Մոռացված ֆիլմերի ստվերները

Չստացված երկու սիրավեպ՝ մեկ ֆիլմում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1987 թ․-ի աշնանը, Լենինգրադի Պուլկովո միջազգային օդանավակայանում նկարահանվում էր Բագրատ Հովհաննիսյանի «Ադամամութ» երկսերիանոց կինոնկարը։ Խոնավ Լենինգրադում տարվա այդ եղանակին անսովոր արևոտ օր էր։ Նկարահանումներ իրականացնելը հարցականի տակ էր։ Տեսարանը նկարահանվեց ջրցան մեքենաների օգնությամբ, ինչի պատճառով օդանավակայանի նկուղի աշխատակիցներին շտապ տարհանեցին։   

Պոլիտեխնիկի ճարտարապետական ֆակուլտետն ավարտած Կարեն Դոլուխանյանն անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին որոշեց իր ուժերը փորձել կինոյում։ Իր որոշման մասին նա պատմեց կինոգետ Միքայել Ստամբոլցյանին, որի հետ ամեն շաբաթ հանդիպում էին սիրողական թենիսի մարզումների ժամանակ։ Վերջինիս խորհրդով նա ընդգրկվեց կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Ադամամութ» կամ «Եվ կրկնվելու է ամեն ինչ» ֆիլմի ստեղծագործական խմբում։

Կարեն Դոլուխանյան

«Ի դեպ, Բագրատ Հովհաննիսյանն ինձ միանգամից չընդգրկեց ստեղծագործական խմբում։ Ռեժիսորի օգնականի հաստիքը զբաղված էր և ես սպասողական վիճակում էի։ Ինչ-որ ժամանակ անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ կարող եմ միանալ ստեղծագործական խմբին։ Եվ այդպես ես հայտնվեցի նկարահանման հրապարակում»,-ասում է Կարեն Դոլուխանյանը։

Այս կինոնկարի նկարահանումները ճակատագրական եղան նաև Բագրատ Հովհաննիսյանի դստեր՝ Նունե Հովհաննիսյանի համար։ Թեև նա դպրոցն ավարտելուց հետո ընտրեց բանասերի մասնագիտությունը, բայց փոքր տարիքից տարվեց կինոյով։ Դստեր նախասիրությունը չխրախուսող Բագրատ Հովհաննիսյանը, մի օր նրան առաջարկում է իր հետ մեկնել Դիլիջան, որտեղ պետք է նկարահանվեր «Եվ կրկնվելու է ամեն ինչ» ֆիլմի տեսարաններից մեկը։ Այդ աշխատանքային ճամփորդությունը շատ բան փոխեց Նունե Հովհաննիսյանի կյանքում։

«Մենք մեկնեցինք Դիլիջան, և նկարահանումների ամբողջ ընթացքում ես հետևում էի նկարահանման հրապարակում ընթացող աշխատանքներին։ Ռեժիսորի ասիստենտը մի ջահել աղջիկ էր, որը պատրաստվում էր մայրանալ։ Եվ, երբ նա մեկնեց ֆիզարձակուրդ, Կարեն Դոլուխանյանին, որն այդ ժամանակ ռեժիսորի օգնականն էր, հայրս նշանակեց ռեժիսորի ասիստենտ։ Ֆիլմի տնօրեն Կլարա Գալոյանն էլ համոզեց հորս, որ ռեժիսորի օգնականի պարտականությունները ես կատարեմ։ Հայրս դեմ էր, իհարկե, բայց մի որոշ ժամանակ անց  նա համաձայնեց»,-այսպես է վերհիշում իր մուտքը կինոաշախարհ Նունե Հովհաննսիյանը։

Նունե Հովհաննիսյան

1960-ականներից գրական աշխարհում ստեղծագործող արձակագիր Վահագն Գրիգորյանի «Տեղատվություն» վեպը, որում շոշափվում են անհատի և հասարակության փոխհարաբերության խնդիրները, ընթերցողների շրջանում մեծ արձագանք ստացավ։ Վեպը չվրիպեց նաև գրականության սիրահար և գիտակ Բագրատ Հովհաննիսյանի ուշադրությունից։ Ընթերցելուց հետո նա Վահագն Գրիգորյանին առաջարկեց այն վերածել կինոսցենարի։

Վահագն Գրիգորյան

«Տեղատվություն» վեպի հիման վրա գրված կինոսցենարը չընդունվեց, բայց դա ամենևին էլ չհուսահատեցրեց Խորհրդային գրաքննության, այսպես ասած, քաղցրությունը ճաշակած Բագրատ Հովհաննիսյանին։ Վահագն Գրիգորյանի գրականությունը բարձր գնահատող կինոռեժիսորն որոշում է էկրանավորել գրողի մեկ այլ՝ մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունը ներկայացնող «Ադամամութ» վեպը. «Սկզբում որոշված էր, որ երկու գրական գործերը՝ «Տեղատվությունն» ու «Ադամամութը» վերածվեր մի ամբողջական կինոսցենարի, բայց քննարկումներից հետո հայրս և Վահագն Գրիգորյանը կանգ առան «Ադամամութ» վեպի վրա»։

«Եվ կրկնվելու է ամեն ինչ» ֆիլմում որպես բեմադրող օպերատոր հանդես եկավ Վրեժ Պետրոսյանը։ Բազմաթիվ ռեժիսորների հետ համագործակցած հմուտ օպերատորն իր լավագույն աշխատանքը կինոյում համարում էր հենց այս ֆիլմը։ Նունե Հովհաննիսյանը նշում է, որ կինոնկարի նկարահանման տարիներին դեռևս չկային այն տեխնիկական հնարավորությունները, որոնց շնորհիվ այսօր մի քանի անգամ  հեշտացել է կինոօպերատորների աշխատանքը։ Բայց, չնայած այդ դժվարություններին, Վրեժ Պետրոսյանն իր ծանր ու սիրելի կինոխցիկով կարողացավ բարձր որակով նկարահանել ֆիլմը։

Վրեժ Պետրոսյան

«Բարդ նկահանումներ էին, որովհետև անընդհատ փոխվող համայնապատկեր էր, երկարատև տեսարաններ։ Օպերատորական առումով այդ ամենը նկարահանելը դժվար էր։ Հիմա, երբ կա ստադիկամ, իսկ դա մի սարք է, որ ամրացվում է օպերատորին և, երբ նա արագ քայլում կամ վազում է հերոսի հետևից, տեսախցիկը հետևում է հերոսին և չի շարժվում։ Այդ սարքի օգնությամբ այսօր նկարահանման ընթացքը շատ է հեշտացել, իսկ այն ժամանակ մեր նկարահանող խումբը չուներ ստադիկամ, իսկ Վրեժ Պետրոսյանը ծանր տեսախցիկը ուսին դրած նկարահանում էր բավականին բարդ տեսարաններ»,- նշում է Նունե Հովհաննսիայնը։

Բագրատ Հովհաննիսյանի երկսերիանոց ֆիլմը էկրան բարձրացավ միայն Խորհրդային միության փլուզմանը հաջորդած տարիներին։ Անհանգիստ այդ ժամանակներն էին գուցե պատճառը, որ կինոնկարն այդպես էլ պատշաճ չներկայացվեց հանդիսատեսին։ Թեման համարձակ էր և հավանաբար, նաև  տարիներ էին պետք, որ հանդիսատեսն առանց կաշկանդվածության կարողանա դիտել, ճիշտ ընկալել և ճիշտ գնահատական տալ ֆիլմում ներկայացվող հոգեբանական դրամային։ Այժմ, կարծես թե, ճիշտ ժամանակն է վերստին անդրադառնալու այդ կինոնկարին։

Ցուցադրել ավելի
Back to top button