Երաժշտական եռանկյունի

Ռազմիկ Դավոյանի պոեզիան երգերում․ «Երաժշտական եռանկյունի»

«Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ երգահանի և թարգմանչի գործը նույնն է։ Առաջինը որպես բանաստեղծությունը փոխանցելու միջոց օգտագործում է երաժշտական կառուցվածքները, երկրորդը՝ փոխանցում է միտքն ու ձևը մեկ այլ, լեզվական համակարգով»,- հարցնում եմ Ռազմիկ Դավոյանի կնոջը՝ թարգմանչուհի Արմինե Թամրազյանին: «Կարծում եմ՝ այո, և՛ երգը, և՛ թարգմանությունը բանաստեղծությունը հանրայնացնելու և մարդկանց հասանելի դարձնելու միջոցներ են»:

Հայ մեծ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, կարծում եմ, հայ ժամանակակից բանաստեղծներից «ամենաերգվողն» է: Տասնամյակների ընթացքում նրա տողերին անդրադարձել են կոմպոզիտորներ Կոնստանտին Պետրոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ժիրայր Շահրիմանյանը, այլոք, իսկ ես՝ Վահան Արծրունիս, գրել եմ ամբողջական շարք Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա:

Հետարքիր է, որ խոսքի պլաստիկան, բանաստեղծական դարձվածքը, ներքին ռիթմը և երաժշտականությունը թույլ են տալիս ներկայացնել Դավոյանի բանաստեղծությունը ամենատարբեր ժանրային ձևաչափերով՝ ակադեմիական վոկալ-գործիքային, երգչախմբային, էստրադային, ջազ, ռոք, քաղաքային ռոմանս և բալլադ: Սա վկայում է այն մասին, որ դասականի պատվանդանին կանգնած Դավոյանի բանաստեղծությունը նաև համահունչ է ժամանակին և արտահայտվում է 20-21-րդ դարերի երաժշտության և երգարվեստի գրեթե բոլոր ձևաչափերով:

«Ռազմիկ Դավոյանը թարգմանվել է խորհրդային հանրապետությունների գրեթե բոլոր լեզուներով և դեռևս կյանքի օրոք ներկայացվել է ո՛չ միայն դասագրքերում, այլև խորհրդային ծանրակշիռ հրատարակումներում, գրական ամսագրերում, բանաստեղծական ժողովածուներում: Բայց նրա պոեզիայի համաշխարհային հնչեղությունը կարելի է կապել անգլերեն թարգմանությունների հետ, նկատի ունեմ հատկապես բրիտանական «Երևելի պոետներ» երկու հարյուր հատորներից մեկում ընդգրվելը։ Այն ներկայացնում էր պոետի տարբեր տարիների բանաստեղծությունների թարգմանությունները, որոնց թարգմանիչն եմ»,- ասում է Արմինե Թամրազյանը:

Պետք է այստեղ անպայման հիշել այն ընդունելությունը, որն ունեցավ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունը Բրիտանիայում՝ Լոնդոնում, արձագանքը գրական շրջանակներում և ամենաբարձր գնահատականը, որը տրվեց նրա գրչին: Սրան հետևեց իր կոթողային «Ռեքվիեմ» -ի անգելերեն հրատարակման առաջարկը»:

Անշուշտ, պոեզիան հանրահռչակելու և ապրեցնելու կարևորագույն գործոնը թարգմանությունն ու հրատարակումներն են, ինչպես նաև բանաստեղծական տողի երաժշտական արտահայտությունը, որը երգի ձևով շարունակում է ապրել ոչ միայն գրականության մեջ, այլ նաև երաժշտության, հնչել բեմերից և ռադիոյով:

Արմինե Թամրազյանը համարում է, որ արվեստասեր հասարակությունը դեռ ճանապարհ ունի անցնելու Դավոյանի պոեզիայի նշանակությունը գիտակցելու և մեծ պոետին արժևորելու համար:

Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ երգեր՝ գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա:

Back to top button