Ծովահայեր

Հայաստանում մալարիայի տարածումը կանխարգելվեց ձկների շնորհիվ «Ծովահայեր»

  • Ինչպիսի՞ ձկներ են լողում Հայկական լեռնաշխարհի լճերում և գետերում,
  • Ո՞ր տեսակներն են վտանգված կամ գրանցված կարմիր գրքում,
  • Ի՞նչ նոր ձկնատեսակ է հայտնաբերվել Հայաստանում,
  • Ո՞ր ձկնատեսակը Հայաստանում կանխարգելեց մալարիայի տարածումը,
  • Հայաստանում առկա 50 ձկնատեսակներից որքա՞նն են տեղաբնակներ և ի՞նչ պետք է իմանանք մեր բնական ժառանգության մասին։

Ծովահայերի հյուրը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն է, ով մոտ 40 տարի ուսումնասիրում է Հայկական լեռնաշխարհի ջրերում ապրող ձկնաշխարհը։

Ձկնաբանն ասում է, որ իր ուսումնասիրությունից ի վեր Հայաստանի ձկնատեսակները կրկնակի բազմացել են, սակայն անհամեմատ պակասել է քանակը։

Կուրի բեղլու

Հատկապես Արարատյան հարթավայրում ձկնային տնտեսությունների զարգացման արդյունքում և’ հեռավոր արևելյան, և’ հյուսիսամերիկյան, և’ եվրոպական տարբեր երկրներից բուծման նպատակով բերվեցին մի շարք ձկնատեսակներ։ Բայց դրանց հետ մեկտեղ Հայաստանում պատահականորեն հայտնվեցին նաև այլ ձկնատեսակներ։ Օրինակ՝ 1960 ականների սկզբներին, երբ Չինաստանից Մոսկվա բերվեցին սպիտակ ամուր տեսակի մանրաձկներ, դրանցից որոշ քանակություն հայտնվեց նաև Երևանում։

Արծաթափայլ կարաս

Մյուս տեսակն եկավ Օդեսայից՝ 1969-ին, կարպ տեսակն էր, որ բազմացվի մեր ձկնային տնտեսություններում։ Նրա հետ ներմուծվեց արծաթափայլ կառասը,  ընդամենը 14-15 տարի հետո հայտնվեց Սևանում և հիմա ամենատարածված ձկնատեսակներից մեկն է Հայաստանում։ Որոշ տեսակներ հայտնվել են բնական ճանապարհով, օրինակ՝ ոչ ոք չգիտի, թե բրամը, կամ ասենք՝ ավազային ցլիկաձուկը, դառնաձուկը, արծաթաձկնիկը, որոնք Հայաստանի համար երբեք չեն նկարագրվել, ինչպե՞ս 90-ականների առաջին կեսերից սկսեցին աստիճանաբար տարածվել և բազմանալ Հայաստանի տարբեր գետերում։ Հիմա մենք ունենք մոտ 50 տեսակ։

Անցած տարի, իմ գործընկերների հետ Հայաստանի համար նոր տեսակ եմ հայտնաբերել. դա ամուրյան ցլիկաձուկ է, փոքրիկ ձկնիկ և հայտնի չէ, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա:

2000-ին հայտնաբերվեց Հայաստանի համար մեկ այլ վտանգավոր տեսակ, կոչվում է կորեական սրափորիկ։ Այն շատ դիմացկուն է, բազմանում է տարվա մեջ մի քանի անգամ և սնվում է ամենատարբեր տեսակի մանրաձկներով ու նրանց կերով։ Մի կողմից կարող է վերացնել տեղաբնակ որոշ ձկների, մյուս կողմից՝ կարող է սննդային մրցակից լինել արժեքավոր ձկներին։

Ավազային ցլիկաձուկ

Կարծիք կար, որ Սևանի իշխանը վերացավ ներմուծված սիգի պատճառովսիգը կերավ իշխանին, հետո՝ սիգին կերավ խեցգետինը, խեցգետնին՝ կառասը, բնության մեջ իրա՞ր կերան՝ մարդը գործ չունի՞ այստեղ: Սա ճշմարտանմա՞ն է։

Որպես գիտնական չեմ կիսում այդ կարծիքը, հիմնական խնդիրը, դա ոչ թե ձուկն է, այլ Սևանի մակարդակի իջեցումը և նրա շահագործումը՝ տնտեսական տարբեր նպատակներով։ Զուտ անթրոպոգեն գործոններ են։ Սիգը ներմուծվեց 24-26 թվականներին մի պարզ պատճառով. այն ժամանակ շատ հայտնի ձկնաբան, պրոֆեսոր Ա․Դերժավինն ասաց, որ Սևանում կա սննդի բավականին մեծ պաշար, ինչը չի իրացվում Սևանի իշխանի կողմից։

Որպեսզի այդ կերապաշարն օգտագործվի և լճի ձկնարդյունաբերությունը մեծանա, ներմուծվեց սիգ կոչված ձկնատեսակը և մինչև 50-ականների կեսերը ոչ ոք չգիտեր, որ Սևանում ապրում է սիգ ձկնատեսակ։ Պատկերացրեք՝ գրեթե քսանապատիկ քիչ էր իշխանից։ Երբ լճի մակարդակն սկսեց իջնել, ջուրը՝ տաքանալ և կանաչել, 60-ականների սկզբից իշխանն սկսեց աստիճանաբար պակասել, բազմանալու տեղ չուներ, հետն էլ՝ գերորս էր իրականացվում։  

Ամուրյան նրբաձուկ

Հայաստանում առկա 50 տեսակի ձկներից կա՞ն ձկնատեսակներ, որոնք վտանգ են ներկայացնում մեկ այլ տեսակի վերացման համար։

Հայաստանում աբորիգեն, կամ՝ տեղաբնակ ձկնատեսակները մոտ 22-23-ն են, դա ամրագրված է վաղ հետազոտություններով, սկսած 50-ականներից։ Ավելի վաղ՝ 30-ականներին, մալարիայի դեմ պայքարելու համար ներմուծվեց կամբուզա ձկնատեսակը, հետո՝ սպիտակ ամուրը։ Դա կենսաբանական պաքարի յուրահատուկ ձև է։ Գիտենք, որ մալարիա տարածող անոֆելես ցեղին պատկանող մոծակները ձվադրում են ջրում և ճահճոտ վայրերում։

Նախկինում՝ Արարատյան դաշտավայրում մեծ տարածք էին զբաղեցնում այդ ճահճուտները և մալարիայով հիվանդ էին Արարատյան հարթավայրում բնակվող մարդկանց մինչև 30 տոկոսը։ Որպեսզի այդ հիվանդության դեմ պայքարեին, Իտալիայից բերեցին այդ ձկներին Սոչի, այնուհետև՝ Հայաստան և բաց թողեցին ճահճուտներում։ Ձուկը՝ հյուսիսամերիկյան տեսակ է, կենդանածին, մինչև 5-6 սմ երկարություն ունեցող։ Տարվա մեջ բազմանում է 7-8 անգամ, 2 ամսից արդեն ձագերն են սեռահասուն դառնում և բազմանում։ Նրանց հիմնական սնունդը մալարիայի մոծակների թրթուրն է։ Դա մեծ օգուտ էր մեզ համար։ Հիմա մալարիայի մասին այդքան խոսող չկա, շնորհիվ այս ձկնատեսակի։

Գամբուզիա

Սամվել Պիպոյանն ասում է, որ ձուկը  պարենային անվտանգության կարևոր երաշխիք է, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, շրջապատված ոչ բարեկամ երկրներով։ Ամենատարբեր շրջաններում տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում երկիրը հայտնվում է շրջափակման մեջ։

Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս ապահովել երկրի բնակչության՝ գոնե սովից փրկվելու հեռանկարը։

Այս տեսանկյունից, Հայաստանում առկա մոտ 85 ջրամբարներում մենք կարող ենք ենք զբաղվել ձկնային տնտեսությունների ստեղծմամբ, նաև՝ ներմուծմամբ։

Ջրամբարներում հիմա ապրում են ձկներ, հիմնականում կարասն է ու թափոնային ձկներ, որոնք ուտում են կերը մեծ քանակով, սակայն արդյունավետ չեն տնտեսության համար։ Այս առումով շատ կարևոր է, որ արհեստական ջրամբարներում բուծվող տեսակներ լինեն, որոնք կարող են պարենային անվտանգության հարց լուծել։ Ջուրը՝ դա միայն ռեսուրս չէ, ջուրը կենդանի համակարգ է, քանի դեռ հաշվի չենք առել դա, մեր երկրում բնապահպանական որևէ գործողություն հաջողություն չի ունենա։

Back to top button