ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում արդիականացվում է ոռոգման համակարգը

Ոռոգման շրջան շեմին՝ ավարտին են մոտենում  շինարարական աշխատանքները համակարգում։ Արմավիրի մարզում վերականգնվել է 95 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց, ավարտվում է միջտնտեսային ջրատարների կառուցումը, ջրանցքների մաքրման աշխատանքները շարունակվում են:

Մի քանի օրից ոռոգման շրջանը կսկսվի, մինչ դա հարկավոր է մաքրել ջրատարներն ու ավարտել միջտնտեսային ու ներտնտեսային ցանցերի շինարարական աշխատանքները: Ոռոգման համակարգի վերականգնման և կառուցման աշխատանքներն արվում են ոռոգման շրջանի ավարտից հետո մինչև ջրամատակարարումը: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ջրային հանգույց է կառուցվում.

«Կոնկրետ այս տեղամասում կամրջի հարցն է լուծվում։ Այս հանգույցը միանում է սելավատարին, որպեսզի վերևի գյուղերից ավելացած ջրերը լցվեն սելավատրն ու սնուցեն  մյուս գյուղերը, հասնեն մինչև Եղեգնուտ, եթե ջուրը բավարարի, բայց չի բավարարում»:

Եղեգնուտը, Զարթոնքն ու Արտաշարը սնվում են Սև ջրի ավազանից, որը ցամաքել է ընդերքի  սակավաջրության պատճառով: Եթե Սև ջուր գետում ջուր կա, ապա չմաքրված կոյուղաջրերն են: Ոռոգման խնդրի կարգավորման նպատակով  մարզում նախորդ տարիներին հորատվել ու վերականգնվել են խորքային հորերը: Արմավիր ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Արշակյանի խոսքով՝ անցած տարի հողը ծարավ չեն թողել.

«Անցած տարվա սկզբից արդեն հայտնի էր, որ սակավաջուր տարի է, և ոռոգման  խնդիրներ կլինեն։ Դիմեցինք  Ջրային կոմիտե, որպեսզի անցնենք լոկալ ոռոգման, այսինքն, խորքային հորերով  ոռոգենք: Արդյունքում, թեև  ունեցանք էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս, բայց կարողացանք մեղմել ոռոգման ջրի պակասը»:

Չնայած ջրի սակավությանը, հող մշակողները վճարել են պայմանագրերում նշված ջրի չափով: Արմավիրի ՋՕԸ-ի տնօրենն ասում է, որ անցած տարի ավելի շատ ջրի վարձավճարներ են գանձել, քան նախորդ տարիներին: Այս տարի էլ գյուղացիները պահանջվող ջրի պայմանագրերն արդեն կնքել են.

«Պայմանագրերը մեզ անհրաժեշտ են ջրառի քանակը ճշտելու նպատակով: Քանի որ մենք հնարավորություն չունենք բոլոր ջրօգտագործողներին ջրաչափով ջուր մատակարարելու, աշխատում ենք նորմատիվային գրքով: Բոլոր ջրօգտագործողները ստանում են ավելի շատ ջուր, քան իրականում նշված է»:

ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ծրագրերի իրականացման մասնաճյուղի վերահսկող խմբի ղեկավար Կարեն Դադոյանի խոսքով` մարզում անցած տարվանից սկսվել են միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգման աշխատանքները:

«Արմավիրի մարզի 40 համայնքում կատարվել են միջտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքներ, դրանց արժեքը  մոտ 2 մլրդ. 600 միլիոն  դրամ է։ Վերակագնվել է 95 կմ ներտնտեսային ցանց»:

Մրգաշատի միջտնտեսային ջրանցքը հողային հունով է, ջրի կորուստը շատ են: Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում երկաթբետոնե շինվածքներով վերականգնվել է 2.8 կմ ցանցը: Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ասում է՝ աշխատանքների 80 տոկոսն ավարտված է: Ակնալճի ոռոգման հարցը կլուծվի՞. հարցնում եմ.

«Հարցը քննարկել ենք ՋՕԸ-ի ներկայացուցիչների հետ։ Սև ջրի ավազանը լցնելու արդյունքում նաև Ակնալճում ջուր կլինի: Համոզված ենք, որ ջրի մակարդակը կբարձրանա»:

Ոռոգման ցանցի բարելավման աշխատանքները ներառված են նաև համայնքների սուբվենցիոն ծրագրերում՝ ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը. «Այս տարի էլ մեր համայնքների սուբվենցիոն ծրագրերի մեջ կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք ուղղված են ոռոգման համակարգերի բարելավմանը՝ խորքային հորերի, ներտնտեսային ու միջտնտեսային ցանցերի վերանորոգում: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի տարիներին աշխատանքների հանրագումարն էական որակական փոփոխություններ կբերի»:

Երբ ոռոգման շրջանը փակվում է, համակարգը լցվում է աղբով, ջրատարները հաճախ  աղբավայր են դառնում:  Արմավիր ՋՕԸ-ն գտնվում է Սարդարապատ գյուղում: Գյուղի կենտրոնով անցնող ջրանցքը լցված է աղբով, իսկ ջրանցքի հարևանությամբ բազմաթիվ խանութներ ու սննդի կետեր են գործում:

Back to top button