ԿարևորՀասարակություն

Չծխողները գոհ են, ծխողներն ու տնտեսվարողները՝ դժգոհ․ կհանվի՞ բաց տարածքներում ծխելու արգելքը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի հարցը։ Քննարկմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանք ասել են, որ հակածխախոտային օրենքը ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ խնդիրներ են ծագել, և հանդես են եկել առաջարկներով։ Կփոխվի՞ արդյոք միայն վերջերս ուժի մեջ մտած օրենքը, կամ ինչպե՞ս է իշխանությունն արձագանքում տնտեսվարողների խնդիրներին:

«Առողջության մասին մտածելուն և Հայաստանում ծխողների թիվը շատացնելուն ոչ ոք կողմ չէ, պարզապես օրենքում կան չմտածված դրույթներ, որոնք չեն պաշտպանում  չծխողների իրավունքները և մեծ վնաս են հասցնում սննդի օբյեկտներին․ ի դեպ, այստեղից պետական բյուջե մեծ գումարներ են հոսում»․ ընդհանուր՝ սրանք էին հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների դիտարկումները։ Նրանք Ազգային ժողովում մասնակցում էին Տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը։ Ներկա էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա ասաց․

«Երբ դու փակում ես բոլոր դռները, մարդիկ ոչ թե մտածում են օրենքին հարմարվելու, այլ այն շրջանցելու մասին։ Օրենքի խիստ լինելը մտածված լինելու հետ ոչ մի կապ չունի։ Ես մի հատ օրինակ կբերեմ, որը ամենապատկերավորը կլինի։ Մենք այսօր ասում ենք, որ խանութներում «վիտրինաները» պետք է փակ լինեն, որպեսզի մարդկանց աչքին տեսանելի չլինեն։ Ի՞նչ է տեղի ունենում։ Վերցրել են միջազգային փորձի մի դրվագը (որ պետք է լինի փակ), չեն վերցրել մյուսը, որ ինքը պետք է դրամարկղից էլ հեռու լինի։ Դրամարկղի մոտ մեծ հերթեր, թվում է՝ «վիտրինան» փակ է, ինչ-որ մեկը գալիս է, բարձր ասում է ինչ-որ բրենդի անուն, ամբողջ խանութը լսում է, հետո այդ «վիտրինան» բացվում է, այդ ձայնից կենտրոնանում է բոլորի ուշադրությունը։ Եվ եթե մինչև դա, ոչ մեկը չէր նկատի և կողքով կանցներ, բոլորի ուշադրությունը գնում է դեպի վիտրինան»։   

Օրենքը հումանիտար բնույթ չի կրում, դրա վրա հոգեբաններ չեն աշխատել։ Պետք է մտածել՝ մարդը որ տարիքից է սկսում ծխել և փորձել այդ շրջանակի վրա կենտրոնացնել ռեֆորմները, ասում են ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները։ Նշում են, որ ոչ ոք չի խոսում, օրինակ, բանակային տարիներից, երբ ամենաշատն են երիտասարդները ծխում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով՝ բացօթյա տարածքներում ծխելու արգելքը մտավ, որովհետև օրենքի հեղինակները չգտան «բացօթյա տարածք» եզրույթի ճիշտ ձևակերպումը․

«Կարծում եմ՝ նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե՛ նարգիլեի մասով, թե՝ սիգարի։ Սա ևս տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով։ Բայց մյուս կողմից, այսպես ասենք, իրավունքների իմաստով ազատ արտահայտվելու իրավունք կա․ նույնիսկ ի հաշիվ ինչ-որ իմաստով՝ նաև առողջության»։

«Թող փակ տարածքներում ծխելու թուլտվություն ստանալու դիմաց հանրային սննդի օբյեկտները շրջանառության ավելի մեծ հարկ վճարեն։ Օրինակ, մենք այժմ ոչ պակաս, քան 4 տոկոս շրջհարկ ենք վճարում, թող ասեն, օրինակ, 5 պետք է վճարեք, եթե ուզում եք ձեր մոտ ծխեն հաճախորդները»,- ասում է փաբի տնօրեն Մանուկ Սուքիասյանը։ Պնդում է, որ  փաբերն արդեն 20-25 տոկոս անկում ունեն շուկայում, այսպես շարունակվելու դեպքում ոլորտն ուղղակի կվերանա։ Սուքիասյանը նաև այլ առաջարկությամբ հանդես եկավ․

«Ուրեմն, ըստ ՀՀ օրենսդրության, ֆաստֆուդ, սրճարան, ռեստորան, փաբ, պոնչիկանոց, մանկական սրճարան և այլն, կոչվում են «հանրային սնունդ»։ Դա չափազանց լայն հասկացություն է։ Մեր մենյուի մեջ սնունդը կազմում է մոտավորապես 20-25 տոկոս․ ֆաստֆուդը, օրինակ, 100 տոկոսով սնունդ է։ Հիմա մենք ի՞նչ կապ ունենք իրար հետ՝ ոչ մի։ Փաբերում ընդունված է ծխել, խմել, պարել։ Ով չի ուզում այդ ծուխը վայելել, թող չգա այդ փաբը»։

Այս նույն սենյակում մենք երկու տարի առաջ բուռն քննարկումներ ենք ունեցել հակածխախոտային ռեֆորմների թեմայով, ասաց Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ Արձագանքելով Մանուկ Սուքիասյանի՝ հարկերն ավելացնելու միջոցով տնտեսվարողներին ծխելու թույլտվություն տրամադրելու մասին առաջարկին, Թունյանն ասաց․

«Այստեղ պետք է հասկանալ, որ մեր ֆունկցիան և խնդիրը լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելը չէ։ Եթե մենք դնենք այնպիսի հարկ, որ բոլորը մուծեն և բոլոր տեղերում շարունակեն ծխել, կստացվի, որ այս օրենքն ընդհանրապես իմաստ չունի։ Մի մասը Ձեր ասածին համաձայն կլինի, մի մասը մեկ այլ տարբերակ կառաջարկի։ Այսինքն՝ տուրք լինի, լիցենզիա լինի, լրացուցիչ հարկ լինի, դա հարցի տեխնիկական կողմն է ավելի շատ։ Այստեղ խնդիրը բովանդակային մասով որոշում կայացնելն է»։

Մենք այժմ լիցենզավորման տարբերակն ենք քննարկում՝ հստակ չափորոշիչներով և պարտականություններով՝ ասում է Թունյանը։ Դա կարող է այդ ընկերությունների համար որոշակի ֆինանսական բեռ ստեղծել, բայց դա կկրեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն վճարել ավելին՝ ինչ-որ օբյեկտում իրենց ծխելու իրավունքն օգտագործելու համար։ Թունյանի ասածը վերաբերում էր հանրային սննդի օբյեկտների բացօթյա տարածքներին․

«Փակ տարածքների (դասական սննդի օբյեկտների) մասով ես, որքանով հասկացել եմ, կա կոնսենսուս։ Այսինքն, որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել։ Օդափոխության ցանկացած համակարգ էլ դնեք, հարցը, կարելի է համարել, քննարկման ենթակա չէ»։

Էկոնոմիկայի նախարությունը ժամանակին մտահոգություն էր հայտնել այս ռեֆորմի հետ կապված՝ հիշեցրին հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները։ Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ասաց, թե չնայած Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունները գործադիր նույն մարմնից են, տնտեսության բլոկի պատասխանատուն պարտավոր է մինչև վերջ պաշտպանել տնտեսվարողների շահերը՝ մինչև անգամ դեմ քվեարկելով Առողջապահության նախարարության նախագծին։ Քննարկմանը ներկա Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն այսպես արձագանքեց․

«Կարծում ենք, քանի որ օրենքն արդեն ընդունված է, այս դրույթներն արդեն մտել են ուժի մեջ, այս փուլում, առնվազն, պետք է թողնել անփոփոխ, որովհետև շատ տնտեսվարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին։ Եվ արձագանքեմ մեկ բանի, որ հնչեց՝ բացասական կարծիքների մասին։ Եթե բացասական կարծիքներից ենք խոսում, մենք էլ ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ հաճախորդներից, ռեստորաններից, ակումբներից, նաև տնտեսվարողներից, թե որքան դրական կարծիքներ են իրենք ստանում»։

Քննարկմանը հնչած բողոքների ու հակադարձումների մեջ ոչ ոք չժխտեց՝ ծխելը վնասակար է առողջությանը։ Փորձեցին հարցը դիտարկել առողջապահական և տնտեսական շահավետության տեսանկյունից։

Back to top button