ԿարևորՔաղաքական

Շարունակելու ենք աջակցել ՀՀ-ին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում. Լավրով

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության ապահովման և պաշտպանունակության ամրապնդման գործում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- նշել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը կանդրադառնան նաև ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցության հեռանկարներին։

«Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի մեզ համար առավել կարևոր է մեր գործողությունները համեմատել այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կազմակերպության անդամներին»,- ընդգծել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ կան երեք խումբ համաձայնագրեր, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը իր մանդատին խիստ համապատասխան»,- ասել է նա։

Back to top button