ԿարևորՔաղաքական

Հետնահա՞նջ, թե՞ նշմարվող լուծում․ Բրյուսելի փաստաթղթի տողատակերը

Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումն ու դրա արդյունքները միանշանակ չեն ընդունվել Հայաստանում։ Որոշ գնահատականներով՝ արձանագրվել է հետնահանջ հիմնարար սկզբունքներից։ Մյուս կողմից գործընթացին աջակցելու հայտարարություններ են արդեն հնչել միջազգային տարբեր հարթակներից։ Ինչ են ենթադրում Բրյուսելի հայտարարությունն ու պայմանավորվածությունները՝ վարչապետ Փաշինյանը գործուղումից վերադառնալուն պես մանրամասնել է կառավարության նիստում։  

5 ժամ, 2 ուղղությամբ համաձայնություն և 1 հստակ ժամկետ․ պաշտոնական Երևանում դեռ փորձում են վերլուծել ու հասկանալ բրյուսելյան բանակցությունների արդյունքները,իսկ պաշտոնական Բաքուն արդեն գնահատել է սա որպես ևս մեկ կարևոր քայլ՝ բխող  Ադրբեջանի շահերից։ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման նախաձեռնողը՝ Եվրոպական խորհրդի նախագահը, հանդիպումից հետո ասաց՝ այդ երեկո զգալի առաջընթաց արձանագրեցին:

Բրյուսելից բերված որոշումներից առաջինով մինչև ապրիլի վերջ ստեղծելու է երկու մանդատով օժտված երկկողմ հանձնաժողով սահմանագծման և սահմանազատման հարցերով, նաև ապահովելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։ Ուշագրավ է, որ այս հարցով քննարկումները մեկ տարի ընթանում էին նաև ՌԴ միջնորդությամբ։ Որոշումը կոմպրոմիսային է՝ պարզաբանում է Հայաստանի վարչապետը։  

«Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են և այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար՝ դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, ԵՄ-ն նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պետք է առաջ շարժվենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե-յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է»։

Երկրորդ համաձայնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները։ Որոշումը դրական քայլ է որակել նաև պաշտոնական Մոսկվան՝ փոխանցել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն՝ պարզաբանում է Փաշինյանը․

«Տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա։ Ինչպես նախկինում՝ մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։

Հայաստանի վերլուծական դաշտն առայժմ զգուշավոր է․ ժամանակ է պետք դիվանագիտական ձևակերպումների քաղաքական լուծումները հասկանալու համար։ Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մոտեցումն ավելի հստակ է՝ հանդիպման արդյունքներն ընկալում են որպես հերթական ձախողում ու հետքայլ հիմնարար սկզբունքներից։ Նկատում են, թե հակառակ Փաշինյանի պարզաբանումների՝ ոչ ԼՂ-ի, ոչ այնտեղի բնակչության, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին ձևակերպումները չկան բրյուսելյան հանդիպման հայտարարությունում։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացմամբ՝ իրենց կանխատեսած ամենաբացասական սցենարները Բրյուսելում տեղի չունեցան, հնարավոր է՝ Հայաստանում և Արցախում ծավալված քաղաքական իրադարձությունների պատճառով, բայց, ամեն դեպքում, պատգամավորը Բրյուսելի արդյունքը մտահոգիչ է համարում․  

«Հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Առաջին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ՀՀ այս իշխանությունները խոսում են հումանիտար աղետի մասին Արցախում և դրանցից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում այդ հայտարարության մեջ։ Ինչպե՞ս չի խոսվում, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում։ Այսինքն՝ գնում ես դեմարկացիա, դելիմիտացիա անես մի երկրի հետ, որը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ մինչև գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է անում Արցախում։ Սա ես չեմ հասկանում։ Մի քանի օր առաջ մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։ Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չէ։ Այստեղ էլ՝ ՀՀ ներսում էլ ինչ-որ անհասկանալի վախերի կամ վախեցնելու քաղաքականությունը վարելը անհասկանալի է։ Չկա այդպիսի բան»։

Արցախի Փառուխ համայնքի դեպքերի քննարկում Բրյուսելում տեղի ունեցել է, բայց միասնական մոտեցում այդ հարցում չձևավորվեց՝ իր հերթին պարզաբանում է Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում շարունակել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու մասին քննարկումները։ Ինքն, ասում է, կոնկրետ հարցը կոնկրետ իրավասու կողմի հետ քննարկելու կողմնակից է։

Ի՞նչ կարելի է հասկանալ բրյուսելյան հայտարարությունից՝ այս հարցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը խորհուրդ է տալիս չսևեռվել տեքստերի վրա․

«Գիտեք, միշտ չէ, որ դիվանագիտության մեջ դուք պատասխանները պետք է փորձեք տեքստերում գտնել, փորձեք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Բանակցությունները մեկ կարևոր գրավական ունեն հաջողության հասնելու՝ ճկունությունն է և այնպիսի իրավիճակի չստեղծումը, որը կարող է խոչընդոտել գործընթացները։ Ներկայացվել են առաջարկներ, կոնտրառաջարկներ Հայաստանի կողմից, ՄԽ-ն տեղեկացված է այդ հարցերի և առաջարկների վերաբերյալ, գործընթացը շարունակվելու է։ Հիմա ամենավտանգավոր բանը ինչ-որ մի տեղ, ինչ-որ հանգամանք բարձրաձայնելու պատրվակով ինչ-որ գործընթացներ դանդաղեցնելն է։ Բանակցություններն ավարտվել են, տևել են բավական երկար, Շարլ Միշելն ընդգծել է, որ որոշակի առումով «չափավոր օպտիմիզմ» կա բանակցությունների վերաբերյալ։ Տեսնենք»։

Մինչ նախորդ հանդիպումներից տպավորություն կար, որ ապաշրջափակման հարցերում արդեն որոշակի հստակություն կա, այս անգամ կողմերը տարընթերցումներ են ունեցել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում։ Վարչապետը, սակայն, չի հստակեցնում՝ կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ համաձայնության չեն եկել։

Փոխարենը՝ հումանիտար հարցերի առնչությամբ հստակ ձևակերպումներ են տրվել՝  ասում է։  

«ԵՄ խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»։

Շարունակել աշխատել անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ՝ պայմանավորվածություններից ևս մեկն է։ Արցախյան երկու պատերազմներից հետո Հայաստանի քաղաքացիներից 985-ի գտնվելու վայրն է  անհայտ, որոնցից 208-ը՝ 44-օրյա պատերազմից։ Ադրբեջանը խոսում է շուրջ 4 հազար անհետ կորածի մասին։

Ինքը՝ Փաշինյանն էլ դեռ վաղ է համարում գնահատել Բրյուսելի արդյունքները։ Դրանք կերևան հետագայում՝ ըստ արդյունքների։ Բայց պաշտոնական Երևանն ամեն դեպքում վճռական է խաղաղության օրակարգը հետևողականորեն դարձնել իրականություն։

Back to top button