«Երբ դու հայտարարում ես տենդեր, հետևաբար, շահում է ամենացածր գին առաջարկող ընկերությունը, ու մենք պայմանագիրը կնքում ենք մեկ տարվա համար, ու այդ ընթացքում  գինը պետք է մնա անփոփոխ»։

Թվային դեղատոմսերը հասանելի կլինեն բժիշկներին, դեղատների աշխատակիցներին և վերահսկող տեսչական մարմնին: Հատկապես քովիդի շրջանում թղթային դեղատոմսերի հետ կապված շատ խնդիրներ եղան, երբ մարդիկ առանց դեղատոմսի ձեռք  էին բերում անտիբիոտիկներ: Հետևաբար, առաջին փուլում էլեկտրոնային դեղատոմսերով ամենաշատը կհետեւեն հենց հակաբիոտիկների տեղին կամ անտեղի նշանակումներին։ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյան․

«Համավարկի ժամանակ  ականատես եղանք բավականին աբսուրդային երևույթների, երբ պացիենտներն ընդունվում էին բավականին ծանր վիճակում, բայց նրանք արդեն տնային պայմաններում ստացել էին հնարավոր բոլոր անտիբիոտիկներն իրենց խմբերով։ Ընդհուպ մինչև ռեզերվային հակաբիոտիկներ, որոնք կարող են նշանակվել միայն հիվանդանոցային պայմաններում»։

Էլեկտրոնային դեղատոմսերը նախատեսվում է դեռ երկու ամսով փորձարկել Երևանի և մարզերից մեկի պոլիկլինիկաներում:

Back to top button