ԿարևորՀասարակություն

Կոռուպցիան բուհում միայն գումար վերցնելը չէ․ փորձագետ

2018 թվականի հուլիսին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 4-րդ փուլի մոնիթորինգի զեկույցում Հայաստանին ներկայացվել էին հակակոռուպցիոն միջոցառումների առաջարկություններ։ Դրանցից 16-ը վերաբերում էին նաև բարձրագույն կրթության ոլորտին։ Ինչպե՞ս են իրականացվել այդ առաջարկությունները, ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կան բարձրագույն կրթության ոլորտում։

«Առաջին հայացքից Հայաստանի բոլոր բուհերում ամեն ինչ կարգին է։  Երբ զրուցում ես ռեկտորների հետ, կոռուպցիա չկա և չի էլ կարող լինել»,-ասում է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Արփի Պողոսյանը։ Նրա խոսքով՝ կոռուպցիան պարտադիր որևէ մեկի ձեռքից գումար վերցնելը չէ։ Կան ավելի պարզ ու առօրյա դրսևորումներ, որոնք նույնպես տեղավորվում են «կրթական ոլորտի կոռուպցիա» հասկացության մեջ։ Արփի Պողոսյան․

«Կան դեպքեր, երբ դասախոսներն իրենց գրքերն են՝ իբրև դասագիրք առաջարկում ուսանողներին։ Այստեղ, իրականում, տեղի է ունենում վաճառքը։ Այս դեպքում պրոռեկտորը նշում է, որ, այո՛, գուցե և իրենց համալսարանում սա դիտարկվի որպես կոռուպցիայի որոշակի տոկոս»։

2018-ից մինչ օրս Հայաստանում չկա կրթության և գիտության ռազմավարություն, արձանագրում է Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը։ Փորձագետն տարիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ բարձրագույն կրթության ոլորտում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը բավական քիչ են, իսկ դա խոչընդոտում է բուհերում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Մեջլումյանը հետաքրքիր փաստեր է վերհիշում 2018-ի միջոցառումների շարքից․

«Բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող 9 միջոցառում կար։ 9-ից 6-ի համար նշված էր, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում։ Այսինքն, ենթադրվում է, որ այդ միջոցառումները պետք է իրականացվեն առանց որևէ գումարի։ 3 միջոցառման համար նշված էին միջոցներ, բայց երկուսը պետք է հատկացվեին բուհերի բյուջեներից, իսկ մեկը՝ ոչ պետական բյուջեի միջոցներից։ Այսնինքն, ըստ էության, բարձրագույն կրթության ամբողջ ոլորտի համար պետական բյուջեից որևէ գումար չէր նախատեսվել»։

Սա, Մեջլումյանի գնահատմամբ, լուրջ խնդիր է, որովհետև եթե բարձրագույն կրթությանն առնչվող միջոցառումների պլան լինի, այն չի կարող պատշաճ իրագործվել ֆինանսավորման սղության պատճառով։ Արփի Պողոսյանն էլ կարծում է, որ սուղ ֆինանսական միջոցների խնդիրն ազդում է ոչ միայն բուհերում ծրագրերի իրականացման, այլ նաև դասախոսական կազմի հետ երկարաժամկետ պայմանագրերի կնքման վրա։ Բուհը ստպված է լինում անընդհատ փոփոխել դասախոսական կազմը կամ պարզապես վարձավճարի համար ցածր առաջադիմությամբ ուսանողին կուրսից կուրս փոխադրել։ Խնդիրը՝ հաղթահարել ֆինանսական դժվարությունները, գուցե լուծվում է, բայց այս ամենը բացասաբար է անդրադառնում բուհի վարկանիշի վրա։ Այս համատեքստում դասախոսների և ուսանողների մեծ մասին կա՛մ չեն հետաքրքրում բուհերում առկա էթիկայի կանոնները, կա՛մ նրանք ուղղակի չունեն դրանց կարիքը՝ չնայած գրեթե բոլոր բուհերում նման կանոնագրքեր կան, ասում է Ավետիք Մեջլումյանը․

«Ուղղակի խնդիրն այն է, որ հիմնականում դրանք այդպես էլ չեն դարձել բուհի առօրյայի ներդաշնակ մաս։ Չեն կիրառվում, շատերը տեղյակ չեն։ Մենք առցանց հարցում էինք արել դասախոսների շրջանում, և մեծամասնությունը՝ 50 տոկոսից ավելին, հարցին՝ «տեղյա՞կ եք՝ ունի՞ ձեր բուհը էթիկայի կանոնագիրք», պատասխանել են, որ կա՛մ չգիտեն, կա՛մ դժվարանում են ասել։ Այսինքն, յուրաքանչյուր երկրորդ դասախոսն այդպիսի պատասխան է տվել»։

Բուհերի ներքին միջավայրը հիմա ավելի ապաքաղաքական է, քան առաջ։ Այս առումով Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների մասնակիցները բուհերում դրական դինամիկա են արձանագրում․

«Օրինակ՝ ուսանողական խորհուրդները։ Ասում էին, որ եթե նախկինում՝ 3,4,5 տարի առաջ ուսանողական խորհուրդներն ավելի քաղաքականացված էին, հաճախ հստակ կապվածություն կար մի կուսակցության հետ և այլն, հիմա, այդ առումով, իրենք շատ ավելի չեզոք են։ Դա նաև բերել է ուրիշ անկանխատեսելի հետևանքների, երբ ուսանողները, կարծես, պակաս մոտիվացված են։ Ուսանողներն կան, որ այլևս չեն գնում ուսանողական խորհուրդ, որովհետև դա քաղաքական կարիերայի մաս չէ այլևս»։

Մասնագետներն ասում են, որ դասախոսի՝ թեկուզ և հարգելի պատճառով դասին չներկայանալն ու հետո չլրացնելը, բուհում կոռուպցիայի ամենամեծ դրսևորման ձևերից է։ Բուհը և ուսանողը «ստվերային պայմանավորվածության» են գալիս՝ ուսանողը չի պահանջում այդ դասաժամերը լրացնել, որովհետև իրեն պետք է միայն դիպլոմը, բուհն էլ պահում է այդ ուսանողին՝ որպես ֆինանսավորման աղբյուր։ Նույնը նաև գրագողության դեմ պայքարն է։ Դա հեշտ է։ Ներդնելով տեխնիկական մի քանի միջոցներ՝ ցանկացած բուհում կարող ես այդ հարցը մեկ տարում լուծել։ Բայց այլ հարց է, որ բուհերը շահագրգռված չեն սա անել, որովհետև, եթե ամբողջ ծավալով գրագողության դեմ պայքար ծավալեն, պետք է ուսանողների մեծ մասին հեռացնեն բուհերից։ Սա ևս բխում է բուհ-ուսանող «ստվերային համաձայնության» տրամաբանությունից՝ ասում են մասնագետները։

Back to top button