Վերնատուն

«Շուշի․ մտաքարտեզներ»․ Շուշիի առօրյայի «քարտեզագրումը» «Վերնատուն»

«Մշակութային և սոցիալական նարատիվներ» լաբարատորիայի և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել «Շուշի․ մտաքարտեզներ» վերնագրով հետազոտությունների գիրքը։ Երեք մասից բաղկացած գիրքը, Շուշիի քաղաքային տարածության ու առօրյայի ընկալումներն են՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Գիրքը ստեղծվել է մշակութային հետազոտողների ու մարդաբանների համահեղինակությամբ։

Մեկ տարվա հետազոտության արդյունքում հավաքագրվել են բանավոր պատմություններ ու «մտաքարտեզները», որտեղ տարբեր դիտանկյուններից տեսանելի է մարդու քաղաքային տարածությունը և տարածության մասին հիշողությունը։

«Մենք սկսեցինք շուշեցիների հետ աշխատել ոչ միայն հավաքագրելով այդ բանավոր պատմությունները հարցազրույցի տեսքով՝ այլ խնդրում էինք նկարել իրենց քաղաքը՝ իրենց ձեռքով։ Շուշեցիները նույնպես այս գրքի համահեղինակն են, և մեզ հետ հավասար ստեղծել են գիրքը», – ասում է գրքի խմբագիրը ՝ «Մշակութային և սոցիալական նարատիվների» լաբորոտորիայի հիմնադիր տնօրեն Տիգրան Ամիրյանը։ «Մեր նպատակն էր հասկանալ՝ ի՞նչ են հիշում մարդիկ պատերազմից հետո և այդ կարճ ժամանակամիջոցում ի՞նչ են սկսում մոռանալ, ինչպե՞ս են վերապրում տրավմաները», – նշում է Ամիրյանը։

«Ժամանակի ընթացքում մարդն իր առօրյայից մոռանում է շատ մանր դետալներ։ Մեզ համար կարևոր էր նույնիսկ բակում ինչ–որ մեկի կրպակի անունը հիշելը, տնից աշխատանք տանող ճանապարհի շենքերը, տները, գովազդային վահանակը, որոնք ստեղծում էին Շուշիի ոչ պաշտոնական քարտեզը», – ասում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող, սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանը։

«Մեզ համար կարևոր էր պաշտոնականի, անձնականի, վերապրվածի միջև տարածությունը։ Նուրբ և առօրյայի հետ կապված դետալները։ Այս գիրքը կարող է քաղաքի մասին նոր ընկալումներ տալ»։

Սպիտակ թղթի վրա՝ կապույտ գրիչով պատկերված առօրեական ճանապարհներն են ու շինությունները․ մտաքարտեզներն են՝ այն է, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց առօրյա տարածքը։

«Մտա»–ն՝ և՛ մտքի, և՛ մուտքի հետ կապ ունի․ այսինքն մուտք դեպի առօրյա, քաղաքային տարածք՝ մեկնաբանում են հեղինակները։ «Մինչ երկու պետությունների միջև քարտեզների պատերազմեր են ընթանում, մենք աշխատում էինք սովորական մարդկանց հիշողության քարտեզի, իրենց առօրյայի ու կյանքի քարտեզների հետ, որոնք ամենաանկեղծն ու ճիշտն են։ Առօրեական քարտեզները ցույց են տալիս իրական ու բնական ձևավորված կյանքը» , – ասում է Տիգրան Ամիրյանը։

Back to top button