ԿարևորՀասարակություն

«Դպրոցից դեպի տիեզերք». մեկնարկել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի ծրագիրը

Օրերս՝ ապրիլի 7-ին, մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի ծրագիրը, որը կրում է «Դպրոցից դեպի տիեզերք» խորագիրը։

ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանն այցելել է Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոց և հանդես եկել հետաքրքիր զրույց-դասախոսությամբ։ Այնուհետև հերթը Տավուշի մարզի այլ դպրոցներինն էր։

Դասախոսությունների շարքը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս։ Այս տարի այն կանցկացվի մինչև ապրիլի 30-ը, որի ընթացքում հայ աստղագետները կայցելեն ծրագրին նախապես գրանցված 30 դպրոց ՀՀ տարբեր մարզերում և Արցախում։ Ծրագրի շրջանակներում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները կհրավիրվեն մասնակցելու 8-րդ Բյուրականյան գիտաճամբարին։

Դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրն իրականացվում է 2012թ-ից ի վեր։ Այս 9 տարիների ընթացքում աստղադիտարանի աշխատակիցները եղել են ավելի քան 250 դպրոցներում։

Ծրագրի նպատակներից մեկը դպրոցներում աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերելը, նրանց հետ կապ պահպանելը և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելն է:

Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլ նյութեր:

Back to top button