ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի հայերի միությունում սպասում են Բուչայի զոհերի ցուցակներին՝ պարզելու հայեր կա՞ն, թե՞ ոչ

Պատերազմի 43-րդ օրը  Կիևում կյանքը կամաց-կամաց վերականգնվում է՝ «Ռադիոլուր»-ին ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Չնայած Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքից հեռացածնեին կոչ է արել դեռ չվերադառնալ, հայ համայնքի ներկայցուցիչն ասում է՝ մարդկանց հոսքը մեծ է։

«Կիևի կյանքը, իհարկե դանդաղ, բայց վերականգնվում է։ Արդեն ավտոլցակայաններում մի քանի տեսակ վառելիք կա, խանութների մեծ մասը բացվել է։ Հնարավոր է գտնել նաև բաց սրճարաններ և վարսավիրանոցներ։ Արդեն մի քանի օր է՝ տրանսպորտն է գործում, մետրոպոլիտենի մի քանի կայարան է աշխատում։ Նույնիսկ դեպի քաղաք եկող ճանապարհներին մի փոքր խցանումներ կան»,-ասում է Դավիթ Մկրտչյանը։

Իրավիճակը համեմատաբար հանգիստ է նաև Չերնիգով և Սումի քաղաքներում, և ավելի լարված՝ Ուկրաինայի արևելքում և հարավում՝ ասում է Դավիթ Մկրտչյանը։

Պատերազմի 43-րդ օրը սկսվել է Խարկովի հրթիռակոծմամբ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Մինչ այդ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին խնդրել է արագ տարհանվել և հստակեցրել է, որ կոչը վերաբերում է բացառապես Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է՝ իրենք ևս կապի մեջ են այս շրջանների հայերի հետ։

«Մենք արձագանքել և խնդրել ենք, որ եթե զգում եք շատ վտանգավոր է, անպայման դուրս եկեք ավելի ապահով գոտիներ, ինչից հետո մենք ևս կապ կհաստատենք ու կփորձենք օգնենք դուրս եկած հայերին»,-պատմում է հայերի միության փոխնախագահը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ հատկապես Մարիուպոլ քաղաքում։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Մարիուպոլում ստեղծված հումանիտար աղետին, ասել է․ «Մարիուպոլը Եվրոպայի Հալեպն է։ Մենք հոգ կտանենք Մարիուպոլի համար»։

Մարիուպոլից խաղաղ բնակչությանը տարհանելու համար հումանիտար միջանցք պիտի գործեր ապրիլի 5-ին։ Ուկրաինական կողմն էլ հայտարարել էր, որ ռուսական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս հումանիտար օգնություն փոխանցել Մարիուպոլում մնացած ավելի քան 160000 մարդկանց, որոնք չունեն էլեկտրականություն, հաղորդակցություն, բժշկական պարագաներ, ջեռուցում և ջուր։ Ռուսական կողմն էլ Ուկրաինային մեղադրել էր լռության ռեժիմը խախտելու մեջ։

Ապրիլի 5-ին հայտարարված հումանիտար միջանցքից, ըստ Դավիթ Մկրտչյանի, հիմնականում օգտվել են Մարիուպոլի այն բնակիչները, որոնք սեփական միջոցներով կարողացել են Մարիուպոլից տեղափոխվել Բերդյանսկ, իսկ հետո դուրս են եկել Զապորոժե։

«Բացի Մարիուպոլից և Բերդյանսկից, այլ միջանցքներ չեն հայտարարվել և չեն գործել։ Այժմ հիմնականում տարհանվում են Կիևի մարզի Իրպեն, Բուչա, Գոստոմել քաղաքների բնակիչները։ Այնտեղ իրավիճակի կարգավորումից, ենթակառուցվածքների վերականգնումից հետո միայն նրանք կկարողանան վերադառնալ, եթե, իհարկե, իրենց տներն ավերված չեն»,-մանրամասնում է Դավիթ Մկրտչյանը։

Ուկրաինայի հայ համայնքում սպասում են Բուչայում սպանվածների նույնականացմանը, որպեսզի պարզեն ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ՝ «Ռադիոլուր»-ին ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Մինչև պատերազմը Կիևին սահմանակից Բուչա, Իրպեն քաղաքներում հայեր ապրել են։

«Դեռ ցուցակներ չկան, որ պարզենք, թե զոհվածների մեջ հայեր կան, թե ոչ։ Սակայն վստահ կարող եմ ասել, որ մինչ պատերազմը այնտեղ հայեր ապրել են։ Ես անձամբ շատերին եմ ճանաչել։ Հիմա սպասում ենք, որ նույնականացնեն դիերը, և մենք էլ ցուցակներ կունենանք արդեն»,-հայտնում են Ուկրաինայի հայերի միությունից։

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը BBC-ին հայտարարել է, որ քաղաքում սպանվել է շուրջ 320 խաղաղ բնակիչ։ Ուկրաինական մեղադրանքներին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ կան բավարար ապացույցներ, որ Բուչայի դեպքերը Ռուսաստանի հետ կապ չունեն, և մեղադրանքների թեման պետք է փակվի։ Նա  շեշտել է, որ այս ամենը պարզապես ռուս-ուկրաինական բանակցությունները տապալելու փորձ է։

Back to top button